1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ովքեր են պատրիարքի հավանական թեկնածուները. Գոչունյանը պատմական է որակում Պոլսի պատրիարքության որոշումը

Ովքեր են պատրիարքի հավանական թեկնածուները. Գոչունյանը պատմական է որակում 
Պոլսի պատրիարքության որոշումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական աթոռի եկեղեցական ընդհանուր համաժողովի ժամանակ պատրիարքական աթոռի «թափուր» հայտարարումը և նոր պատրիարք ընտրելու գործընթաց սկսելը պատմական որոշում էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:

«Պատրիարքարանի մեր աղբյուրներից տեղեկացել ենք, որ որոշումն ընդունվել է պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և կրոնական ժողովի ատենապետ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանի համախոհությամբ: Երկու բարձրաստիճան հոգևորականները որոշել են սայլն առաջ մղել: Նրանց միջև գործակցությունը, մոտեցումների ներդաշնակությունը հիմք է դարձել, որ որոշումն ընդունվի: Այսօր այս իրադարձությամբ պաշտոնապես Թուրքիայի հայության առջև ուրվագծվում է նոր պատրիարք ընտրելու հեռանկարը»,- նշեց Գոչունյանը:

Նա հիշեցրեց, որ Պոլսո պատրիարքական աթոռն արդեն ութ տարի է` գործնականում թափուր էր: Ինչպես թուրքահայությունը, այնպես էլ պատրիարքարանը երկար ժամանակ սպասողական վիճակում էր: Հոկտեմբերի 26-ին գումարված եկեղեցական համաժողովի ժամանակ հաշվի է առնվել այն, որ եկեղեցական կանոնների համաձայն` պատրիարքի յոթ տարվա բացակայությունը բավարար է ուխտի լուծարման համար: Հետևաբար, Պատրիարքի ութ տարվա բացակայությունը հաստատում է «Պատրիարքական ուխտի» լուծարումը: Իսկ 2015 թվականի դատաբժշկական հանձնախմբի տեղեկագրով վավերացված Պատրիարքի ոչ գործուն լինելու հանգամանքը հաստատել է, որ Պատրիարքական աթոռը մնացել է «թափուր»:

«Այս փաստերի հիման վրա որոշում է կայացվել գնալ պատրիարքական ընտրությունների: Պետք է ընտրվի նոր` «Ազգընտիր պատրիարք», ով կլինի Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքը: Մոտ ապագայում եկեղեցական համագումարի զեկույցը պետք է կցվի պաշտոնական նամակին, որը կուղարկվի թուրքական պատկան մարմիններին: Անհրաժեշտ է ստանալ Թուրքիայի ներքին գործերի նախարարության հավանությունը, որպեսզի պատրիարքական ընտրություններ անցկացվեն»,- ընդգծեց Գոչունյանը:

Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 27-ի առավոտյան Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մեկնել է Նյու Յորք, որպեսզի մասնակցի Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ այնտեղ գումարվելիք գերագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Նոյեմբերի 6-ին Աթեշյանը պետք է վերադառնա Ստամբուլ, ինչից հետո անհրաժեշտ դիմում կկատարվի պետական իշխանություններին, որպեսզի ընտրության գործընթացը նոր մեկնարկ ստանա:

Խոսելով Պոլսո պատրիարքի հնարավոր թեկնածուների մասին` Գոչունյանը փաստեց, որ Պատրիարքական աթոռի միաբան բոլոր եպիսկոպոսները տեսականորեն թեկնածուներ են համարվում: «Թե ով գործնականում կդառնա թեկնածու, հայտնի կդառնա աստիճանաբար: Մինչ օրս եղած փորձը խնդրահարույց էր, քանի որ շատերն առաջադրեցին թեկնածություն, իսկ ընտրության թույլտվություն չեղավ, ընտրության պահը չհասունացավ և այլն: Մի քիչ վաղ է խոսել թեկնածուների մասին, սակայն շրջանառվող անունների շարքում են Աթեշյանն ու Մաշալյանը, Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Արքեպիսկոպոս Բեքչյանը, ով Թուրքիայի քաղաքացի է: Քննարկվող անունների շարքում են Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, թեպետ նրանք նախապես հայտարարել էին, որ մտադիր չեն պատրիարք դառնալու»,- հայտնեց Գոչունյանը` հիշեցնելով, որ այդ ամենի համար նախ և առաջ անհրաժեշտ է ստանալ պետական թույլտվություն:

Նա տեղեկացրեց նաև, որ առաջիկայում Սուրբ պատարագների ժամանակ Ստամբուլի եկեղեցիներում պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը պետք է հիշատակվի որպես «Հանգստյան կոչված պատրիարք»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]