Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Վերադարձ Հայաստան»-ին դիմողների մեծ մասը 20-30 տարեկան, որակյալ կրթություն ստացած սփյուռքահայեր են

«Վերադարձ Հայաստան»-ին դիմողների մեծ մասը 20-30 տարեկան, որակյալ կրթություն 
ստացած սփյուռքահայեր են

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերադարձ Հայաստան» հիմնադրամին տարեկան դիմում է 500 անձ: Նրանք հիմնականում Սիրիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Լիբանանի, Ռուսաստանի, Իրանի հայեր են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը նշեց, որ իրենց դիմողների մեծ մասը 20-30 տարեկան, որակյալ կրթություն ստացած երիտասարդներ են:

«Մեզ դիմում են ամենատարբեր հարցերով` անձնական իրերի տեղափոխում, այստեղ որևէ գործի հիմնում, աշխատանք գտնել, երեխաներին կրթության տալ և այլն: Մենք ունենք հայրենադարձների ցանց, բաղկացած 3 հազար 800 հոգուց: Եվ ահա Հայաստան տեղափոխվել ցանկացողներին կապում ենք արդեն Հայաստանում գտնվողների հետ, փորձում ենք այնպես անել, որ միմյանց օգտակար լինեն: Հայաստան տեղափոխվածներին աջակցում ենք նաև աշխատանք գտնելու հարցում: Որակյալ կադրերի հարցով մեզ պարբերաբար դիմում են հայաստանյան տարբեր ընկերությունները, մենք էլ ուղղորդում ենք աշխատանք փնտրողներին»,-ասաց Վարդան Մարաշլյանը:

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամը պարբերաբար հայրենադարձների խմբով այցելություններ է կազմակերպում տարբեր երկրներ, անցկացնում ֆորումներ հայկական համայնքներում: Վարդան Մարաշլյանի խոսքով, դա հնարավորություն է տալիս հայրենադարձության մասին մտածողներին անձամբ հարցեր ուղղել նրանց, ովքեր արդեն տեղափոխվել են:

«Մեզ մոտ հայրենադարձությանը նպաստող միջավայրի ձևավորման խնդիր ունենք:  Պետությունը չունի հայրենադարձության ակտիվ քաղաքականություն: Սփյուռքի նախարարությունը համապատասխան օրենքի նախագիծ էր մշակել, սակայն այդպես էլ չքննարկվեց Ազգային ժողովում: Այսօր սփյուռքյան կազմակերպությունների համար էլ հայրենադարձությունն օրակարգային հարց չէ»,-ասաց Վարդան Մարաշլյանը:

Նրա խոսքով, նաև հայրենիքի վերաբերյալ պատկերացումների փոփոխության անհրաժեշտություն կա: Այն ընտանիքները, որոնք Հայաստանից գնացել են դժվարին տարիներին, հիմա շատ դժվարությամբ են պատկերացնում, որ իրենց երեխաները տեղափոխվեն հայրենիք: Այնինչ` Հայաստանում այդ տարիներից հետո շատ բան է փոխվել:

«Հայաստանը որպես հայության կենտրոն լինելու գիտակցությունը դեռ բարձր մակարդակի վրա չէ: Հայաստանում ևս խնդիր կա: Այստեղ շատ է նեգատիվ մոտեցումը: Առաջինը ինչ ասում ես որևէ գործի հետ կապված, միանգամից չորս կողմից ասում են` չի լինի, իրագործվելու տարբերակ չկա: Տաքսու վարորդների մասին էլ չխոսեմ: Շատերը Հայաստանից դուրս չեն ապրել չեն պատկերացնում այնտեղ իրավիճակը, իրենց թվում է, թե ամեն ինչի վրա մեղր է քսած, բայց երևի թե պետք է գնան, դժվարությունները տեսնեն, նոր հասկական»,-հավելեց Վարդան Մարաշլյանն` ընդգծելով, որ Հայաստանին պետք են հնարավորություն ստեղծողներ, նոր գաղափարներով անձինք, ովքեր Հայաստանը կկապեն մեծ աշխարհի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]