Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կարտոֆիլի տեսակավորումը եւ փաթեթավորումը կնպաստեն ապրանքի ապառմանը

Կարտոֆիլի տեսակավորումը եւ փաթեթավորումը կնպաստեն ապրանքի ապառմանը

ԳԱՎԱՌ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրերի գրասենյակի կողմից շարունակվում են կարտոֆիլի բերքի իրացմանն ուղղված միջոցառումները, որոնք նպատակ ունեն՝ աջակցել տեղի կարտոֆիլ արտադրող խոշոր ու մանր տնտեսություններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության տնտեսական զարգացման ծրագրերի համակարգող Աստղիկ Հովեյանը, իրենց կազմակերպության կողմից իրականացվող տեղական արժեշղթաների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում Գավառի տարածաշրջանի երկու համայնքներում՝ Սարուխանում եւ Գանձակում, արդեն ստեղծվել են կարտոֆիլ արտադրողների խմբեր: Մշտական վերապատրաստումների արդյունքում այս խմբերը հասել են թիրախ շուկայի պահանջներին համապատասխան ապրանքային տեսքով կարտոֆիլի ստացմանը: Բերքի սպառման շուկան ընդլայնելու եւ մեծ ծավալներով սպառողների հետ հանդիպման միջոց էր նաեւ վերջերս Գեղարքունիքի մարզի ռեստորանային համալիրներից մեկում կազմակերպված կարտոֆիլի համտեսի փառատոնը:

«Գավառում աճեցվող կարտոֆիլի համային որակների գովքի իսկությունը պոտենցիալ գնորդները հնարավորություն ունեցան ստուգելու հենց տեղում: Կարտոֆիլից պատրաստված շուրջ 50 տեսակ ուտեստ էր ներկայացվել համտեսի փառատոնին: Կերակուրների բազմազանությունը հետաքրքրեց եւ զարմացրեց նույնիսկ փորձառու խոհարարներին, ովքեր ներկայացնում էին հանրային սննդի տարբեր հաստատություններ: Նրանք իրենց համար բացահայտեցին նաեւ յուրօրինակ բաղադրատոմսեր: Միջոցառման արդյունավետությունը բարձրացնելու եւ թիրախ շուկաներին ներկայանալու նպատակով փաթեթավորել էին կարտոֆիլի՝ 3, 5 եւ 10-կիլոգրամանոց ցանցե պարկեր, որոնք պոտենցիալ սպառողները կարող էին իրենց հետ վերցնել՝ համտեսելու: Կարտոֆիլից պատրաստված ուտեստների համտեսի փառատոնը, որպես նոր շուկաներ նվաճելուն միտված միջոցառում, ժամանակին եւ տեղին համարեցին նաեւ կարտոֆիլագործները»,-նշեց Աստղիկ Հովեյանը: Իսկ կարտոֆիլի բերքահավաքը խորհրդանշող ավանդական փռի փառատոնի արարողություն նախատեսված է անցկացնել այս ամսվա վերջին՝ Գանձակի  եւ Սարուխանի կարտոֆիլագործների խմբի նախաձեռնությամբ:

«Մենք առայժմ փորձում ենք կարտոֆիլի տեսակավորումը, փաթեթավորումն ու պիտակավորումն իրականացնել առանձին դրամաշնորհների կամ ներդրողների միջոցներով, հասնել նրան, որ այն դառնա մշակույթ կարտոֆիլ արտադրողների մոտ, որպեսզի նրանք ապրանքի որակի բարձրացման եւ մյուս միջոցներով կարողանան ձեռք բերել իրենց ապրանքի սպառման հուսալի կետեր, ընդլայնեն իրացման շուկաներ թափանցելու հնարավորությունները: Կարծում եմ, որ մեր միջոցառումներն առաջիկայում դրական արդյունքներ կտան»,-հույս հայտնեց Աստղիկ Հովեյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]