Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԵՄ-ն տեղական իշխանություններին դիտարկում է որպես կարևոր գործակալներ

ԵՄ-ն տեղական իշխանություններին դիտարկում է որպես կարևոր գործակալներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արևելյան գործընկերության երկրների ավելի քան 350 հանրապետական, տարածքային և համայնքային պաշտոնյաներ հավաքվել են Երևանում։ Նրանք Հայաստանում տեղական ինքնակառավարման ներդրման 20-ամյակին նվիրված Միջազգային համաժողովի ընթացքում հայտարարեցին տարածքային կառավարման մարմինների և քաղաքացիների կարողությունների զարգացմանը աջակցող ծրագրերի մեկնարկի մասին։ 

Համաժողովի ընթացքում Եվրոպական հանձնաժողովը հայտարարեց Արևելյան գործընկերության երկրների «Քաղաքապետերի դաշնագիր» ծրագրի երկրորդ փուլի և «Քաղաքապետերը հանուն տնտեսական զարգացման» նոր նախաձեռնության մասին։ Այս ծրագրերը նպատակաուղղված են խթանելու համագործակցությունը տեղական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև՝ հաշվետվության բարձրացման, համայնքների զարգացմանն ուղղված կանոնակարգերի ստեղծման և ներդրման համար։ 
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների (DG NEAR) գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն պրն Լոուրենս Մերեդիթը իր խոսքում նշեց. «Արդյունավետ տեղական վարչարարությունը կարևոր դեր է խաղում համայնքային մակարդակով իրական փոփոխությունների հասնելու հարցում՝ տնտեսությունը դարձնելով ճկուն ու բարձրացնելով քաղաքացիների կենսամակարդակը։ ԵՄ-ն կշարունակի աջակցել Արևելյան գործընկերության երկրներին տեղական իշխանությունների կարողությունների խթանմանը, տեղական կայուն զարգացմանը և տնտեսական աճին։ Ինչպես նաև կաջակցի տեղական մակարդակով նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերին»։ 
Արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոմիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին իր խոսքում ասաց, որ Եվրոպական միությունը հասկանում է, որ տեղական իշխանությունների արդյունավետ զարգացմանը նպաստելու կարողությունը կապված է կառավարման ազգային մակարդակով իշխանությունների հետ հարաբերությունների համակարգի հետ։ «Մենք տեղական իշխանությունները դիտում ենք որպես կարևոր գործակալներ, որոնք պետք է ունենան իրենց զարգացման օրակարգը»,-ասաց Սվիտալսկին։ 
Համաժողովը կազմակերպված է Եվրոպական հանձնաժողովի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանության մարմինների կոնֆերանսի և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության համատեղ ուժերով։  
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, իր հերթին, ասաց, որ այս համաժողովն առնչվում է երկու հիմնական խնդիրների։ «Առաջինը՝ արևելյան գործընկերության երկրների շրջանակներում տնտեսական կայուն զարգացման խթանման ծրագրերն են, երկրորդ խնդիրը՝ «Քաղաքապետերի դաշնագրին» համապատասխան «կանաչ քաղաքներ» ծրագիրն է, որը լուծում է աշխարհի լրջագույն խնդիրներից մեկը՝ բիոգեոցենոզի պաշտպանությունը։ Այս ծրագիրը օժանդակություն է մեր քաղաքներին»,-նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]