Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեց սկրինինգային ծրագրերի իրականացման ընթացքը

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեց  սկրինինգային ծրագրերի իրականացման 
ընթացքը

ԳԱՎԱՌ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանում մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ քննարկվեց ՀՀ Առողջապահության նախարարության եւ «Համաշխարհային բանկի» կողմից համատեղ իրականացվող սկրինինգային ծրագրերի ընթացքը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ խորհրդակցությունը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը հաստատություն առ հաստատություն ներկայացրեց 2016 թվականի հոկտեմբերի 25-ի դրությամբ սկրինինգային ծրագրով նախատեսված երեք ուղղությունների արդյունքները:

«Շաքարային դիաբետի եւ զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերման նպատակով տարվող հետազոտությունների արդյունքներն ինչ-որ տեղ բավարար են, ինչը չի կարելի ասել արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով կատարվող հետազոտության արդյունքների մասին:Ճիշտ է, այս ուղղությամբ արդյունքները բարձր են Վերին Գետաշենում եւ Գեղամասարում, սակայն ընդհանուր ցուցանիշները մնում են ցածր, ինչը չի կարող չանհանգստացնել:Տարվա ավարտին մնացած երկու ամիսների ընթացքում հարկավոր է լարված աշխատանք տանել եւ ծրագրի պահանջները կատարել ամբողջությամբ»,-հայտարարեց Անուշ Պողոսյանը:

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը, քննության առնելով թերացումների կամ ցածր ցուցանիշների պատճառները, հանձնարարեց՝ ամենասեղմ ժամկետներում ու հետեւողական աշխատանքով ավարտի հասցնել սկրինինգային ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները:

«Բերված պատճառաբանությունները հիմնավոր չեն այնքանով, որ իրար կողքի գտնվող եւ նույն պայմաններն ունեցող համայնքներից մեկում ծրագրի կատարումը եղել է արդյունավետ, մյուսում՝ անարդյունավետ: Նշանակում է, որ ամեն ինչ  բխում է կազմակերպվածությունից ու հետեւողականությունից, մանավանդ որ ծրագիրն իրականացնող կազմակերպությունները վճարվում են կատարված հետազոտությունների դիմաց: Մինչեւ տարեվերջ հարկավոր է շտկել իրավիճակը»,- հանձնարարեց մարզպետի տեղակալը:

Խորհրդակցության ընթացքում որոշվեց սկրինինգային ծրագրի արդյունքները քննարկել մեկ ամիս անց: Խոսելով  ծրագրով նախատեսված հետազոտությունների նշանակության ու անհրաժեշտության մասին՝   Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետը ներկայացրեց նախորդ տարվա ծրագրերի կատարման արդյունքները, որոնք կանխարգելիչ շոշափելի նշանակություն են ունեցել:

«Նախորդ տարում կատարված հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են զարկերակային գերճնշմամբ 1404, շաքարային դիաբետով՝ 471 եւ արգանդի վզիկի քաղցկեղի վաղաժամ հայտնաբերման 104  դեպքեր, որոնք տեղում բուժվել են:

Հիվանդությունների վաղ հայտնաբերման ու կանխարգելման արդյունքում, փաստորեն, նույնքան մարդիկ խուսափել են հետագա բարդություններից, ավելորդ ծախսերից:Սա խոսում է ծրագրի հույժ կարեւորության, նրա պահանջները կատարելու,  մարդկանց անվճար հետազոտման իրավունքը պահպանելու անհրաժեշտության մասին»-հայտարարեց առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]