Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հալեպից եկած ամուսինները պատմում են այնտեղ տիրող սարսափելի վիճակի մասին

Հալեպից եկած ամուսինները պատմում են այնտեղ տիրող սարսափելի վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպից Հայաստան եկած Ժան և Գոհար Գալստյանները սարսափով են հիշում այնտեղ անցկացրած իրենց վերջին տարիները: Ամուսինները մի քանի օր է, ինչ Հայաստանում են, և Ժան Գալստյանի խոսքով՝ ինքն այլևս չի ցանկանում վերադառնալ Հալեպ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գոհար Գալստյանն ասաց, որ տարիներ շարունակ Հալեպի ժողովուրդը նեղություն չի քաշել, մանավանդ տեղի հայությունն իր հեղինակությունն ու պատիվն է ունեցել: Հայն այնտեղ հարգանք, եկեղեցի, դպրոցներ ու ակումբներ ուներ:

«2011 թվականից  սկսած քաղաքի վիճակը գնալով վատացավ, սարսափելի դաժան օրեր ունեցավ հայությունը: Արդեն վեց տարի է՝ Հալեպում էլեկտրականություն չկա, տաքանալու հնարավորություն չկա, ամիսներով ջուր չէինք ունենում: Հորեր էին փորում, որ մարդիկ գոնե հորերի ջուր խմեին»,-  ներկայացրեց Գոհար Գալստյանը:

Նրա խոսքով՝ իրենք շատ նեղություններ են տեսել, բայց սեպտեմբերի 30-ի պատահածն այս ընտանիքը երբեք չի մոռանա: Գոհարի ներկայացմամբ՝ այդ օրն առավոտյան հրթիռներով սարսափելի ռմբակոծեցին քաղաքը, իսկ իրենց երեխաները դպրոցում էին:

«Վախի մեջ էինք, ամուսինս ապահով տուն բերեց երեխաներին: Մոտավորապես կեսօրին մի հրթիռ փլատակի վերածեց իմ տունն, անգամ հագուստ չկարողացա գտնել, ամեն ինչ այրվեց, փլատակ դարձավ: Ամուսինս ու երեխաներս այդ փլատակների տակ էին մնացել: Այնքան ծանր էր քարը, որ չկարողացա ամուսնուս հանել տակից, գոռում էի, օգնություն էի կանչում, որ գոնե մեկը լսեր ձայնս ու օգնության հասներ: Արյան մեջ կորած, վիրավոր վիճակում դուրս հանեցինք»,- արցունքները չկարողանալով քողարկել՝ պատմեց Գոհարը:

Երեխաներին ավերակների տակից կարողացել էին գտնել նրանց լացի ձայները լսելով: Հենց այդ օրն էլ որոշում էին կայացրել գալ Հայաստան: Ընտանիքը հանդիպել է բարերարի, որը  նրանց համար Երևանում վեց ամսով տուն է վարձակալել: Ինչպես Գոհարն ասաց, այստեղ ամենակարևորն այն է, որ երեխաներն այլևս պայթող արկերի ձայնից չեն արթնանում, սակայն  ֆինանսական խնդիրները, ինչպես Հալեպում, այնպես էլ Երևանում չեն նահանջում։ Հալեպահայ ամուսիններն այսօր աշխատանք են փնտրում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]