1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վահան Մարտիրոսյանը ծանոթացել է Մարալիկ - Քարաբերդ - Ձիթհանքով ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքներին

 Վահան Մարտիրոսյանը ծանոթացել է Մարալիկ - Քարաբերդ - Ձիթհանքով 
ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում վերականգնվող Մարալիկ - Քարաբերդ - Ձիթհանքով ճանապարհահատված։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին՝ կարևորելով հատկապես դրանց որակը։ Վերականգնվող ճանապարհահատվածում, որտեղ շինարարական աշխատանքները մեկնարկել են 2016թ. օգոստոսից, հատվածաբար իրականացվում են ճանապարհի ավազակոպճային ենթահիմքի, խճային հիմքի տեղադրման, մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգերի տեղադրման, ասֆալտապատման և մի շարք այլ աշխատանքներ։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների» տնօրինություն ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը, նախարարին ներկայացնելով կատարված աշխատանքները, նշել է, որ ճանապարհի մոտ 1 կմ հատվածն արդեն ասֆալտապատված է, մյուս հատվածներում հողային և տարբեր այլ աշխատանքներ են ընթանում։ Ա. Արշակյանն ընդգծել է, որ անհրաժեշտ որակ ապահովելու համար եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում աշխատանքները կդադարեցվեն և կվերսկսվեն ճանապարհաշինարարության համար անհրաժեշտ պայմանների դեպքում միայն։

Նախարարը վերակառուցվող ճանապարհի տարբեր հատվածներում զրուցել է ճանապարհաշինարարների հետ, տեղեկացել աշխատանքների ընթացքում առաջ եկած դժվարությունների ու առկա խնդիրների մասին։ Ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների վերահսկողությունն իրականացնող «Կոքս Քոնսալտ» ընկերության ղեկավար Կնուտ Մյուլլերը հավաստիացրեց, որ մինչ այժմ իրականացված աշխատանքներում թերացումներ չկան, ամեն ինչ կատարվում է բարձր որակով, սահմանված չափորոշիչներին համապատասխան։

Հիմնանորոգվող այս ճանապարհահատվածը կենսական կարևոր նշանակություն ունի։ Այն Քարաբերդ և Ձիթհանքով համայնքները կապում է Մարալիկ քաղաքին և հարակից համայնքները կապում է Մ-1՝ Երևան – Գյումրի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին: Մարալիկ - Քարաբերդ - Ձիթհանքով ճանապարհի վերականգնման աշխատանքները նախատեսվում է իրականացնել մինչև 2017թ. օգոստոսը: Աշխատանքներն իրականացնում են համատեղ գործունեության պայմանագրով գործող «Մերձմոսկովյան» և «ՍՈւԱՐԴԻ» ընկերությունները։ Բացի ճանապարհահատվածի երթևեկելի մասի վերականգնման աշխատանքներից, կիրականացվեն նաև կողնակների վերականգնման, գոյություն ունեցող կամուրջների նորոգման, քարաթափումների կանխարգելման, ճանապարհային նշանների, մետաղական արգելափակոցների, ազդանշանային սյուների տեղադրման, արհեստական անհարթությունների կառուցման, նշագծման և այլ աշխատանքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]