Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մալթայի Մարտական Ուխտի արքայազնը Ծիծեռնակաբերդ այցելելն ու զոհերի հիշատակը հարգելը իր պարտքն է համարում

Մալթայի Մարտական Ուխտի արքայազնը Ծիծեռնակաբերդ այցելելն ու զոհերի հիշատակը 
հարգելը իր պարտքն է համարում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը իր պարտքն է համարում այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915-1922թթ ողբերգական իրադարձությունների սուրբ նահատակների հիշատակին: ՀՀ նախագահական նստավայրում Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազնը հույս հայտնեց, որ նման ողբերգություններն այլևս չեն կրկնվի: «Պատմության մեջ շատ քիչ ազգեր կան, որ այդքան հին են և այդպիսի հարուստ պատմություն ունեն, որքան դուք: Եվ պատահական չէ, որ դուք հայտնի եք որպես ամենահին  քրիստոնյա ժողովուրդ:  Մենք չպետք է մոռանանք, որ Հայաստանի պատմության մեջ եղել են նաև ողբերգություններ: Այսօր կեսօրից հետո իմ պարտականությունն եմ համարում այցելել հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915-1922թթ ողբերգական իրադարձությունների զոհ գնացած սուրբ նահատակների հիշատակին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ֆրա Մեթյու Ֆեսթինգը:

Նա հպարտությամբ ընդգծեց, որ Մալթայի Ուխտը մարդասիրական  օգնություն է տրամադրել Հայաստանին 1988թ. ավերիչ երկրաշարժի օրերին և մինչ օրս էլ շարունակում է մարդասիրական աշխատանքներ կատարել Հայաստանում: «Մենք մարդասիրական օգնության ծրագրեր ունենք ձեր երկրում: Օրինակ Էջմիածնում մանկատուն, Դիլիջանում առողջարանը և Երևանում էլ մենք աշխատանքներին մասնակցում ենք: Կարծում եմ, որ այս այցը հնարավորություն կտա ամրապնդել այն պատմական կապերը, որ կան Մարտական Ուխտի և Հայաստանի Հանրապետության միջև: Մենք հույս ունենք, որ կարող ենք շարունակել մեր համագործակցությունը, ինչպես նաև այն աշխատանքները, որ Ուխտը կատարում է Հայաստանում»,- հավելեց արքայազնը:

Նրա խոսքով՝ Մալթայի Ուխտը հանձնառու է օգնել մարդկանց տարբեր ճգնաժամային իրավիճակներում: «Մենք ներկա ենք շատ վայրերում: Օրինակ, Սիրիայում, Թուրքիայում, Լիբանանում, Իրաքում մեր բժշկական խմբերը օժանդակում են փախստականներին, ովքեր փախչում են պատերազմից և ճնշումներից: Բժիշկները տրամադրում են առաջին բուժօգնություն: Մենք օգնում ենք նաև այն փախստականներին, որոնք ժամանում են հյուսիսաֆրիկյան տարբեր երկրներից: Մեր ասոցիացիաները Արևելյան Եվրոպայում բազմապատկել են օժանդակության ծրագրերը: Չնայած այն արտակարգ իրավիճակներին, որոնց մենք դիմակայում ենք՝ տեսնում ենք, որ մեր կամավորականներն աշխատում են 120 երկրում, որտեղ օգնում են աղքատներին և նրանց, ովքեր հասարակության լուսանցքից դուրս են մնացել: Մենք կենտրոնանում ենք խաղաղության և անվտանգության ապահովման, աղքատության վերացման և մարդկային արժանապատվության ամրապնդման վրա: Մարդասիրական գործողություններ Մալթայի Ուխտն իրականացնում է ամբողջ աշխարհում, և դրանց նաև մեծապես նպաստում են մեր դիվանագիտական աշխատանքները: Մենք 120-ից ավելի երկրների, բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ կապեր ունենք, դիտորդի կարգավիճակ ունենք ՄԱԿ-ում»,- ասաց Ֆրա Մեթյու Ֆեսթինգը:

Եզրափակելով խոսքը՝ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազնը վստահություն հայտնեց, որ իր այցը Հայաստան հնարավորություն կտա կառուցել երկկողմ՝ արդեն իսկ առկա արտակարգ հարաբերությունները: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ վայելում է այցը Հայաստան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]