1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ստեփանակերտում բարձր են գնահատում «Արմենպրես»-ի դերը Արցախի հանրահռչակման գործում

Ստեփանակերտում բարձր են գնահատում «Արմենպրես»-ի դերը Արցախի հանրահռչակման 
գործում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում բարձր են գնահատում հայկական լրատվամիջոցների և մասնավորապես «Արմենպրես» լրատվական գործակալության դերը Արցախի հանրահռչակման գործում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ հայկական լրատվամիջոցները շատ մեծ դերակատարում ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձեռքբերումների և առկա խնդիրների վրա աշխարհի ուշադրությունը սևեռելու առումով: Նրա խոսքով`շատ կարևոր է, որ դաշտում լինեն հայրենասեր, պրոֆեսիոնալ լրատվամիջոցներ, որոնք կապահովեն և համահայկական լրատվական դաշտի միասնությունը, և վեր կհանեն ու կբացահայտեն հակառակորդի քարոզչական հնարքները: ««Արմենպրես»-ն այս առումով իր յուրահատուկ և անգնահատելի տեղն ունի: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում «Արմենպրես»-ին հայրենանվեր ծառայության համար»,- ասաց Բաբայանը:

«Արցախպրես» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Վահրամ Պողոսյանն էլ շատ կարևոր է համարում «Արմենպրես»-ի դերը Արցախի ներկայացման հարցում: Նրա խոսքով` «Արմենպրես»-ը ոչ միայն անկախության, այլ նաև շարժման տարիներին ակտիվորեն անդրադարձել է Արցախին: «Խորհրդային տարիներին, երբ տեղեկատվությունը խիստ սահմանափակ էր, հատկապես Արցախի թեմայով, «Արմենպրես»-ը միակ լրատվամիջոցն էր, որ Արցախի մասին օբյեկտիվ տեղեկատվություն էր տարածում թե Խորհրդային Միության տարածքում, թե Միության տարածքից դուրս:  «Արմենպրես»-ը միշտ ուշադրություն է դարձրել Արցախին վերաբերող թեմաներին և շարունակում է ուշադրություն դարձնել»,- ասաց Պողոսյանը:

Նա հավելեց, որ հայկական մյուս լրատվամիջոցները ևս իրենց կարևոր դերակատարումը պետք է ունենան այս հարցում: «Խորհրդային ժամանակաշրջանից հետո, երբ սկսվեց անկախության շրջանը, Արցախը կտրված էր հայրենիքից և սփյուռքից: Հայկական լրատվամիջոցների դերը շատ մեծ էր այդ կապն ապահովելու գործում: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ մեր լրատվամիջոցները դեռ լուրջ անելիքներ ունեն: Մենք մեզ համար կարևոր տոներին կամ հիշատակի միջոցառումներին աշխատում ենք ոչ համակարգված` առանձին-առանձին: Ես կարծում եմ, որ պետք է ստեղծվի լրագրողական մի մարմին, որն այդ օրերին կապ կպահպանի Հայաստանի, Արցախի և սփյուռքի լրատվամիջոցների հետ` այդ համակարգումն իրականացնելու նպատակով: Ես կարծում եմ, որ լրագրողների համահայկական համաժողովի ընթացքում, որը մեկնարկել է Երևանում և շարունակվելու է Արցախում,  այդ թեմաներին  անդրադարձ կլինի»,- եզրափակեց Պողոսյանը:

Արցախի Հանրապետության գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանն ընդգծում է, որ անկախությունն Արցախի բնակչության ամենամեծ ձեռքբերումն է, իսկ այդ անկախությունն ամրապնդելու հարցում շատ մեծ է հայկական լրատվամիջոցների դերակատարումը: Նա Արցախի հանրահռչակման, միջազգային հանրությանն Արցախը ներկայացնելու հարցում կարևորում է հատկապես «Արմենպրես» լրատվական գործակալության դերը: «Ես տեսնում եմ, որ «Արմենպրես»-ը շատ բարձր մակարդակ է ձեռք բերել և վստահություն է ներշնչում ոչ միայն իմ, այլ նաև հանրության մոտ: Ես ցանկացած տեղեկատվություն առաջին հերթին փորձում եմ ճշտել «Արմենպրես»-ի միջոցով` կլինի դա արվեստի, մշակույթի պրոպագանդման, թե երկրի սոցիալ-տնտեսական ու քաղաքական հարցերի վերաբերյալ: Ինչու եմ սա կարևորում, որովհետև լրատվական դաշտն այսօր շատ բազմազան է և խայտաբղետ, և կան լրատվամիջոցներ, որ հրապարակում են շահադիտական և կողմնակալ նյութեր, սակայն սա նորմալ եմ համարում, քանի որ միշտ այդ երևույթը եղել է և կլինի: Բայց ամենակարևորն այն է, որ մենք կարողանում ենք հավաստի և օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ «Արմենպրես»-ից»,- եզրափակեց Հակոբյանը:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը նշում է, որ Արցախում տեղի ունեցող զարգացումների համակողմանի ներկայացումը «Արմենպրես»-ի համար խիստ կարևոր է: «Մենք համարում ենք, որ դա մեր առաքելության խիստ կարևոր մասն է: Եվ ուրախալի է, որ մենք կարողացել ենք մեր ներդրումը բերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ լրատվական գործակալության` «Արցախպրես»-ի ձևավորման ու կայացման գործին: Մենք մեր գործունեությունը շարունակելու ենք: Եղել ենք ու լինելու ենք Արցախի մեր լրագրող գործընկերների կողքին ու անելու ենք հնարավորը` Արցախում տեղի ունեցող զարգացումներն ավելի հանգամանալի ներկայացնելու համար»,- նշեց Անանյանը:

Արամ Անանյանն այս առումով խիստ կարևորում է, որ լրագրողների համահայկական ութերորդ համաժողովը, որը մեկնարկել է հոկտեմբերի 20-ին Երևանում, անցկացվում է նաև Ստեփանակերտում, ինչը փոխճանաչման և փոխգործակցության լայն հնարավորություններ է տալիս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]