Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Օրգանական գյուղատնտեսության աջակցությունը նպաստում է հայկական օրգանական մթերքի հաջող իրացմանը

Օրգանական գյուղատնտեսության աջակցությունը նպաստում է հայկական օրգանական մթերքի 
հաջող իրացմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիական զարգացման գործակալության ծրագրի մարքեթինգի փորձագետ Յանա Տերտերյանի համոզմամբ՝ Հայաստանում օրգանական սնունդը չունի մասսայական սպառում, սակայն անհրաժեշտ է զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը:

Ավստրիական զարգացման գործակալությունը Եվրամիության հետ համատեղ իրականացնում է Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնությունը ծրագիրը, որի նպատակն է նպաստել տեղական եւ միջազգային շուկաներում հայկական օրգանական մթերքի հաջող իրացմանը:

Նախաձեռնության շրջանակում արդեն իսկ ներկայացվել է 18 դրամաշնորհային ծրագիր:

Յանա Տերտերյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 24–ին ավարտին է մոտենում եւս մեկ ծրագրի հայտերի ընդունման ժամկետը: Այն նախատեսված է փոքր ֆերմերների եւ ֆերմերային խմբերի համար:

«Ծրագրի շրջանակում աջակցելու ենք ոչ թե գումարով, այլ ավելի շատ տեխնիկայով. այն, ինչի կարիք ունեն ֆերմերները: Մեզ համար շատ կարեւոր է մարդու ցանկությունը մտնել օրգանական դաշտ, որպեսզի ոչ միայն շահեն ֆերմերները, այլեւ ամբողջ համայնքը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

«Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի շրջանակում գործակալությունը ներկայացնում էր հայկական արտադրության այն բոլոր ապրանքները, որոնք ունեն օրգանական սերտիֆիկատ՝ թեյեր, ջեմեր,  մեղր,  եթերայուղեր եւ այլն:  

Յանա Տերտերյանը նշեց, որ այժմ ֆերմերների հետ հանդիպումներ ու քննարկումներ են անցկացվում ավելի լավ հասկանալու նրանց խնդիրները:

«Մենք փորձում ենք  բացատրել, կատարել տնտեսական հաշվարկներ տեսնելու՝ ինչպես կարելի է անել, որ եւ՛ իրենց համար լավ լինի, եւ՛ սպառողների: Ուսումնասիրելով  միջազգային տենդենցները՝ հասկանում ենք, որ օրգանական արտադրանքի հետ կապված վիճակը նույնն  է եղել նաեւ այլ եվրոպական երկրներում, բոլորն էլ սկզբում ասել են՝ թանկ է, սակայն իրազեկվածության ծրագրերի շնորհիվ հասկացել են, որ այն անհրաժեշտ է առողջության համար: Մենք հաշվի ենք առնում միջազգային փորձը, սակայն փորձում ենք ադապտացնել նաեւ հայկական շուկային»,-եզրափակեց գործակալության ներկայացուցիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]