Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Երիտասարդությունը հանուն կայուն զարգացման» ֆորումների շարքն իրազեկելու է կայուն զարգացման 17 նպատակների մասին

«Երիտասարդությունը հանուն կայուն զարգացման» ֆորումների շարքն իրազեկելու է կայուն 
զարգացման 17 նպատակների մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը «ԱՅՍԵԿ Հայաստան» hասարակական կազմակերպության հետ համատեղ հայաստանյան մի շարք բուհերում կազմակերպել է «Երիտասարդությունը հանուն կայուն զարգացման» խորագիրը կրող ֆորումների շարք:

Հոկտեմբերի 18-31-ն անցկացվող 7 ֆորումների շրջանակում ուսանողները կծանոթանան կայուն զարգացման 17 նպատակներին, կլսեն թիրախ ոլորտներում մասնագիտացած անձանց: ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի գործող ղեկավար Արմինե Հալաջյանի խոսքով՝ ֆորումների շարքը միտված է բարձրացնելու ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակների» վերաբերյալ իրազեկվածության աստիճանը հատկապես երիտասարդության շրջանում:

«Կայուն զարգացման նպատակներն այս տարի ուժի մեջ մտան, այսինքն՝ մինչեւ 2030 թվականը օրակարգը պետք է գործի, նպատակները պետք է իրագործված լինեն: Նախորդ տարի Նյու Յորքում կայացած գագաթնաժողովի ընթացքում ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները ստանձնեցին պարտավորություն իրականացնել այդ նպատակները մինչեւ սահմանված ժամկետը:  Այդ գործընթացն, իհարկե, պետք է լինի տեղայնացված,  քանի որ երկրները չունեն համարժեք զարգացման մակարդակ,  այսինքն՝ տեղական խնդիրների գերակայությունների հիման վրա յուրաքանչյուր նպատակի դիմաց պետք է տեղական թիրախներ դրվեն, իսկ երկրները պարբերաբար զեկուցեն, թե որ փուլում են գտնվում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արմինե Հալաջյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը եւս պարտավորություն է ստանձնել կատարել այդ նպատակները, սակայն այս տարվա ընթացքում նախատեսված տեղայնացման ծրագիրը Կառավարությունը դեռեւս չի ներկայացրել:

Արմինե Հալաջյանը տեղեկացրեց, որ նմանատիպ միջոցառումներ կազմակերպվում են նաեւ դպրոցներում եւ ոչ միայն Երեւանի, այլեւ մարզերի:

«Բուհերի հետ մենք որոշեցինք աշխատել այնպես, որ ոչ թե մենք լինենք թելադրողը կամ առաջարկողը, այլ առաջարկները գան բուհերից, եւ նրանց տվեցինք հնարավորություն ընտրել  այս կամ այն նպատակից բխող թեմաներ՝ ըստ իրենց ֆակուլտետների, ըստ նախասիրության: Այսօր արդեն կայացավ  չորրորդ ֆորումը: Հետաքրքրությունները, բնականաբար, բուհից բուհ տարբերվում են, իսկ միջոցառումների ժամանակ ունենում ենք շուրջ 40-50 ուսանողներ: Որպես թիրախ  վերցրել ենք հենց երիտասարդությունը, քանի որ հաջորդ 15 տարիների ընթացքում  նրանք են կատարելու  այս գործընթացը, եւ  նրանց պարտականությունն է ոչ միայն տեղեկացված լինել, այլեւ պահանջել ղեկավարներից, հիշեցնել, որ նրանք պարտավորություններ ունեն: Երիտասարդությունը միանշանակ մեծ դեր ունի, քանի որ նրանց մեջ կարող են լինել վաղվա պաշտոնյաներ, ղեկավարներ»,-եզրափակեց նա:

2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները:

Դրանք հետևյալն են. աշխարհն առանց աղքատության, աշխարհն առանց սովի, առողջ ապրելակերպ, որակյալ ուսում, կանանց ու տղամարդկանց իրավունքների հավասարություն, մաքուր ջրի ու կոյուղու հասանելիություն, էներգիայի վերականգնվող աղբյուրներ, աշխատատեղեր ու տնտեսական աճ, նորարարություններ ու ենթակառուցվածք, աշխարհն առանց անհավասարության, քաղաքների անվտանգություն ու մատչելի բնակարան, խելամիտ սպառում, կլիմայի փոփոխության դեմ պայքար, ջրային ռեսուրսների պահպանում, ցամաքում էկոհամակարգի պահպանություն, խաղաղություն ու օրենքի գերակայություն, նպատակների համատեղ իրագործում:

 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]