Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիահայերը տագնապի ամենածանր պայմաններում բարձր են պահել իրենց արժանապատվությունը. Զարմիկ Պողիկյան

Սիրիահայերը տագնապի ամենածանր պայմաններում բարձր են պահել իրենց 
արժանապատվությունը. Զարմիկ Պողիկյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանն իր մտահոգությունն է հայտնել սիրիահայ համայնքն անկազմակերպ, խեղճացած ներկայացնելու փորձերի, իրականությունը խեղելու փաստերի առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Զարմիկ Պողիկյանն անդրադարձը վերնագրել է «Մենք չպետք է պատասխանենք ձեզ ձեր գռեհիկ ոճով»` ընդգծելով, որ հալեպահայ համայնքի դեմ ապատեղեկատության արշավ ձեռնարկողների շարքը սկսել է պարզվել: «Ցավոք, հայատառ, բայց հայության ու հայկականության հավաքական շահերի գիտակցությունից բոլորովին զուրկ, երբեմն աղմուկ ստեղծելով ընթերցողների թիվն ավելացնելու, երբեմն ուղղորդված սիրիահայ համայնքը նսեմացնելու, առանց գաղափար անգամ ունենալով, թե սիրիահայերը տագնապի ամենածանր պայմաններում իսկ ինչպես են բարձր պահել իրենց արժանապատվությունը, շարունակել են վայելել երկրի բնակչության բոլոր շերտերի հարգանքը, միմյանց  նկատմամբ վստահությունը: Կրկնում եմ, ցավ ի սրտե, գռեհկության մակարդակով ոչ միայն ապատեղեկատություն են տարածում, այլեւ ամեն ջանք թափում են` հալեպահայության  ցավը շահագործելով, համայնքի տապալմանը նպաստելու, օգտագործելով, հատկապես Միջին Արեւելքի թոհուբոհի ականատեսներ եղած սիրիահայերի հայտնի միջոցներ, որոնք մեծ գաղտնիք բացահայտած չեմ լինի այստեղ թվարկելով.

  1. Հանրության մոտ իր ղեկավարների նկատմամբ անվստահության մթնոլորտ ստեղծել
  2.  Մարդկանց տնտեսական ծանր վիճակն օգտագործելով տեւական ակնկալողի ու իբրեւ թե դրան համապատասխան օգնություն չստացողի խեղճացած ու անիրաված վիճակի մեջ ներկայացնել
  3. Մեր մամուլում զետեղված պատկերներն օգտագործելով` իրականությունը շրջված ներկայացնել այս անգամ ոչ միայն հալեպահայության, այլեւ աշխարհի ամբողջ հայերի հանրային կարծիքը այնպես շեղել, որ նպաստներն անգամ անիմաստ ու անօգուտ թվան ու դադարեն
  4. Համայնքը ներկայացնել որպես անկազմակերպ, անտեր ու լքված համայնք, որպեսզի հնարավորինս պարարտ հող ստեղծվի ապատեղեկատուության ընդհանրացման համար:

Ո՛չ պարոնայք ու կանայք,

Մենք պիտի չխոսենք ձեր գռեհիկ լեզվով, պիտի չօգտագործենք ձեր օգտագործած բառամթերքը, պիտի չնսեմանանք այն աստիճան, որ մեր էությունը ռումբերով ու գազի տակառներով չեզոքացնելու ու մեզ պառակտելու համար օր ու գիշեր պայքարողների ջրաղացին ջուր լցնենք:

Մենք պիտի պատասխանենք մեր ազնիվ աշխատանքով, մեր միասնականությամբ, փոխադարձ վստահության ու հարգանքի մթնոլորտի ամրագրումով ու մեր ցավը պիտի վերածենք վերակազմակերպման ուժի, հայավարի խոսքի, իրար օգնելու, հարգելու եւ իրար նեցուկ կանգնելու հսկայածավալ աշխատանքի:

Ու պատմությունը պիտի արձանագրի թե ո՛վ, ինչո՛ւ եւ ինչպե՛ս նեցուկ կանգնեց սիրիահայությանը:

Հ.Գ.  Պատերազմի մեջ մեր ամենախեղճն անգամ ապրեց ու պիտի շարունակի ապրել արժանապատվությամբ, սիրիահայ համայնքին պատկանելու հպարտության ու երախտագիտության զգացումով»,-գրում է Զարմիկ Պողիկյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]