Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Վարուժան Ոսկանյանը շահել է լեհական գրական «Անգելուսի» բոլոր մրցանակները


ԲՈՒԽԱՐԵՍՏ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհական Վրոցլավ (Wrocław) քաղաքի Կապիտոլ երաժշտական թատրոնում հոկտեմբերի 15-ի շաբաթ երեկոյան տեղի ունեցավ Կենտրոնական Եվրոպայի գրական Անգելուս (ANGELUS) 11-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռումինահայ գրող, հասարակական գործիչ Վարուժան Ոսկանյանն իր «Շշուկների մատյան» վեպով շահեց այս տարվա բոլոր մրցանակները. Անգելուսի Մեծ մրցանակը, Ընթերցողների «Նատալյա Գորբանեւսկայա» մրցանակը եւ «Լավագույն թարգմանության» մրցանակը: «Շշուկների մատյան» վեպի լեհերեն թարգմանիչն է Յոաննա Կորնաշ-Վարվասը (Joanna Kornaś-Warwas), իսկ վեպը տպագրել է Չաժկովե Կլիմատե (Książkowe Klimaty) հրատարակչությունը: Մրցանակները հանձնեցին Վրոցլավի քաղաքապետ Ռաֆալ Դուտկեւիչը (Rafał Dutkiewicz) եւ Անգելուսի ժյուրիի նախագահ պրոֆ. Միկոլա Ռյաբչուկը (Mykoła Riabczuk): Հեղինակավոր այս մրցույթի վերջնագիծ էին հասել յոթ գրող` Քրիստիան Թեոդորեսկուն (Cristian Teodorescu, Ռումինիա), Մաչեյ Հենը (Maciej Hen) եւ Աննա Յանկոն (Anna Janko, Լեհաստան), Կրիստինա Սաբալիաուսկայտեն (Kristina Sabaliauskaité) եւ Ալվիդաս Շլեպիկասը (Alvydas Šlepikas, Լիտվա),  եւ Վլադիմիր Նեկլիաեւը (Vladimir Nekliajev,  Բելառուս): Նախապես մրցույթին հայտ էին ներկայացրել եվրոպական 21 երկրների գրողներ:

«Անգելուսը» լեհերեն թարգմանված արձակի ամենաբարձր մրցանակն է: Հաղթողն ստանում է 150.000 լեհական զլոտի եւ Էվա Ռոսանոյի (Ewa Rossano) քանդակած արձանիկ: Ընթերցողների «Նատալյա Գորբանեւսկայա» մրցանակը հիմնվել է 2013թ. ի հիշատակ ռուս դիսիդենտ գրող Նատալյա Գորբանեւսկայայի, որը  «Անգելուսի» ժյուրիի նախագահն է եղել մինչեւ իր մահը` 2013թ.: Մրցանակը շնորհվում է ընթերցողների առցանց քվեարկությամբ, որի հաղթողն այս անգամ ճանաչվել է «Շշուկների մատյան» վեպը:   

Ռումինիայում համարում են, որ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի արժանանալը գրական «Անգելուսի» բոլոր մրցանակներին ռումինական գրականության մեծ հաջողությունն է Լեհաստանում եւ եվրոպական մակարդակով նրա արժեքների ճանաչումը:

Դեռեւս 2015թ. ամռանը եւ աշնանը Վարշավայի Ռումինական Մշակույթի ինստիտուտը կազմակերպել էր «Շշուկների մատյան» վեպի լեհերեն հրատարակության ներկայացումը Վարշավայում եւ Կրակովում, հեղինակի մասնակցությամբ: Կրակովի հեղինակավոր Կոնրադ գրական փառատոնում Վարուժան Ոսկանյանը եղել է հատուկ հրավիրյալը:  




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ