1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռոբերտ Ֆիսկը Այնթապում գնացել է Հայոց ցեղասպանության հետքերով

Ռոբերտ Ֆիսկը Այնթապում գնացել է Հայոց ցեղասպանության հետքերով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական Գազիանթեփի (Այնթապ) քաղաքում զբոսաշրջային ոչ մի ուղեցույց, ոչ մի էքսկուրսավար չի պատմի այն մասին, որ այդ քաղաքի հին թաղամասում գտնվող «Ազատություն» մզկիթը նախկինում եղել է Սուրբ Աստվածածնի տաճարը քաղաքի առնվազն 20 հազար քրիստոնյա հայերի համար, ովքեր 1914-1918 թվականների պատերազմի ամենաողբերգական ռազմական հանցագործության` Հայոց ցեղասպանության զոհերը դարձան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին բրիտանական հեղինակավոր The Independent պարբերականում գրում է լրագրող Ռոբերտ Ֆիսկը:

«Նրանք օսմանյան թուրքերի կողմից արտաքսվել են այս հրաշալի քաղաքից, որը հարյուրավոր տարիներ եղել է նրանց ընտանիքիների տունը, և սպանվել ու թաղվել ընդհանուր գերեզմաններում: Մարդասպանները թուրքեր ու քրդեր էին»,- գրում է Ֆիսկը: Նա պատմում է, որ այն ժամանակվա Այնթապի 36 հազար քրիստոնյա բնակչության մեծ մասը` 32 հազարը, հայեր էին, ովքեր 1915 թվականին արտաքսվել են սիրիական քաղաքներ: Քաղաքի մուսուլման բնակիչները թալանել են տեղահանվածների դատարկ տները` բռնագրավելով ոչ միայն նրանց ունեցվածքը, այլև տաճարի հարստությունները: Սուրբ Աստվածածին եկեղեցին վերածվեց պահեստի, ինչպես Երկրորդ համաշխարհայինի ժամանակ՝ շատ հրեական սինագոգներ նացիստական Գերմանիայում և ֆաշիստների կողմից գրավված Արևելյան Եվրոպայում, իսկ ավելի ուշ արդեն այն դարձավ բանտ:

Հեղինակը նշում է, որ եկեղեցի-մզկիթի շուրջ պտտվելիս տեսել է մինչ օրս պատուհանների շրջանակներին ամրացված ճաղեր, թեպետ շինությունը դեռևս 1986 թվականից գործում է որպես մզկիթ: Ֆիսկը մտնում է հիմնական դարպասից ներս և նկատում, որ շինության ծագման մասին միակ նշանը դիմային քարերից մեկի վրա փորագրված «1892» թիվն է, որը խորհրդանշում է մեծ հայ ճարտարապետ Սարգիս Բալյանի կողմից շինարարական աշխատանքի վերջնական ավարտը: «Սարգիս Բալյանը 19-րդ դարում պաշտոնական ճարտարապետն էր սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի. այս վերջինս էլ հենց սկսեց հայերի կոտորածի առաջին շրջանը` Օսմանյան Թուրքիայում սպանելով 80 հազար քրիստոնյաների (թիվը կարող է հասնել 300 հազարի): Ավելի ուշ` 1915-ի հայերի հոլոքոստի ժամանակ (անգամ իսրայելցիներն են կիրառում այս բառը Հայոց ցեղասպանության համար) թուրքերը կոտորեցին մեկ ու կես միլիոն հայերի: Ահավոր է գիտակցել, որ Այնթապի սպանվածների մեծ թիվը սարսափելի ռազմական հանցագործության միայն մի փոքր մասն է»,- գրում է Ֆիսկը:

Նա պատմում է, որ եկեղեցուց դուրս հանդիպել է սիրիացի փախստականի: Վերջինս պատմել է, որ տեղյակ է մզկիթի` ժամանակին հայկական եկեղեցի լինելու մասին: «Շուրջ մեկ դար առաջ Հյուսիսային Սիրիայի արաբները այն միակ ընկերների շարքում էին հայերի, ովքեր թողնվել էին անապատներում մահանալու»,- նշում է հեղինակը: Այդուհանդերձ, տաճարի դիմաց գտնվող խանութում հանդիպած թուրքը միայն քմծիծաղ է տվել եկեղեցու հայկական լինելու մասին Ֆիսկի հարցին ի պատասխան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]