1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայկ Քոթանջյանն ուրվագծել է ՀԱՊԿ-ում կիբերանվտանգության ապահովման հիմնական ուղղություները

Հայկ Քոթանջյանն ուրվագծել է ՀԱՊԿ-ում կիբերանվտանգության ապահովման հիմնական 
ուղղություները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայացած ՀԱՊԿ տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովի ընթացքում զեկուցումով հանդես է եկել ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդի անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: «Արմենպրես»-ը Հայկ Քոթանջյանի զեկուցումը ներկայացնում է ամբողջությամբ:

ՓՈԽԼՐԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ. ԿԻԲԵՌՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հարգելի գործընկերներ,

Պատիվ ունեմ ձեզ ողջունելու մեր Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի[1] անունից, մի ինստիտուտի, որը 2013 թվականի հունիսին իր միջազգային գիտական ռազմավարական ֆորումում աջակցել է ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության ռազմավարական ուղենիշների մշակմանը: Տվյալ ֆորումը կազմակերպվել է ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղար պ-ն Նիկոլայ Բորդյուժայի, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից եկած դաշնակիցների և Մինսկի խմբի համանախագահ պետություններից` ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից, ինչպես նաև «Գործընկերություն հանուն խաղաղության» ՆԱՏՕ-ի ծրագրի այլ պետություններից ժամանած գործընկերների մասնակցությամբ:

Հատկանշական է, որ մեր ներկայիս խորհրդաժողովը անցկացվում է ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության խորհրդի նստաշրջանի հովանու ներքո, որը գումարվել է մեր Ինստիտուտի հիշատակված ռազմավարական ֆորումի գիտափորձաքննական առաջարկությունների հիման վրա մշակված «Մինչև 2025 թ. ժամանակաշրջանի համար ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության ռազմավարության» հաստատելու վերաբերյալ որոշում ընդունելու համար:

ՀԱՊԿ-ի սույն` տեղեկատվական անվտանգության պրոբլեմներին նվիրված խորհրդաժողովի նստաշրջանը մեր պետության կիբեռանվտանգության ռազմավարական շահերի քաղաքական և տեխնոլոգիական կողմերի հատման որոնման տրամաբանական շարունակությունն է ինչպես ՀԱՊԿ-ի պետություններից դաշնակիցների, այնպես էլ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի գործընկերների նկատմամբ Հայաստանի Հանրապետության փոխլրացման սկզբունքով արտաքին անվտանգային քաղաքականության համատեքստում: Ընդսմին հարկ է նշել, որ մեր ինստիտուտը կիբեռանվտանգության պրոբլեմներն ուսումնասիրելիս չի զբաղվում տեղեկատվական անվտանգության այն հասկացութային տարրերով, որոնք կապված են պետական հաստատությունների և ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության քարոզչական առումների հետ:

Կարևոր է շեշտել, որ եթե սովորական սպառազինությունների ու զանգվածային խոցման զենքի կիրառման բնագավառում այսօր աշխարհի` ռազմական ու տնտեսական առումով առաջատար պետությունների միջև այս կամ այն չափով ձևավորվել է որոշակի համամասնություն, միջազգային իրավունքում ամրագրված են այդ պետությունների միջև հարաբերությունների հիմնական սկզբունքները այնպիսի տարածությունների համար, ինչպիսիք են ցամաքային, ծովային, օդային, տիեզերական տարածքները, ապա կիբեռտարածությունում միջպետական համամասնության և փոխհարաբերութ­յուն­ների հարցը շարունակում է ներկայումս էլ մնալ զգալի չափով անորոշ ու բաց:

Ինչպես գիտենք, համընդհանուր կիբեռտարածության ձևավորման ընթացքում տեղի է ունենում ռազմական և քաղաքացիական համակարգչային տեխնոլո­գիաների զուգամիտում, առաջատար արտասահմանյան պետություններում ինտենսիվորեն մշակվում են հավանական հակառակորդների տեղեկատվական ենթահամակարգերի վրա ակտիվ ներգործության նոր միջոցներ և մեթոդներ, ստեղծվում են տարբեր պետական մասնագիտացված հաստատություններ, կիբեռոլորտի ուղեղային կենտրոններ և բիզնես-կազմակերպություններ:

Այս տեսակետից համընդհանուր տեղեկութացումը և այն վերազգային կիբեռտարա­ծության ձևավորումը, որի նկատմամբ ինքնիշխանությունը դեռևս չի սահմանվում ավանդական միջազգային իրավունքի` ազգային պետությունների սահմաններն ուրվագծող համաձայնեցված նորմերով, որոշարկում են կիբեռանվտանգության կարգավորման միջազգային-իրավական գործիքների որոնման վեկտորները ՄԱԿ-ի միջազգային խորհրդարկումների մակարդակով: Հենց այդ առումով էլ կարևոր է մասնագետների միջև կարծիքների փոխանակումը այնպիսի գիտափորձաքննական ֆորումներում, ինչպիսին մեր խորհրդաժողովն է:

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության բազմա­վեկտորության սկզբունքով, որն արտացոլում է նրա աշխարհառազմավարական դիրքը Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը շարունակում է իր գիտափորձաքննական համագործակցությունը նաև ԱՄՆ-ի այնպիսի առաջադիմական ակադեմիական կենտրոնների հետ, ինչպիսիք են Պաշտպանական ազգային համալսարանի տեղեկատվական ռեսուրսների կառավարման քոլեջը և «Կիբեռանվտանգություն. Քաղաքականության և տեխնոլոգիաների խաչում» ծրագիրը[2]:

ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև ծագած որոշակի քաղաքական-դիվանագիտական լարվածության պայմաններում մեր կազմակերպությունը հանդես է գալիս որպես այն ակադեմիական հարթակ­ներից մեկը, որտեղ հաջողվում է գիտափորձաքննական ձևաչափով կազմակերպել ռազմավարական ֆորումներ` մեր պայթյունավտանգ տարածաշրջանի անվտանգային դինամիկայի առավել ակտուալ պրոբլեմները քննարկելու համար:

Կարգավորիչների տվյալ որոնումները հիմնարար կերպով փոխեցին կիբեռանվտանգության ապահովման էությունը` կապված նոր մարտահրավերների և ժամանակակից ռազմաքաղաքական ու ռազմավարական սպառնալիքների հետ, որոնք թեև չեն սպառնում ինքնիշխան պետություններին ու  միջազգային հանրությանը, սակայն պահանջում են էական պատասխան հակազդում: Տեղեկատվական ոլորտը, լինելով պետության և հասարակության կառավարման համակարգաստեղծ գործոն, ակտիվորեն ազդում է Հայաստանի Հանրապետության կենսագործունեության քաղաքական, տնտեսական, պաշտպանական և այլ բաղադրիչների վրա: Նշված մարտահրավերների հետմղման գործում հատկանշական է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ակտիվ համագործակ­ցությունը Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության հետ, որի առաքելությունն է մասնակցությունը տարածաշրջանում կայունության և պաշտպանվածության ապահովմանը[3]:

Պետության կենսագործունեության տարբեր բնագավառներում կիբեռենթակառուցվածքի հնարավորությունների ընդլայնման համեմատ աճում են նաև բարդությունները` կապված կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտների աշխատանքի անվտանգության ապահովման, տեղեկույթի գաղտնագրային պաշտպանության, այդ ոլորտում միջազգային համամասնության հաստատման հետ, ինչպես նաև այնպիսի սպառնալիքները, ինչպիսիք են համակարգչային, կամ  կիբեռ-, ահաբեկչությունը` նպատակաուղղված տեղեկատվական և թվային համակարգերին վնաս պատճառելուն:

Վերջին ժամանակներում կարևոր փոփոխություններ են տեղի ունենում ՄԱԿ-ում: 2016 թ. օգոստոսին միջազգային տեղեկատվական անվտանգության գծով ՄԱԿ-ի կառավարական փորձագետների խմբի[4] (ԿՓԽ) նիստի արդյունքներով մշակված զեկույցում ընդունվել է, որ ՏՀՏ օգտագործման ոլորտի նկատմամբ միջազգային իրավունքը կիրարկելի է, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարող է զարգացվել, այդ թվում` ի հաշիվ նոր նորմերի ընդունման, ներառյալ` տեղեկատվական տարածությունում պետությունների պատասխանատու վարքի կանոններն ու սկզբունքները: ԿՓԽ-ն կազմված է 25 երկրների ներկայացուցիչներից, ներառյալ` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ՉԺՀ-ի և այլ երկրների ներկայացուցիչները: Այստեղ պետությունների վարքի կանոնների և վստահության միջոցների համաձայնեցված մշակման նպատակով խորացված ու կառուցողաբար քննարկվում են կիբեռտարածությունում ազգային օրենսդրությունների հետ միջազգային իրավունքի նորմերի զուգորդման հարցերը:

Այս ամենի հետ մեկտեղ յուրաքանչյուր պետությունում նման կիբեռենթակառուցվածքի առկայությունը պայմանավորում է համազգային ռազմավարության մշակման և քաղաքականության իրացման այնպիսի մեխանիզմների ձևավորման անհրաժեշտությունը, որոնք արտացոլեն լիազորված մարմինների և շահագրգիռ դերակատարների կողմից կիբեռանվտանգության ապահովման նպատակով իրականացվող ընթացակարգերի հատուկ կանոնակարգերը: Դրա հետ մեկտեղ պետության և հասարակության կենսագործունեության մեջ տեղեկութահաղորդակցային տեխնոլոգիաների լայն տարածվածության շնորհիվ իրականություն են դառնում էլեկտրոնային հասարակության ձևավորումը և էլեկտրոնային կառավարության կառուցումը: Նման փոփոխությունները ազգային մակարդակով համախումբ կիբեռհարթակի համակարգաստեղծման համար պահանջում են համադասված կազմակերպատեխնոլոգիական միջոցառումների իրագործում և պետական իշխանության մարմինների համաձայնեցված գործողություններ, որոնք իրականացվեն միասնական պետական քաղաքականության շրջանակներում:

Այս համատեքստում առանձնապես կարևոր է Հայաստանի սերտ համագործակցությունը ինչպես առանձին պետությունների, այնպես էլ այն միջազգային կազմակերպությունների հետ, որոնք Հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգությունն ապահովում են կիբեռանվտանգության ոլորտում միջպետական և միջգերատեսչական մակարդակներով տեղեկույթի, գիտելիքների և փորձի փոխանակման գործընթացների խթանման միջոցով:

Հաշվի առնելով տեղեկութահաղորդակցային տեխնոլոգիաների արմատական տարածման հետևանքով սպառնալիքների և մարտահրավերների աճումը` Հայաստանը վերջին տարիներին ձեռնարկում է ազգային մակարդակով տվյալ հատվածի զարգացմանն ուղղված արդյունավետ քայլեր: Դրա հետ մեկտեղ նա, համագործակցելով միջազգային գործընկերների հետ, ներգրավվում է համընդհանուր տեղեկութային հանրության մեջ[5]: Վերը նշվածի ակնառու օրինակ է այն փաստը, որ տեղեկութային տեխնոլոգիաների ոլորտում հերթական Համաշխարհային կոնգրեսը (World Congress on Information Technology)  կանցկացվի Հայաստանում 2019 թ.: Նշենք, որ ՀՀ կիբեռանվտանգության ապահովման համակարգաստեղծ հարթակի ձևավորման համար Հայաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում արտասահմանյան երկրների փորձի ուսումնասիրության հիման վրա ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի և Հարվարդի հետ սերտ համագործակցությամբ մշակվել է ՀՀ Ազգային կիբեռանվտանգության ռազմավարության նախագիծը: Համագործակցության բազմավեկտորության սահմանների իմաստավորման գործում կարևոր նշանակություն ունեն Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական գիտության ասոցիացիաների միջև ծավալված ակադեմիական խորհրդարկումները[6]:

Վերջնարդյունքում մեր երկրի պաշտպանական անվտանգությունը ապահովելու համար նախատեսված ռազմաարդյունաբերական համալիրում կիբեռանվտանգությունը ներկայումս ստանում է նոր ճյուղի նշանակություն: ՈՒստի դրա ձևավորման նկատմամբ վերաբերմունքը պետք է կրի և ունենա ոչ թե գերատեսչական, այլ համազգային բնույթ: Այլ կերպ ասած, պրոֆիլային գերատեսչությունների, գիտության և մասնավոր հատվածի միջև համագործակցությունը դառնում է անվտանգային հրամայական: Եվ այս առումով համընդհանուր և տարածաշրջանային մակարդակներում կիբեռանվտանգության ու տեղեկատվական ընդդիմամարտության ապահովման պատեհաժամ պլանավորումը և համադասումը դառնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համակարգում գերակա ուղղություններից մեկը և պետք է էական ազդեցություն գործեն նրա առաջընթաց զարգացման վրա:

Հայաստանի Հանրապետության փորձաքննական և տեխնիկական հանրությունում ավտիվորեն քննարկվում է այն հարցը, որ կիբեռտարածությունում վարքի կանոնները պետք է ստեղծվեն հենց համացանցի համընդհանուր, տարածաշրջանային և ազգային ենթակառուցվածքի շուրջ: Վերջերս համացանցի կառավարման պրոբլեմներով Երևանյան միջազգային գիտական ֆորումում մեր Ինստիտուտը առաջարկել է տվյալ ինտեգրային խնդիրը լուծել պետական գործակալությունների, ինչպես նաև մասնավոր ձեռներեցության միջազգային և ազգային կազմակերպությունների միջև համագործակցության համախմբված համակարգի ստեղծման հիմքի վրա:

Հիմնվելով «Կիբեռանվտանգություն. քաղաքականության և տեխնոլոգիաների խաչում» Հարվարդի ծրագրի հանձնարարականների, ինչպես նաև ԱՄՆ-ի գործընկերային Պաշտպանական ազգային համալսարանի Տեղեկատվական ռեսուրսների կառավարման քոլեջի հետ համագործակցության արդյունքների վրա` Հայաստանի ՊԱՀՀ–ԱՌՀԻ-ին ավարտել է Ազգային կիբեռանվտանգության ռազմավարության նախագծի մշակումը: Համագործակցելով իր գործընկերների հետ` մեր կազմակերպությունը, առաջնորդվելով փոխլրացման սկզբունքներով, աշխատում է ի նպաստ կիբեռանվտանգության դինամիկայի կառավարման միասնական համակարգի ձևավորման դինամիկ գործընթացին Հայաստանի ինտեգրմանը` իր դաշնակիցների և գործընկերների հետ երկխոսության և համագործակցության միջազգային, ազգային ու կորպորատիվ-մասնավոր մակարդակներում:

Տվյալ մոտեցումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերին և կարող է կիբեռանվտանգության ոլորտում առաջընթաց ապահովել ՀԱՊԿ-ի դաշնակիցների ու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի գործընկերների հետ միջազգային համագործակցության ասպարեզում:

Մեր ինստիտուտը պատիվ ունի առաջարկելու, որ 2017 թ. կազմակերպվի Հայաստանի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի միջազգային ռազմավարական ֆորումը «Կիբեռանվտանգության համակարգի ձևավորման գործում երկխոսության և համագործակցության հեռանկարները. քաղաքականության և տեխնոլոգիաների խաչում» թեմայով: ՈՒնենալով տարածաշրջանի անվտանգային դինամիկայի արդիական պրոբլեմները ոչ թե սուր քաղաքական, այլ գիտականորեն միջնորդավորված, գիտափորձաքննական ձևաչափով քննարկելու համար տվյալ ակադեմիական հարթակի կիրառման փորձ` մենք պատրաստ ենք ֆորումի համատեղ կազմակերպման մասին առաջարկությամբ դիմել ՄԱԿ-ին, ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի պետությունների մեր հարգելի գործընկեր ուղեղային կենտրոններին»:

 

 



[1] ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ.

http://www.mil.am/hy/institutions/60/p/person

[2] Dr. James Keagle, Academic Consultant of the Armenia’s NDRU Project, Project Leader: Defense Education Enhancement (DEEP), Center for Technology and National Security Policy, INSS, NDU. http://ctnsp.dodlive.mil/staff/james-keagle/; LTG (r.), Tad Oelstrom, Academic Consultant of the Armenia’s NDRU Project, Faculty Chair: Cybersecurity: The Intersection of Policy and Technology https://exed.hks.harvard.edu/ Programs/cs/overview.aspx

[3] The Greeting Address of the Chairman of Political science Association of Armenia Dr. Hayk S. Kotanjian to the 7th All-Russian Congress of Political Science on behalf of the Political Science Associations of the New Independent States. THE 60th ANNIVERSARY OF THE RUSSIAN POLITICAL SCIENCE ASSOCIATION: 1955 – 2015 THE 7th  ALL-RUSSIAN CONGRESS OF POLITICAL SCIENCE, NOVEMBER 19-21, 2015: MOSCOW. Aravot.

http://en.aravot.am/2015/11/24/173107/

[4] The UN’s Group of Governmental Experts on Cybersecurity. Council on Foreign Relations. http://blogs.cfr.org/cyber/2015/04/13/the-uns-group-of-governmental-experts-on-cybersecurity/

[6] Доктор Котанджян Гайк Саргисович, Президент Ассоциации политической науки Армении — приветствие от политологических ассоциаций новых независимых государств. VII Всероссийский конгресс политологов ПОЛИТИЧЕСКАЯ НАУКА ПЕРЕД ВЫЗОВАМИ СОВРЕМЕННОЙ ПОЛИТИКИ,. Приветствия международных и национальных ассоциаций политической науки, профессиональных образовательных организаций. С. 9. Москва, 19–21 ноября 2015 г. http://congress.rapn.ru/wp-content/uploads/2015/11/Verstka_PR.pdf


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]