Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/33. «Մայրենիք. դրոշ»-ն առաջատար է, վարկանիշային աղյուսակում կան նոր գրքեր

Երևանյան բեսթսելեր 4/33. «Մայրենիք. դրոշ»-ն առաջատար է, վարկանիշային աղյուսակում 
կան նոր գրքեր

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Արմեն Հայաստանցու «Մայրենիք. դրոշ» ստեղծագործությունը: Այն հեղինակի «Մայրենիք» եռագրության առաջին վեպն է, որում Հայաստանի դրոշի խորհուրդը բացահայտվում է հրապարակախոսության և գեղարվեստական պատումի միահյուսմամբ: 

Երկրորդ տեղում նոր գիրք է՝ Վիրջինիա Վուլֆի «Ուրվականներով տունը» պատմվածքների ժողովածուն: Այն առաջին անգամ որպես ամբողջություն տպագրվել է հեղինակի մահից գրեթե երեք տարի հետո՝ ամուսնու՝ Լեոնարդ Վուլֆի նախաձեռնությամբ: Լեոնարդ Վուլֆը «Ուրվականներով տունը» ժողովածուի առաջաբանում նշում է, որ պատմվածքների այս ժողովածուի կառուցվածքը համապատասխանում է հեղինակի ցանկությանը, և որ այդ մասին քննարկել է հեղինակի հետ: Անգլերենից թարգմանել է Մանիկ Եգանյանը: Խմբագիրներն են Աշոտ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանը:

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը երրորդ տեղում է։ Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն ստեղծագործությունն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» ստեղծագործությունը չորրորդում է: Էսսեն գրվել է դասախոսությունների հիման վրա, բայց գեղարվեստորեն բացահայտում է կնոջ ու գրականությանը կապը՝ կնոջը դիտարկելով և՛ որպես հեղինակ, և՛ որպես կերպար: Ստեղծագործությունը համարվում է ֆեմինիստական. այստեղ կարևորվում է կնոջ դերը տղամարդկանցով գերիշխող գրականության ավանդույթների համապատկերում:

Հինգերորդ հորիզոնականում Ֆյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ» ժողովածուն է, որում տեղ են գտել ռուս անվանի գրողի մի շարք հայտնի ստեղծագործությունները:

Արմեն Սարգսյանի «Չկարդացած գրքերի փոխարեն» բանաստեղծությունների ժողովածուն վեցերորդ տեղում է: Սա ևս նոր գիրք է: «Չկարդացած գրքերի փոխարենը» հեղինակի առաջին գիրքն է։

Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքը յոթերորդ հորիզոնականում է: Այն Գրինի ամենատխուր ստեղծագործություններից մեկն է, որը գրողը նվիրել է Էսթեր Ըրլին: Գրքի հերոսները քաղցկեղով հիվանդ երիտասարդներ են, սակայն 2014 թվականի ամենավաճառված և The New York Times-ի կողմից բեսթսելեր ճանաչված այս գիրքը հիվանդության ու մահվան մասին մռայլ պատմություն չէ, այն կյանքը սիրելու և վերջին րոպեներն իմաստավորված ապրելու մասին է:

Վարկանիշային աղյուսակում ևս մեկ նոր գիրք է հայտնվել. Պաուլու Կոելյոի «Լրտեսը»՝ զբաղեցնելով ութերորդ տեղը: Վեպն իրական փաստերի հիման վրա գրված խորհրդավոր մի պատմություն է, որում զուգակցվում են մի կողմից՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիների տարբեր իրադարձությունները՝ քաղաքական շահերի անխուսափելի բախումներով, մյուս կողմից՝ հանրահայտ պարուհու հուզիչ կենսագրությունն ու չհասկացված անհատականության ողբերգությունը:

Պաուլու Կոելյոի «Վերոնիկան որոշում է մեռնել» վիպակը իններորդ հորիզոնականում է: Այն հեղինակի ամենահայտնի ու մեծ աղմուկ հանած ստեղծագործություններից է: Սա պատմություն է մարդու մասին, ով, որոշելով մեռնել, այնուամենայնիվ, մահվան հանդեպ դրսևորում է ապրելու աննկարագրելի կամք՝ ապացուցելով, որ ապրած յուրաքանչյուր օր հրաշք է: Պորտուգալերենից թարգմանել է Աննա Մարությանը: Երևան, «Անտարես», 2016, 240 էջ:

Վարկանիշային աղյուսակը եզրափակում է անցյալ շաբաթվա առաջատարը՝ անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»: Առաջին անգամ վեպը հրատարակվել է 1890 թվականի հուլիսին, անգլիական թերթերից մեկում, իսկ առանձին գրքով տպագրվել է 1891 թվականի ապրիլին:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար- գրախանութը (077-24-54-81): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: 

 

 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 *

Արմեն Հայաստանցի

«Մայրենիք. դրոշ»

Անտարես  175
2 նոր 

Վիրջինիա Վուլֆ

  «Ուրվականներով տունը»

Դարակ 77
3 -1

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 30
4 +8

Վիրջինիա Վուլֆ

«Սեփական սենյակը» 

Դարակ 27
5 -2

Ֆյոդոր Դոստոևսկի

 «Պատմվածքներ»

Բուկինիստ 21
6 նոր 

Արմեն Սարգսյան

 «Չկարդացած գրքերի փոխարեն»

Անտարես 13
7 +1

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Էդիթ Պրինտ 12
8 նոր

Պաուլու Կոելյու

«Լրտեսը» 

Անտարես 9
9 -5

Պաուլու Կոելյու

  «Վերոնիկան որոշում է մեռնել»

Անտարես 8
10 -9

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 7

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]