Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ում պատասխանել է Թուրքիայի արտգործնախարարին

Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ում պատասխանել է Թուրքիայի արտգործնախարարին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   ԵԽԽՎ լիագումար նիստում   «Իրավիճակը Թուրքիայում` պետական հեղաշրջման փորձի լույսի ներքո » թեմայի քննարկմանը  հոկտեմբերի 13-ին ՀՀ ազգային ժողովի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել իր ելույթը: Ելույթում նա հակադարձել է Թուրքիայի արտգործնախարարի նախօրեին հնչեցրած հայտարարություններին` մասնավորապես նշելով, որ 5 շրջանների ենթադրյալ դուրս բերման շուրջ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի Չավուշօղլուի տեսլականը իրականության երևակայական ընկալում է: Մինչդեռ ռեալ իրականության մեջ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն ուղղված է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշմանը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազմից:

Հերմինե Նաղդալյանը թյուրիմացության մեջ գցելու ևս մեկ փորձ է համարել Չավուշօղլուի  հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հայտարարությունները. «Եթե Թուրքիան իսկապես մտադրված է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, այդ դեպքում վավերացված և ի կատար ածված կլինեին ցյուրիխյան արձանագրությունները, որոնք ստորագրվել են 2009 թվականին, բացված կլիներ Եվրոպայի միակ փակ սահմանը»:

Անդրադառնալով  պետական հեղաշրջումից հետո Թուրքիայում ստեղծված իրավիճակին՝  ՀՀ ԱԺ փոխնախագահը սուր քննադատության է ենթարկել Թուրքիայում ծավալված հակաժողովրդավարական գործընթացները:

«Այսօրվա քննարկումը լավագույն վկայությունն է , որ իրավիճակը Թուրքիայում շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության «թեժ կետերից» մեկը: Մենք բոլորս գիտակցում ենք, որ երկրի անկայուն իրավիճակը կարող է պայթունավտանգ լինել ոչ միան տարածաշրջանի համար, այլ առավել լայն իմաստով»,- իր մտահոգությունն է փոխանցել ԵԽԽՎ-ականներին հայկական պատվիրակության ղեկավարը և ավելացրել, որ նախագահ Էրդողանի կործանարար արձագանքը որևէ հույս չի թողնում երկրում ցանկացած ժողովրդավարական գործընթացի համար:

Ըստ ԱԺ փոխնախագահի` ակնհայտ է, որ թուրքական իշխանությունները հեղաշրջման փորձը օգտագործում են` որպես երկրում բողոքի ակցիաները ճնշելու արդարացում: Եվ դրա արդյունքում հազարավոր զինծառայողներ, դատավորներ, ուսուցիչներ և քաղաքացիական ծառայողներ հանկարծակի ձերբակալվում են կամ աշխատանքից հեռացվում:

 «Մարդու հիմնարար իրավունքների կասեցում է նշանակում վերջերս երկարաձգված արտակարգ դրությունը, միաժամանակ` մահապատիժը կրկին կիրառելու քննարկումը»,- վստահեցրել է տիկին Նաղդալյանը` դրա իբրև արտառոց ապացույց դիտարկելով նաև այն, որ իշխանությունները փակել են մի քանի քրդական հեռուստաալիքներ և ռադիոկայաններ, այդ թվում` մանկական մեկ ալիք:

 «Կարո՞ղ եք պատկերացնել` Թուրքիան սպառնալիքի իրական աղբյուր է դիտարկում մուլտֆիլմային մեկ ալիքը: Եզրակացությունն անխուսափելի է, հարգելի գործընկերնե՛ր, Թուրքիան ավելի ավտորիտար է դառնում, ավելի անկանխատեսելի, որը բերում է հասարակության խորապես պառակտվածությանը»,- իր ելույթում նշել է տիկին Նաղդալյանը:

Հիշեցնելով բոլորովին վերջերս Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության թեմայով քննարկումները և հնչող մտահոգիչ բազմաթիվ տեսակետները ` Հերմինե Նաղդալյանը կրկին հնչեցրել է հայկական կողմի պնդումը` Թուրքիայում մոնիտորինգի գործընթացը վերականգնելու գաղափարի շուրջ, քանզի, ըստ Նաղդալյանի, այդ հարցն այսօր առավել քան հրատապ է` պայմանավորված կտրուկ շրջադարձով, որը Թուրքիան կատարեց իր ժողովրդավարացման ճանապարհին:

«Թուրքական իշխանությունները, բոլորովին անտեսելով օրենքի գերակայությունը, իրավիճակը օգտագործում են` պայքարելու երկրում իրենց քաղաքական հակառակորդների և ազգային փոքրամասնությունների դեմ:

Այնպես որ, նախարար Չավուշօղլուն ավելի լավ կլիներ կենտրոնանար այդ լուրջ խնդիրների վրա, այլ ոչ թե Վեհաժողովի հետ կիսվեր իր անձնական պատմություններով» ,- եզրափակել  է հայկական պատվիրակության ղեկավարը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]