Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/32. «Վերոնիկան որոշում է մեռնել» գիրքը մտել է աղյուսակ

Երևանյան բեսթսելեր 4/32. «Վերոնիկան որոշում է մեռնել» գիրքը մտել է աղյուսակ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»: Առաջին անգամ վեպը հրատարակվել է 1890 թվականի հուլիսին, անգլիական թերթերից մեկում, իսկ առանձին գրքի տեսքով տպագրվել է 1891 թվականի ապրիլին:

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը երկրորդ տեղում է։ Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն ստեղծագործությունն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Ֆյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ» ժողովածուն, որում տեղ են գտել ռուս անվանի գրողի մի շարք հայտնի ստեղծագործություններ, երրորդում է։

Չորրորդ հորիզոնականում հայտնվել է նոր գիրք` Պաուլու Կոելյուի «Վերոնիկան որոշում է մեռնել» վիպակը: Այն հեղինակի ամենահայտնի ու մեծ աղմուկ հանած ստեղծագործություններից է: Այն պատմություն է մարդու մասին, ով որոշելով մեռնել, այնուամենայնիվ, մահվան հանդեպ դրսևորում է ապրելու աննկարագրելի կամք՝ ապացուցելով, որ ապրած յուրաքանչյուր օր հրաշք է: Պորտուգալերենից թարգմանել է Աննա Մարությանը: Երևան, «Անտարես», 2016, 240 էջ:

Վարկանիշային աղյուսակի հինգերորդ տեղում անգլիացի գրող և պոետ Էմիլի Բրոնտեի միակ վեպն ու ամենահայտնի ստեղծագործությունն է` «Մոլեգին հողմերի դարավանդը»:

Վեցերորդ տեղում ֆրանսիացի գրող Ստենդալի «Կարմիրն ու սևը» գիրքն է: Այն հրատարակվել է 1830 թվականին: Այն շատ լայն տարածում է գտել ողջ աշխարհում և դարձել է տարբեր քննադատական և վերլուծական գրքերի սյուժե։ Այս ստեղծագործության մեջ արտահայտվում է 19-րդ դարի կյանքը, ապրումները և հասարակական դասերի տարբերությունները։ Գրքի գլխավոր հերոսը Ժուլիեն Սորելն է։

Վարկանիշային աղյուսակ է վերադարձել ու յոթերորդ տեղը գրավել բելառուս ժամանակակից գրող Սվետլանա Ալեքսիևիչի «Պատերազմը կնոջ դեմք չունի» գիրքը։ «Մեր ժամանակ ստեղծված բազմաձայն ստեղծագործության՝ տառապանքի ու արիության հուշարձանի» համար Սվետլանա Ալեքսիևիչը 2015 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի: «Պատերազմը կնոջ դեմք չունի» գիրքը պատերազմի անմարդկային պայմաններում գոյատևող կնոջ հոգևոր աշխարհն ինքնատիպորեն ներթափանցելու փորձ է: Պատերազմի մասին աշխարհում ամենահայտնի գրքերից մեկն է: Ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը։ Հրատարակել է «Անտարես»-ը՝ «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարի ներքո։ 

Ութերորդ հորիզոնականում Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքն է: Այն Գրինի ամենատխուր ստեղծագործություններից մեկն է, որը գրողը նվիրել է Էսթեր Ըրլին: Գրքի հերոսները քաղցկեղով հիվանդ երիտասարդներ են, սակայն 2014 թվականի ամենավաճառված և The New York Times-ի կողմից բեսթսելեր ճանաչված այս գիրքը հիվանդության ու մահվան մասին մռայլ պատմություն չէ, այն կյանքը սիրելու և վերջին րոպեներն իմաստավորված ապրելու մասին է:

«Խատուտիկի գինի» ստեղծագործությունը իններորդ է: Այն ամերիկացի ականավոր գրող Ռեյ Բրեդբըրիի ամենաճանաչված գործերից է (1957): Կարոտաբաղձությամբ դրոշմված ինքնակենսագրական բնույթի վեպ է, որը, հեղինակի բնորոշմամբ, իր պատանեկան տարիների «խատուտիկների բերքահավաքն է», ըստ այդմ էլ՝ «ինչպես կյանքի, այնպես էլ մահվան, ինչպես լույսի, այնպես էլ խավարի, ինչպես պատանության, այնպես էլ լիակատար ահի ներբողումը»: Անգլերենից թարգմանել է Զավեն Բոյաջյանը:

Տասնյակը եզրափակում է Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» ստեղծագործությունը: Էսսեն գրվել է դասախոսությունների հիման վրա, բայց գեղարվեստորեն բացահայտում է կնոջ ու գրականությանը կապը՝ կնոջը դիտարկելով և՛ որպես հեղինակ, և՛ որպես կերպար: Ստեղծագործությունը համարվում է ֆեմինիստական. այստեղ կարևորվում է կնոջ դերը տղամարդկանցով գերիշխող գրականության ավանդույթների համապատկերում:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար- գրախանութը (077-24-54-81): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:  

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1

Օսկար Ուայլդի

  «Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ  31
2 +2

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 15
3 +2

Ֆյոդոր Դոստոևսկու

«Պատմվածքներ» 

Բուկինիստ 14
4 Նոր

Պաուլու Կոելյու

«Վերոնիկան որոշում է մեռնել»

Անտարես  9
5 *

Էմիլի Բրոնտե

«Մոլեգին հողմերի դարավանդ» 

Նաիրի 8
6 *

Ստենդալ

«Կարմիրը և սևը»

Անտարես 8
7 *

Սվետլանա Ալեքսիևիչ

«Պատերազմը կնոջ դեմք չունի»

Անտարես 6
8 +1

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Էդիթ Պրինտ 5
9 *

Ռեյ Բրեդբըրի

«Խատուտիկի գինի»

Անտարես 4
10 *

Վիրջինիա Վուլֆ

«Սեփական սենյակը» 

Դարակ 3

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անի Նազարյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]