Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Հալեպի հայ համայնքին աջակցելու համար պետական համակարգված մոտեցում է անհրաժեշտ. արաբագետ


ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայ համայնքին աջակցելու համար պետական համակարգված մոտեցում է անհրաժեշտ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց արաբագետ, ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հայկ Քոչարյանը:

«Հալեպում  մնացած հայերի թվի վերաբերյալ հստակ վիճակագրություն չկա, սակայն մի քանի հազարի է հասնում: Հալեպից նրանց դուրս չգալու պատճառները տարբեր են: Մի մասը գտնում է, որ այնտեղ իրենց տներն են, և պետք է մնա, պաշտպանի, մի մասն էլ ցանկանում է դուրս գալ, բայց հնարավորություն չունի: Զարգացումները ցույց են տալիս, որ ընդդիմադիրների կողմից ռմբահարումներն ուղղված են լինելու դեպի այն տարածքներ, որտեղ կառավարական ուժերն են վերահսկում: Իսկ պատերազմական ճակատի այդ երկայնքով հայկական թաղմասերն են: Հետևաբար, պետք է հասկանալ, որ կարող է ավելի բարդ իրավիճակում հայտնվենք: Անհրաժեշտ  է, որ կառավարությունը համապատասխան գործառույթներ ստանձնի և փորձի որոշակի լուծումներ առաջարկել ճգնաժամային իրավիճակի զարգացման դեպքում պետության անելիքների վերաբերյալ»,-ասաց Հայկ Քոչարյանը:

Արաբագետը նշեց, որ Սիրիայում բարեբախտաբար շարունակում են գործել Հայաստանի դեսպանատունն ու հյուպատոսությունը: Նա նկատեց, որ այնտղ բավական փորձառու մարդիկ են աշխատում, հետևաբար կարող են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները:

Ըստ Հայկ Քոչարյանի`կան դեպի Հալեպ տանող ճանապարհներ, որոնք վերահսկվում են կառավարական ուժերի կողմից: Հետևաբար, տեղում աշխատելով` հնարավոր կլինի ցանկացողներին դուրս բերել քաղաքից: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ