Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լույս է տեսել Լևոն Ազրոյանի «Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի» գիրքը

Լույս է տեսել Լևոն Ազրոյանի «Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»  գիրքը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ լրագրող, գրող Լևոն Ազրոյանի հայ օդաչուների հերոսությունների մասին պատմող «Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»  գրքի շնորհանդեսը: «Երեք թուլություն ունեմ. շատ եմ սիրում ուսուցիչներին, զինվորականներին, օդաչուներին: Չէի կարող ևս մեկ անգամ չանդրադառնալ օդաչուների կատարած սխրանքներին: Հատուկ եմ շնորհանդեսի համար ընտրել  Հայաստանի քաղաքացիական ավիացիայի օրը, որպեսզի շատերն այն հիշեն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց գրող, լրագրող Լևոն Ազրոյանը:

Շնորհանդեսին ներկա էին ընթերցասեր մարդիկ, գրողի կոլեգաներն ու ընկերները, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչներ:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

«Այս գիրքը հնարավորություն է տալիս ճանաչել մեր ազգի հոգեբանությունը, վերհիշել մեր անցյալը: Նրանում հրապարակախոսական շունչ կա: Վավերագրական է` համեմված գեղարվեստական շղարշով»,-ասաց լրագրող, խմբագիր Աֆթանդիլ Գրիգորյանը:

«Կա վաղուց բոլորիս հայտնի արտահայտություն. «Հակիրճությունը տաղանդի քույրն է»: Լևոնը այդ տաղանդի կրողն է, ով կարողանում է ընկալելի և հետաքրքիր լեզվով գրել: Նա մեծ ջերմությամբ է ներկայացնում իր հերոսներին. դա շատ գնահատելի է»,-շեշտեց լրագրող, հաղորդավար Գարիկ Ղազարյանը:

«Շնորհավորում եմ մեր օդաչուներին, ավիացիայի մասնագետներին: Ազրոյանը օդաչու չէ, սակայն հիանալի անդրադառնում է այդ և այլ բնագավառների խնդիրներին`  երիտասարդներին փոխանցելով իր փորձն ու լրագրողական հմտությունները»,-ընդգծեց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

 Լևոն Ազրոյանը ծնվել է Թբիլիսիում`գրող, հրապարակախոս Կորյուն Ազրոյանի ընտանիքում: Սովորել է Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաբանական ֆակուլտետում: Աշխատել է «Սովետական Վրաստան» թերթի խմբագրությունում: 1966թ. տեղափոխվել է Հայաստան և աշխատանքի անցել Հայաստանի հեռագրական գործակալությունում` ներկայումս «Արմենպրես»-ում: Լևոն Ազրոյանը տարբեր թեմաների է անդրադարձել իր գործունեության ընթացքում և տասը գրքերի հեղինակ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am