Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի 3 դպրոցների ռազմագիտության դասասենյակներն անվանակոչվեցին հերոս զինծառայողների անուններով

Գեղարքունիքի մարզի 3 դպրոցների ռազմագիտության դասասենյակներն  անվանակոչվեցին 
հերոս զինծառայողների անուններով

ԳԱՎԱՌ, 30  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Գեղարքունիքի մարզից Ապրիլյան հերոսամարտերում իրենց անունը փառքով պսակեցին բազմաթիվ հայորդիներ, որոնցից ինը զոհեցին իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության դիրքերում: Նրանց անունները դպրոցական մանկավարժական խորհուրդների որոշմամբ այսուհետեւ կրում են ռազմագիտության դասասենյակները, ուր ստեղծվել են նաեւ նրանց պատվին բացված Փառքի անկյունները: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ բոլոր դասասենյակների անվանակոչությունները կատարվել են հանդիսավորությամբ, որոնցից 6-ը՝ սեպտեմբերի առաջին, երեքը՝ վերջին շաբաթների ընթացքում: Ոգեկոչման եւ անվանակոչությունների հերթական միջոցառումներն ավարտվեցին  Փոքր Մասրիկ, Գեղամասար եւ Արեգունի համայնքների միջնակարգ դպրոցներում, որտեղ  ռազմագիտության դասասենյակները դպրոցների մանկավարժական խորհուրդների որոշմամբ կրեցին Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողներ Վրեժ Սարգսյանի, Կորյուն Հարությունյանի եւ Հարություն Աբրահամյանի անունները: Վերոնշյալ դպրոցներում դասասենյակների անվանակոչություններն ընթացան հանդիսավոր պայմաններում, որոնց մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, համայնքների ղեկավարներ, մանկավարժներ ու աշակերտներ: Հրավիրված էին զոհված հերոսների ծնողներն ու հարազատները: Անվանակոչության միջոցառումները վերածվեցին  հայրենասիրության, արիության բաց դասերի, որոնք ներկայացրեցին դպրոցների տարբեր դասարանների աշակերտները: Նախնական զինվորական պատրաստության դասասենյակներում ստեղծված էին հերոսների Փառքի անկյուններ, որտեղ  տեղադրված էին նրանց պարգեւները, անձնական իրեր ու լուսանկարներ: Աշակերտները ներկայացրեցին իրենց հերոսացած ավագ ընկերների կենսագրական տվյալները, խոսեցին նրանց անձնազոհության մասին:

«Դպրոցներում նման դասասենյակների առկայությունը կարեւոր նշանակություն ունի մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության համար: Մենք խոնարհվում ենք հայրենիքի համար արյուն թափած  հերոս տղաների հիշատակի, նրանց ծնողների  եւ զավակների առջեւ: Թող մեր երկրում  այսուհետ թեւածի միայն խաղաղությունը, եւ ոչ մի սերունդ այլեւս չտեսնի պատերազմ ու կորուստ»,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը: Առավել հուզված էին հերոսների ծնողները:

«Հայրենիքի պաշտպանությունը նրա համար ամենաառաջնային տեղում էր, ես միշտ նրան ասում էի՝ որդի՛ս, նախ՝ հայրենիք, ապա՝ ընտանիք: Այդպես էլ վարվեց, առաջնահերթությունը տվեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Աստծով ենք մխիթարվում, մարդկանցով ենք մխիթարվում, ովքեր մեր կողքին են ու մեկ էլ իմ հերոս որդուս երեք զավակներով, որոնք մեզ ստիպում են, որ շարունակենք ապրել»,- ասաց Հարություն Աբրահամյանի հայրը՝ Արեգունի համայնքի բնակիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Հովհաննես Աբրահամյանը: «Մի կողմից՝ ցավը մեծ է, մյուս կողմից՝ հպարտություն եմ ապրում, որ այդպիսի որդի եմ ունեցել: Էսօր մեր բոլորի պարտքն է՝ պաշտպանել մեր հայրենիքը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այսօր մեր կողքին են, շնորհակալ եմ այն մարդկանց, որոնց շնորհիվ մեր ազգը մի բռունցք դարձավ, եւ թշնամին հասկացավ, որ այլեւս առաջ գնալու տեղ չունի: Որդիս մի զավակ է թողել, որին պետք է պահենք, մեծացնենք ու դաստիարակենք այն  ոգով, ինչպիսին նրա հայրն է ունեցել»,- նշեց հերոս զինծառայող  Վրեժ Սարգսյանի հայրը՝ Փոքր Մասրիկ գյուղի բնակիչ Վարդան Սարգսյանը: «Կորյունը դեռ փոքր հասակից աչքաբաց էր, ուշիմ, խելացի, շատ էր սիրում մեխանիզմները, եւ Հայոց բանակում շատ արագ տիրապետեց տանկիստի մասնագիտությանը: Ապրիլյան քառօրյա մարտերի ընթացքում նա իր ծառայակիցների հետ անսասան կանգնեց հայրենիքի պաշտպանության դիրքերում: Այս սենյակում դրված են մեր սիրելի Կորյունի զինվորական իրերը, պարգեւները, որոնք մեզ ու գալիք սերունդներին կհիշեցնեն մեր հերոս տղայի մասին»,- նշեց Գեղամասար գյուղի բնակիչ, Կորյուն Հարությունյանի հորեղբայր Վրեժ Հարությունյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]