1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հինգերորդ օվկիանոսի նավավարները. սեպտեմբերի 30-ը Հայաստանի ավիացիայի օրն է

Հինգերորդ օվկիանոսի նավավարները. սեպտեմբերի 30-ը Հայաստանի ավիացիայի օրն է

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ  կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 27-ի  թիվ 902 որոշմամբ սեպտեմբերի 30-ը սահմանվել է որպես Հայաստանի քաղաքացիական  ավիացիայի օր։ Անցել է ուղիղ մեկուկես տասնամյակ։  Սակայն ինձ ծանոթ ավիատորներից  շատերը պնդում են, որ այդ տոնը ոչ մի անգամ չի նշվել։ Իրենք՝ ավիատորները, բնական է, նշում են։ Բայց միայն իրենք։ «Արմենպրես»-ն այս նյութով անդրադառնում է  այդ մասնագիտական տոնին:

... Օդաչու կամ սավառնորդ։ Այս մարդիկ ուրիշ են։ Նրանց  ձգել է անեզր երկինքը, ազատ ճախրանքը։ Նրանք ծնվել են թռչելու համար , և չեն պատկերացրել կյանքն առանց աստղամերձ հորիզոնների։

Հայաստանում օդագնացությունը սկզբնավորվել է 1906 թվականին՝ Կարսում թռիչքային վաշտի կազմավորմամբ։ Բայց մինչ այդ մեկ տասնյակից ավելի հայազգի օդագնացներ են ծառայել ցարական Ռուսաստանի բանակում՝ լինելով այդ գործի ռահվիրաները։

Խորհրդային Հայաստանում քաղաքացիական ավիացիան կազմավորվել է 1933 թվականին։ Հայաստանի օր-օրի զարգացող արդյունաբերության համար պահանջվում էր կայուն օդային կապ ստեղծել ԽՍՀՄ մյուս հանրապետությունների հետ, և ինքնին ենթադրելի էր ուղևորների, փոստի և բեռների փոխադրումը։ 1933 թվականի հուլիսի 18-ին  Թբիլիսիից Երևան ժամանեց Կ-5 ինքնաթիռը։ Նույն թվականի օգոստոսի 1-ին  սկսվեցին կանոնավոր չվերթները երկու մայրաքաղաքների միջև։ Այդ տարվա ընթացքում փոխադրվեց 309 ուղևոր, տեղափոխվեց 15 տոննա փոստ և 42 տոննա բեռ։

Հայաստանի քաղաքացիական ավիացիան այնպիսի բուռն տեմպերով էր զարգանում, որ անհրաժեշտություն առաջացավ ստեղծելու  առանձին ավիաջոկատ։  Եվ շուտով այդ ջոկատը ստեղծվեց։

Իրենց հերոսությամբ և ինքնաթիռին տիրապետելու հմտությամբ  հայ օդաչուները աչքի են ընկել թե խաղաղ պայմաններում, թե Մեծ հայրենականի տարիներին։ Պատերազմի առաջին իսկ օրվանից հայ ավիատորները զինվորագրվեցին հայրենիքի պաշտպանության գործին։ Խաղաղ թռիչքների սովոր հայ օդաչուները դարձան ռազմական օդաչուներ և պատերազմի դաշտում անօրինակ սխրանքներ էին գործում։ Հայազգի օդաչուներից Սերգեյ Բուռնազյանը, Հակոբ Մանուկյանը, Աշոտ Գասպարյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Մարտիրոս Նագուլյանը, Արմեն Հայրյանը, Գոգա Ամիրաղյանը և Ղազարոս Չափչախյանը արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ Նելսոն Ստեփանյանը, ում «Բալթիկայի արծիվ» էին անվանում, երկրի բարձրագույն պարգևին արժանացավ երկու անգամ։ Ցավոք, պատերազմի հաղթական ավարտից հետո տուն վերադարձան ընդամենը 112 ավիատոր։

Քաղաքացիական ավիացիայի հայկական  վարչությունը, որպես առանձին միավոր, ստեղծվել է 1962 թվականին։ Ընդամենը յոթ տարի անց՝ 1969 թվականին, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը դուրս եկավ միջազգային շուկա։  Օդային կամուրջ   ստեղծվեց Երևանի և Բեյրութի ու Հալեպի միջև։ Դա առաջին դեպքն էր, երբ միութենական հանրապետության ավիատորներին հնարավորություն էր ընձեռվում միջազգային չվերթներ կատարել։ Մինչ այդ արտասահման թռչելու մենաշնորհը պատկանում էր միայն Մոսկվայի «Աէրոֆլոտին»։Արդյունքում  Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը սկսեց  ընդունել արդիական ԱՆ-24, ՏՈՒ-134, ՅԱԿ-40, ՏՈՒ-154 ինքնաթիռներ։ Ավելի ուշ Երևանի մայր օդանավակայանում սկսեցին շահագործվել  ԻԼ-86 ամենաժամանակակից ինքնաթիռները։ Ընդ որում, ԽՍՀՄ-ում գործող երեսուն ավիավարչություններից միայն վեցին էր վստահված ԻԼ-86 ինքնաթիռների շահագործումը։ Եվ այդ վեցից մեկը Հայաստանի վարչությունն էր։

1961-1981 թվականների ընթացքում ավելի քան քսան անգամ ավելացավ օդային փոխադրումների ծավալը։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կոլեկտիվը քանիցս հաղթող է ճանաչվել համամիութենական մրցումներում և արժանացել  Փոխանցիկ կարմիր դրոշի։ Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչության ձեռնարկությունների տարեկան փոխադրումների ծավալը կազմում էր 3,5 միլիոն ուղևոր, ինչը զարգացած ու մեծ շատ երկրների ավիափոխադրումներից  ավելի էր։ Մասնավորապես, Ավստրիայի այդ ցուցանիշը կազմում էր 1,9 միլիոն, Բելգիայինը՝ 2,4 միլիոն, Բուլղարիայինը և Իսրայելինը՝ 2 միլիոն, Պորտուգալիայինը՝ 2,8 միլիոն, Թուրքիայինը՝ 3,26 միլիոն, էլ չենք խոսում խորհրդային այնպիսի հանրապետություններին ցուցանիշների մասին, ինչպիսիք էին Բելոռուսիան, Ադրբեջանը, Մերձբալթյան երեք հանրապետությունները, Տաջիկստանը, Թուրքմենիան և այլն։ Հայ օդաչուների համբավը տարածվել էր Խորհրդային Միությունով մեկ։ Այդ առնչությամբ ուզում եմ հիշատակել մի դեպք, որը վկայում է մեր օդաչուների բարձր հեղինակության մասին։ Տարիներ առաջ ես՝ որպես  «Արմենպրես»-ի թղթակից, վերապատրաստվում էի ՏԱՍՍ-ում։ Օրերից մի օր իմ պրակտիկայի ղեկավարն առաջարկեց գնալ ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիայի նախարարություն՝ կոլեգիայի նիստը լուսաբանելու։ Նիստի վերջում ոտքի կանգնեց «Աէրոֆլոտի» ղեկավարը և  ասաց, որ իրենք մտադիր են  Ղրղըզստանում, թե Տաջիկստանում նոր չվերթ բացել։ Քանի որ տեղանքը բավականին  լեռնոտ է, խնդրում է նախարարի հատուկ թույլտվությունն  այդ չվերթն  իրականացնելու համար։

 - Իսկ հայ օդաչուներն այնտեղ թռե՞լ են,- հարցրեց ԽՍՀՄ քաղավիացիայի նախարար Լոգինովը։

 - Ոչ,- զարմացած պատասխանեց «Աէրոֆլոտի» ղեկավարը։

 - Ահա, ուրեմն, երբ հայ օդաչուները կյուրացնեն այդ երթուղին, ես ձեզ թույլ կտամ թռչել այնտեղ։

Սա, թերևս, հայ օդաչուներին երբևէ տրված ամենաբարձր գնահատականներից մեկն է։ Իզուր չէ, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ինը օդաչու  արժանացել են ԽՍՀՄ վաստակավոր օդաչուի և ԽՍՀՄ վաստակավոր շտուրմանի  պատվավոր կոչումների։

Այսօր,  երբ նշում  ենք Հայաստանի քաղաքացիական ավիացիայի օրը, կուզեինք անուն առ անուն թվարկել նրանց անունները. Նիկիտա Ասիկյան,Կարեն Փահլավունի, Վլադիմիր Սողոմոնյան,  Սերգեյ Խաչատրյան, Դմիտրի Աթբաշյան, Գուրգեն Ղարիբյան, Արմենակ Գևորգյան, Ամրա Զաքարյան։ Իսկ Օնիկ Հարուցյանն արժանացել է ԽՍՀՄ վաստակավոր շտուրմանի կոչման։ Չմոռանանք նշել նաև Կոնստանտին Մալխասյանին, ով արժանացել է ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող-շտուրմանի կոչման՝ սահմանելով երեսունից ավելի համաշխարհային ռեկորդներ     

ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի Դաշնության հերոսի և վաստակավոր փորձարկող օդաչուի պատվավոր կոչումների է արժանացել Ռուբեն Եսայանը, ով իր օդաչուական առաջին քայլերը կատարել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունում։ Եվս մի վկայություն, որ հայ օդաչուների վարկանիշը չափազանց բարձր է։

Քաղաքացիական ավիացիայի անքակտելի մասն է ուղղաթիռային ավիացիան, որը մեր կենցաղ մուտք գործեց 1960-ական թվականներին։ Այսօր դժվար է ասել, թե քանի-քանի հազար հեկտար գյուղատնտեսական դաշտեր ու արոտավայրեր, անտառային ստվար զանգվածներ են մշակել գյուղատնտեսական ավիացիայի օդաչուները, քանի մարդու կյանք են փրկել սանիտարական ավիացիայի օդաչուները կամ քանի-քանի հազար կիլոմետր գազամուղ  է կառուցվել այդ ամենահաս ուղղաթիռների օգնությամբ։ Տողերիս հեղինակը վկա է եղել այն հերոսական աշխատանքներին, որ 1985-1986 թվականներին կատարել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ուղղաթիռային օդաչուները Ուրենգոյ-Պոմարի- Ուժգորոդ հսկայական գազամուղի շինարարությունում։ Այդ համամիութենական հարվածային կառույցի շինարարությանը, որպես կանոն, մասնակցում էին խորհրդային լավագույն օդաչուները։ Պատահական չէ ,որ նրանց թվում էին նաև հայ ավիատորները։

Հայաստանի լեռնային գյուղերում, երևի, բավականին ուշացմամբ վառվեին «կապույտ ջահերը», եթե գազամուղի շինարարներին օգնության չգային ուղղաթիռային անձնակազմերը։ Այո,  այդ նրանց օգնության շնորհիվ էր, որ հայոց լեռներում անցկացվեց Քաջարան-Կապան- Սիսիան գազատարը։ Իսկ մի՞ թե կարելի է թերագնահատել ուղղաթիռների օդաչուների դերը երկրաբանական-հետախուզական, հեռուստատեսային աշտարակների տեղադրման աշխատանքներում։

Չի կարելի մոռանալ մեր ավիատորների անձնվեր և հերոսական գործողությունները Սպիտակի երկրաշարժի օրերին։ Որքան կյանքեր փրկեցին նրանք, որքան բեռներ տեղափոխեցին...

Հերթական փորձությունը, որը բաժին ընկավ մեր ժողովրդին ու նաև ավիատորներին, Արցախյան պատերազմն էր, որի ժամանակ 15 օդաչու իրենց կյանքը նվիրեցին Արցախի ազատագրման սուրբ գործին։ ։ Մեր օդաչուներից մի քանիսի գլխի համար ազերիները միլիոններ էին խոստանում։ Այդ օդաչուներից շատերին անձամբ ճանաչում եմ և սիրով ուզում եմ հիշատակել նրանց անունները. Ստեփան Նիկողոսյան, Գեղամ Գաբրիելյան,  Ռաֆիկ Մեհրաբյան, Մուշեղ Անտոնյան, Ջամբուլադ Մուրադյան,  Միքայել Անդրեասյան, Սամվել Համբարձումյան, Բալասանյան եղբայրներ, Արարատ Դալլաքյան, Աշոտ Չիլինգարյան և այլք։ Այս անունների կողքին պիտի անպայման հիշատակել նաև այդ քաջարի արծիվների արծվապետի՝ «Արարատ Ավիա» ընկերության ղեկավար Սերգեյ Վանցյանի անունը,  ում ծառայությունները Արցախյան պատերազմի ժամանակ նույնպես չի կարելի ուրանալ։

Արցախում կռվող հայ օդաչուները չէին էլ կարող ենթադրել, որ արդեն իսկ կային մարդիկ, ովքեր մտադիր էին ավերել Հայաստանի քաղաքացիական ավիացիան։ Այո, գտնվեցին ընչաքաղց մարդիկ, ովքեր պարզապես «խժռեցին» երբեմնի հզոր ավիաընկերությունները։ Չգիտես ում կամոք միավորվեցին երեք պետական ավիաընկերությունները, ընդ որում միավորվեցին վնասով աշխատող և շահութաբեր ավիաձեռնարկությունները։ Արդյունքում մենք ունեցանք մեկ ավիաընկերություն (այլ կերպ ասած՝ մենաշնորհ ստեղծեցինք):  Այդ ընկերությունն անվանակոչվեց  «Արմավիա», որն այս օրերին ոչ ևս է եղել։

Ահա, սա արդեն կործանարար էր։ Հիմա մենք ունենք այն, ինչ ունենք …                                                                         

Այսօր Հայաստանը սեփական ավիաընկերություն չունի, թեև կառավարությունը մեր օդային տարածքն ազատականացնելու որոշում է կայացրել, ինչը պարզապես «էստի համեցեք» է օտարերկրյա ավիաընկերությունների համար։ Իսկ ո՞ւր մնաց մեր հայկական ավիաընկերությունը...

Ինչևէ, մենք չունենք սեփական ավիացիա, բայց ունենք «Քաղաքացիական ավիացիայի օր» կոչվող տոնը։ Թող, որ այս նյութը ավիատորներին, ավիացիան սիրող մեր ընթերցողներին հիշեցնի այդ քաջարի մարդկանց պրոֆեսիոնալ տոնի մասին և ընդունվի որպես շնորհավորանք…

Լևոն ԱԶՐՈՅԱՆ, «Արմենպրես»-ի թղթակից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]