Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/31. «Եթե հատիկը չմեռնի». Նոբելյան մրցանակի դափնեկրի գիրքը վարկանիշային աղյուսակում է

Երևանյան բեսթսելեր 4/31. «Եթե հատիկը չմեռնի». Նոբելյան մրցանակի դափնեկրի 
գիրքը վարկանիշային աղյուսակում է

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է «Անտարես» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունների լույս ընծայած «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը, որն Անտուան դը Սենտ Էկզյուպերիի հանրահայտ գործն է։ «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով:

Անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» երկրորդ հորիզոնականում է: Առաջին անգամ վեպը հրատարակվել է 1890 թվականի հուլիսին, անգլիական թերթերից մեկում, իսկ առանձին գրքի տեսքով տպագրվել է 1891 թվականի ապրիլին:

Աղյուսակ է վերադարձել ու երրորդ տեղը զբաղեցրել Խորխե Լուիս Բորխեսի «Բաբելոնյան գրադարան»-ը։ Գրքում ներառված են XX դարի մեծագույն գրողներից մեկի պատմվածքների ժողովածուներից հինգը, որոնք ներկայացնում են հեղինակի ինքնատիպ խոհերը և ընթերցողին տեղափոխում ֆանտաստիկ մի աշխարհ, որը զերծ է ամեն կարգի պայմանականություններից: Բորխեսը կարողանում է ֆանտաստիկան հասցնել փիլիսոփայության մակարդակին և մետաֆիզիկան ու աստվածաբանությունը իջեցնել ֆանտաստիկայի մակարդակին: Իսպաներենից թարգմանել են Հովհաննես Բոդուկյանը և Կառա Չոբանյանը:

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը չորրորդ տեղում է։ Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն ստեղծագործությունն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Վարկանիշային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում Արմեն Հայաստանցու «Մայրենիք. դրոշ» գիրքն է։ Այն հեղինակի «Մայրենիք» եռագրության առաջին վեպն է, որում Հայաստանի դրոշի խորհուրդըբացահայտվում է՝ հրապարակախոսության և գեղարվեստական պատումի միահյուսմամբ:

Ֆյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ» ժողովածուն, որում տեղ են գտել ռուս անվանի գրողի մի շարք հայտնի ստեղծագործություններ, վեցերորդում է։

Ժան-Պոլ Սարտրի «Սրտխառնոց»-ը յոթերորդում է։ Գիրքը էքզիստենցիալիստ գրողի ամենահայտնի ստեղծագործություններից է: «Սրտխառնոց» վեպում գլխավոր հերոս Ռոկանտեսին բախտ է վիճակվում բացել էքզիստենցիալիզմի հիմնական գաղափարը։ Նրա առջև բացվում է դեպի ներաշխարհ ուղեկցողը։ Նա գտնում է էությունն ու անէությունը, աշխարհն իր մեջ և իր համար։

Ֆրանսիացի գրող, դրամատուրգ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Ժիդի «Եթե հատիկը չմեռնի» (1920) վիպակը ութերորդ տեղում է։ Սա նոր գիրք է վարկանիշային աղյուսակում։ Այն ինքնակենսագրական ժանրի ստեղծագործություն է, որտեղ հեղինակը, հոգևորի ու մարմնականի առճակատման և իր ներքին պայքարի մասին խոսելով, ներկայացնում է նաև այդ ժամանակաշրջանի հայտնի գրողների և արվեստագետների մի ամբողջ աստղաբույլ: Այս գիրքը ժամանակին մեծ աղմուկ է առաջացրել Օ. Ուայլդի վերաբերյալ արված մի քանի սենսացիոն խոստովանությունների պատճառով: Ֆրանսերենից թարգմանել է Թագուհի Բլբուլյանը։

Իններորդ հորիզոնականում Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքն է: Այն Գրինի ամենատխուր ստեղծագործություններից մեկն է, որը գրողը նվիրել է Էսթեր Ըրլին: Գրքի հերոսները քաղցկեղով հիվանդ երիտասարդներ են, սակայն 2014 թվականի ամենավաճառված և The New York Times-ի կողմից բեսթսելեր ճանաչված այս գիրքը հիվանդության ու մահվան մասին մռայլ պատմություն չէ, այն կյանքը սիրելու և վերջին րոպեներն իմաստավորված ապրելու մասին է:

Մելինդա Նադ Աբոնի «Աղավնիները թռչում են» վեպը եզրափակում է տասնյակը։ Գիրքը Կոչիշ ընտանիքի մասին է, որը Հարավսլավիայում հունգարական փոքրամասնություն է կազմում և արտագաղթում է Շվեյցարիա: Իրենց օրինակելի վարքի և աշխատասիրության շնորհիվ նրանք քաղաքացիություն են ստանում և բավական եկամտաբեր սրճարան աշխատեցնում: Դուստրերը՝ Իլդիկոն և Նոմին, մեծանում են երկու մշակույթների միջև, հրապուրվում մեկ Վոյվոդինայում կորցրած հայրենիքով, մեկ շվեյցարական հասարակության մաս կազմելու ցանկությամբ: Երկար ժամանակ է անցնում, մինչև Իլդիկոն հասկանում է, որ շվեյցարական անվրդով, իդեալական կյանքի հետևում պարզորոշ թշնամանք կա օտարների հանդեպ: Մելինդա Նադ Աբոնին գրավիչ և զգացմունքային պատմում է, թե ինչ դժվարությունների հետ է կապված ինտեգրացիան:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոյյան տապան» (56-81-84), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար- գրախանութը (077-24-54-81): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +2

Անտուան դը Սենտ Էկզյուպերի 

«Փոքրիկ իշխան»

Էդիթ Պրինտ\

Անտարես 

121
2 +2

Օսկար Ուայլդի

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 9
3 *

Խորխե Լուիս Բորխես

«Բաբելոնյան գրադարան»

Անտարես  6
4 -3

Մարկ Արեն

 «Այնտեղ, ուր ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 6
5 +5

Արմեն Հայաստանցի 

«Մայրենիք․դրոշ»

Անտարես  5
6 *

Ֆյոդոր Դոստոևսկի 

«Պատմվածքներ» 

Բուկինիստ 4
7 +1

Ժան-Պոլ Սարտրի 

«Սրտխառնոց» 

Անտարես  4
8

 

 նոր 

 Անդրե Ժիդ

«Եթե հատիկը չմեռնի» 

Զանգակ  3
9 -4

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր» 

Էդիթ Պրինտ 3
10 *

Մելինդա Նադ Աբոն 

«Աղավնիները թռչում են»

Զանգակ  3

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անի Նազարյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]