Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 29.09.2016

Սպասվող լրահոս. 29.09.2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` սեպտեմբերի 29-ին,  ՀՀ կառավարության հերթական նիստն է նախարարական նոր կազմով: Գործադիրը քննարկելու է երկու տասնյակից ավելի հարցեր: Անդրադառնալու է ««Նաիրիտ գործարան»-ի համար գործունեության և կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Դրանից բացի, կառավարությունն իր եզրակացությունն է ներկայացնելու հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման անկախության բարձրացման նպատակով առաջարկվող իրավական գործողությունների ծրագրի վերաբերյալ:

Բացվում է Հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոն:  Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Իտալիայի ԱԳ նախարարության Համագործակցության զարգացման գործակալության փորձագետ, ճարտարապետ Ռիտա Գոնելլին և այլք կներկայացնեն կենտրոնի ստեղծման նպատակն ու առաջիկա ծրագրերը:

ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի ներկայացուցիչներն ամփոփում են Հայաստան կատարած իրենց այցը: Նրանք լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնեն ՀՕՖ-ի՝ վերջին տարիների աշխատանքն ու առաջիկա անելիքները։ Ի թիվս այլ ծրագրերի, տնօրենների խորհուրդը կներկայացնի նաեւ «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագիրը։

Մեկնարկում է ԵՄ-ի օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության դրամաշնորհային ծրագիրը: Մանրամասները կներկայացնեն ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլթերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը: Այսօր կհայտարարվի նաև փոքր ֆերմերային աջակցության ծրագրի բաց մրցույթ:

Հոկտեմբերի 1-ն  ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն է: Օրվան ընդառաջ այսօր կանցկացվի քննարկում` «Առկա մարտահրավերներն ընտանեկան բռնության դեմ պայքարում» թեմայով: Կմասնակցեն Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչները և այլ անձինք:

Հայաստանի նկարիչների միությունում կբացվի նկարիչ, քանդակագործ  Գևորգ Մշեցի-Ջավրուշյանի «Ժամանակ x ժամանակ x ժամանակ» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Նա այս անգամ հանդես կգա 90-ից ավելի կոլաժների հավաքածուով, որոնցից 60-ը պատրաստված են աթոռներից:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]