1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կարեն Կարապետյանը ներկայացրել է նորանշանակ նախարարներին

Կարեն Կարապետյանը ներկայացրել է նորանշանակ նախարարներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ սպորտի և երիտասարդության, ՀՀ բնապահպանության, ՀՀ առողջապահության, ՀՀ մշակույթի և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ սպորտի և երիտասարդության նախկին նախարար Գաբրիել Ղազարյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ու պարոն Ղազարյանն աշխատելու են միասին և նրանցից ակնկալիքները մեծ են: Վարչապետի խոսքով՝ պետք է անել հնարավորն առողջ ապրելակերպի գաղափարը երկրում, հատկապես գյուղական համայնքներում, տարածելու համար և այդ նպատակով նախարարությունից ակնկալում է որակապես նոր ու համարձակ աշխատանք, նաև՝ համապատասխան հիմնադրամների ներգրավմամբ: Վարչապետը նաև նշել է. «Անհրաժեշտություն կա կազմակերպել ազգային ծրագիր, թե ինչպես ենք ստեղծելու մի իրավիճակ, երբ սպորտը դառնում է անհրաժեշտություն, պետք է այդ գաղափարը տարածել»:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին, նրան մաղթել հաջողություններ, արդյունավետ աշխատանք, իսկ նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բնապահպանության նախարարությունից և անձնակազմից ակնկալում է նոր թափ և նոր ուղղություններ, արդյունավետ համագործակցություն միջազգային հիմնադրամների հետ, ինչը թույլ կտա ներգրավել ֆինանսական միջոցներ, նոր մշակույթ և նոր չափորոշիչներ: «Խստորեն պետք է նայել նաև այսօրվա կառուցվածքին, ՊՈԱԿ-ներին, աշխատակազմին և գնալ յուրաքանչյուր լումայի հետևից: Պետք է հասկանանք, թե այս լուման ինչ նպատակի է ծառայում և այդ նպատակը կատարվում է, թե ոչ»,- նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետն անհրաժեշտ է համարել բնապահպանության ոլորտում տրամաբանական առևտրայնացումը և կարևորել էկոտուրիզմի զարգացումը, որը մեր զբոսաշրջության գրավիչ ճյուղերից մեկն է: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ աշխատանքները պետք է իրականացնել արագ և արդյունավետ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանին և մաղթել արդյունավետ աշխատանք: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արմեն Մուրադյանին կատարած աշխատանքի համար: 
Կարեն Կարապետյանը, գնահատելով այն պատվավոր և անհրաժեշտ աշխատանքը, որ իրականացվում է առողջապահության բնագավառում, նշել է, որ պետք է վերանայել կառավարման կառուցվածքը՝ առավելագույնս օպտիմալացնելով այն:«Յուրաքանչյուր գումար, որը ներդրվում է առողջապահության ոլորտում, պետք է ունենա տրամաբանություն և արդյունավետություն: Անհրաժեշտ է ստեղծել արդարացի և թափանցիկ միջավայր, որտեղ բաշխվում են պետական բյուջեի միջոցները, պետպատվերները»,- ասել է վարչապետը: Կարևորելով պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ վարչապետն ընդգծել է, որ ակնկալում է ոլորտում ստեղծել մի միջավայր, որը հնարավորություն կտա ներգրավել նաև միջազգային հայտնի առողջապահական բրենդեր, ձևավորել նոր մշակույթ, ստեղծել մրցակցային իրավիճակ: Կարեն Կարապետյանն արդիական է համարել նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը: «Դուք անպայման պետք է ունենաք նպատակ, որպեսզի ՀՆԱ-ի մեջ ձեր ձևավորած արժեքը և բյուջեի մեջ ձեր ուղղությամբ ծախսվող գումարները լինեն համաչափ»,- նշել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ մեծ հույսեր է կապում ոլորտի մասնագետների հետ, որովհետև առկա է լավ հիմք:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին կատարած աշխատանքի համար: Կարեն Կարապետյանը նշել է, որ մշակույթն ու պատմությունը մեր ազգի հպարտությունն են և ավելացրել, որ ոլորտի մասնագետներից ակնկալում է առավելագույնս արժևորել այն: «Մշակույթը մեծ դեր ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու ճաշակի և կրթվածության ձևավորման հարցում: Մենք պետք է մտածենք, թե ինչպես անել, որպեսզի քաղաքացին և աշխարհը ճանաչի մեր մշակույթը, կարողանանք ստեղծել մի միջավայր, որը թույլ կտա ՀՀ քաղաքացուն ծանոթանալ միջազգային մշակութային արժեքներին: Այդ իսկ պատճառով, նոր նախարարից և ձեր թիմից ակնկալում եմ առավելագույն արդյունավետ աշխատանք»,- նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով՝ հայկական մշակույթը մեծ դեր ունի և կարող է լավ գրավական հանդիսանալ նաև զբոսաշրջիկների ներգրավման առումով: Վարչապետն Արմեն Ամիրյանին և նախարարության անձնակազմին մաղթել է արդյունավետ և ստեղծագործ աշխատանք:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սուրեն Կարայանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արծվիկ Մինասյանին կատարած աշխատանքի համար: Վարչապետը նշել է, որ մեծապես կարևորում է այս նախարարության աշխատանքը և պարոն Կարայանից ու աշխատակազմից ակնկալում է կառուցվածքային նոր լուծումներ և առաջարկություններ: «Մենք պետք է հանրությանը, ներդրողին, գործարարին հայտարարենք և ամեն ինչով ապացուցենք, որ իր կողքին կանգնած ենք: Մենք պետք է վերանայենք այն օրենսդրական նորմատիվ դաշտը, որը ձևավորում է բիզնես միջավայրը: Եթե այնտեղ առկա են խոչընդոտներ, պետք է վերացնենք: Պետք է ստեղծել այնպիսի դաշտ, որպեսզի արտասահմանից ներդրողը գա և իրեն զգա ապահով ու արդարացի միջավայրում: Ձեզնից ակնկալում եմ նաև նոր նախագծեր, որոնք կկարողանանք տրամադրել արտաքին աշխարհին»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ այս նախարարությունը պետք է իր կառավարման որակով օրինակ ծառայի բիզնեսին, ներկայացնի ժամանակակից կառավարման ձևերը: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև նախարարության ու բանկային համակարգի սերտ համագործակցությունը և ընդգծել. «Պետք է հասկանալ, ինչ ենք ուզում անել մեր երկրում, ինչպես ենք ցանկանում զարգանալ և այդ նպատակին հասնելու համար ինչ դաշտ պետք է ստեղծենք, որպեսզի բիզնեսն իրեն լավ զգա: Մենք պետք է ստեղծենք արդարացի, հավասար պայմաններ, պետք է կանգնած լինենք այն մարդու կողքին, ով ունի գաղափար, ուժ և համարձակություն՝ ստեղծելու հավելյալ արժեք: Նա պետք է իմանա, որ մենք իր կողքին ենք բոլոր ատյաններում՝ հարկային, իրավապահ և այլն: Հենց դա ապահովենք՝ կունենանք երկրի զարգացում. այլ տարբերակ չունենք: Այդ առումով ակնկալում եմ նպատակասլաց ու համարձակ աշխատանք»: 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]