Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նարեկ Սարգսյանը պարգևատրել է քաղաքաշինության ոլորտի ներկայացուցիչներին

Նարեկ Սարգսյանը պարգևատրել է քաղաքաշինության ոլորտի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանի հրամանով սեպտեմբերի 27-ին ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ քաղաքաշինության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարությունում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ, որին մասնակցել են նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, շինարարների միության նախագահը` հանձնվել են պարգևները, որին արժանացել են Լևոն Քալանթարյանը, Պապիկ Հարությունյանը, Աշոտ Հովեյանը, Ալեքսանդր Վարդանյանը, Սերոժ Սուքիասյանը (http://minurban.am/lows/files/294973690_10Hraman.pdf):

Հավելենք, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացմամբ «Էներգացանցնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ խորհրդի նախագահ, շինարար Վլադիմիր Մարգարյանը սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով (http://www.president.am/hy/decrees/item/3229/), որը նրան հանձնեց Նարեկ Սարգսյանը:

Շնորհավորելով պարգևատրվողներին և ներկաներին նախարարի պաշտոնակատարը նշեց. «Փաստ է, որ քաղաքաշինության ու ճարտարապետության բնագավառը անցած քառորդ դարի ընթացքում լուրջ առաջընթաց է ապրել: Անցած շրջանում մենք ունեցանք նոր, ուշագրավ մտահղացումների իրականացում. կառուցվեցին ու վերակառուցվեցին ճանապարհներ, դպրոցներ, մշակութային օջախներ, պողոտաներ, կամուրջներ: Բնականաբար, այս գործընթացին իրենց կարևոր դերն ու մասնակցությունն ունեցան հեռու և մոտ սփյուռքյան գաղթօջախներում բնակվող մեր տասնյակ  հայրենակիցները, որոնք ոչ միայն եկան իրենց մասնակցությունն ունենալու և շենացնելու հայրենիքը, այլև մնացին ու ապրեցին անկախ Հայաստանում:

Ոչ միայն սեյսմիկ անվտանգության, այլև ճարտարապետական ստեղծագործական մտքի սահմաններն ընդլայնելու տեսակետից երրորդ հանրապետության տարիներին արձանագրված լուրջ առաջընթաց եղավ շինարարության մեջ նոր տեխնոլոգիաների և նյութերի կիրառումը: Կարևոր ձեռքբերում եմ համարում նաև տեղական շինարարական նյութերի արտադրությունն ու զարգացումը:

Անկախության 25-ամյակի առթիվ քաղաքաշինության բնագավառում ավանդի համար պարգևատրվող կառուցապատողներն ու շինարարները հենց այն մարդիկ են, որոնք անկախ Հայաստանի կառուցման մեջ մեծ ավանդ ունեցող առաջինների թվում էին»:

Շնորհավորելով Վլադիմիր Մարգարյանին նախարարը նշեց, որ նա մեծ ավանդ ունի շինարարության ոլորտի զարգացման ու կայացման գործում: Բնագավառի պատրիարք՝ այսպես բնորոշեց ՀՀ նախագահի պարգևին արժանացած վաստակավոր շինարարին Ն. Սարգսյանը՝ ստեղծագործական նոր վերելքներ մաղթելով: «Մեր նախարարությունը շինարարաների միության հետ համատեղ է ներկայացրել Վլադիմիր Մարգարյանին նախագահի պարգևին, նա մեր ոլորտի պատրիարքն է. մարդը պետք է այդպես ապրի իր տարիները, որ ավելի երիտասարդները հպարտանան իրենով»:

Ն. Սարգսյանը շնորհավորեց քաղաքաշինության բնագավառում ոսկե մեդալի արժանացած բոլոր շինարարներին, ընդգծելով և կարևորելով նրանց վաստակը: Խոսելով մեր իրականության մեջ շինարարների դերի և գնահատանքի մասին, նա անդրադարձավ նաև Վաստակավոր շինարարի կոչման վերականգնմանը, որն, ըստ էության,  քաղաքաշինության նախարարության անցած երկու տարիների համառ ջանքերի շնորհիվ իրականություն դարձավ:

Առանձնաբար անդրադառնալով Սերոժ Սուքիասյանի գործունեությանը, նա նշեց, որ իրանահայ ներդրողին ՀՀ քաղաքաշինության նախարարությունն արժանացրել է բարձր գնահատանքի, քանի որ նա արդեն 15 տարուց ավելի Իրանից տեղափոխվելով և բնակվելով Հայաստանում, գործունեություն է ծավալում ոչ միայն որպես ներդրող, այլև՝ որպես քաղաքաշինարար` օրինակելի մոտեցում ցուցաբերելով և նոր որակ ապահովելով նաև համատիրությունների կազմակերպման մշակույթում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]