Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երաժշտությունը միջազգային լեզու է, ես տիրապետում եմ այդ լեզվին. Վահրամ Բաբայան

Երաժշտությունը միջազգային լեզու է, ես տիրապետում եմ այդ լեզվին. Վահրամ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը կարծում է, որ հայաստանյան երաժշտական ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք անհապաղ լուծում են պահանջում: Այս և այլ թեմաների շուրջ«Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ կոմպոզիտոր,  դաշնակահար Վահրամ Բաբայանի հետ:

-Ե՞րբ հասկացաք, որ երաժիշտ եք դառնալու:

-Հայրս երաժիշտ էր: «Նվագախմբի տղաները» ֆիլմում «Ճուտոյի» նախատիպը հայրս է՝ չնայած դրա մասին քիչ է խոսվել: Հորս պատմությունն է: Երեք տարեկան էի, երբ ընտանիքով գնացինք Վերդիի «Աիդա» օպերան լսելու: Ներկայացմանը հայրս էր նվագում: Հիշում եմ հաղթական քայլերգը, երբ հերոսները հաղթանակած վերադառնում են: Ցնցված էի և տպավորված: Երևի, այդ ժամանակ զգացի, թե ինչ է բեմը, երաժշտությունը: Երբ դպրոց գնացի, շատ հիասթափվեցի: Կարծում էի՝ դպրոցը օպերայի նման պետք է լինի, ուսուցիչն էլ բեմի վրա պետք է կանգնի: Սակայն ես լավ էի սովորում: 4-5 տարեկան էի, երբ սկսեցի ստեղծագործել: Հայրս իմ առաջին ու գլխավոր ուսուցիչն էր: Նա շատ լուրջ էր ինձանով  զբաղվում: Ասում էր. «Նախևառաջ գերմանական երաժշտություն՝ Բախ և Բեթհովեն է պետք ուսումնասիրել»:  Հիմա ես նույնը իմ ուսանողներին եմ ասում:

-Ձեր հայրը և Առնո Բաբաջանյանը մտերիմներ էին: Բաբաջանյանի հետ կապված հետաքրքիր դեպք հիշու՞մ եք:

-Բաբաջանյանը հաճախ էր գալիս մեր տուն: Իմպրովիզներ էր անում. իր հայտնի ստեղծագործությունները տարբեր կերպ նվագում... Ես լսում էի... Կոմպոզիտորների տանը կայացած համերգներից մեկի ժամանակ իմ սիմֆոնիան էի նվագել դաշնամուրային տարբերակով: Բաբաջանյանը դահլիճում էր և լսեց իմ գործը: Հետո եկավ մեր տուն, գրկեց ինձ ու հարցրեց՝ որ մեծանամ, ի՞նչ եմ դառնալու: Ասացի՝ վարորդ: Նա էլ թե. «Դու մեծ կոմպոզիտոր կլինես, կհարստանաս, մեքենա կգնես և վարորդ կդառնաս»: Այդ  գաղափարը ինձ շատ դուր եկավ, ափսոս, մաեստրոն հարստանալու հարցում սխալվեց:

-Ասում են, ինը տարեկանում  սիմֆոնիա եք գրել: Ի՞նչ ճակատագիր է ունեցել այն:

-Շատ ստեղծագործություններ ունեմ: Երբ գրվեց սիմֆոնիան, նվագախումբը կատարեց, հետագայում ես դաշնամուրային տարբերակով այն նվագեցի: Իմ ստեղծագործություններից շատերը ներառված են երաժշտական դպրոցների, քոլեջների ծրագրերում: Իսկ եվրոպական երկրներում շատ գործեր են կատարվում. անգամ փառատոններ են կազմակերպվում: Վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցավ «Վահրամ Բաբայանի երաժշտության փառատոն», սակայն առողջական խնդիրների պատճառով չկարողացա ներկա լինել: Հայաստանում երկու անգամ նման փառատոն է անցկացվել: Երրորդն անցկացնելու ժամանակն է:

-Բազմաթիվ օպերաներ եք գրել: Հայաստանյան բեմում որևէ մեկը բեմադրվե՞լ է:

-Անցյալ տարի որոշեցին իմ «Մուսա լեռան 40 օրը» օպերան բեմադրել, սակայն որոշումը մնաց թղթի վրա: Ակադեմիական թատրոնում անգամ նոտաներս կորցրեցին, բարեբախտաբար բնագիրը չէր:

-Բազմիցս հանդես եք եկել արտերկրում և մեծ ճանաչման հասել: Ո՞րն է այլ երկրներում ձեր հաջողության հասնելու գաղտնիքը:

-Երաժշտությունը միջազգային լեզու է: Ես տիրապետում եմ այդ լեզվին:

- Ի՞նչ հիշարժան դեպք կպատմեք ձեր օտարերկրյա ուղևորություններից:

-Երաժիշտների մի խմբով ֆինլանդիայում էինք, մասնակցում էինք փառատոնի: Համերգներից մեկի ժամանակ պետք է չին թավջութակահար ելույթ ունենար: Մեզ կանչեցին ԱԱԾ-ից և ասացին, որ նրա ելույթի ժամանակ չպետք է ծափահարել, քանի որ ԽՍՀՄ-ի հարաբերությունները  Չինաստանի հետ լարված էին: Երաժիշտը հրաշալի նվագեց, և միայն ես ծափահարեցի: Բնականաբար, ինձ կանչեց ԱԱԾ-ի ներկայացուցիչը և հաշվետվություն պահանջեց: Մի պահ ցանկացա ըմբոստանալ, հետո գլխումս մի փայլուն միտք ծագեց և ասացի. «Ես Շոստակովիչին էի ծափահարում»: Չին երաժիշտը Շոստակովիչի գործերից էր նվագել: Նա նայեց ինձ և ասաց. «Хорошо. Идите»: Ասում են, թե հրեական քայլ եմ կատարել:

-Ըստ Ձեզ, երաժշտության ոլորտում  այսօր ի՞նչ խնդիրներ կան:

-Խնդիրները շատ են և տարբեր: Անիմաստ թարգմանվում են երաժշտական տերմինները, որոնք հաճախ անտեղի են օգտագործվում: «Կվարտետ» բառը թարգմանվել է «քառյակ», իսկ «կոնցերտը»՝ «համերգ»: Ասում են. «Արամ Խաչատրյանի ջութակի համերգ»: Սա անընդունելի է: Խնդիր եմ համարում նաև Կոմիտասի ստեղծագործությունները մշակելը, վերաձևափոխելը և այլ կերպ ներկայացնելը: Կարծում եմ՝ պետք է այդ երևույթը՝ դասականներին վերափոխելը սահմանափակող, արգելող օրենք ընդունվի: Ըստ իս՝ ժողովրդական գործիքների, ջազ-էստրադային բաժինները կոնսերվատորիայից պետք է առանձնացնել: Հիմա անդադար քարոզում են գուսանական երաժշտություն: Դա մերն է, և պետք է այն պահել, սակայն խառնել դասականին պետք  չէ: Պատկերացնու՞մ եք, եթե հիմա  Հունաստանում ռապսոդներ լինեին… Առաջ գնալ է պետք:

-Դասավանդելուց բացի ուրի՞շ ինչով եք զբաղվում ներկայումս:

-Լարային նվագախմբի համար նոր գործ եմ գրում, որը շուտով կավարտեմ: Առաջարկ եմ ստացել Գերմանիայից: Ցանկանում են «Վահրամ Բաբայանը և Գերմանիան» վերնագրով գիրք գրել, քանի որ բազմիցս եղել եմ այնտեղ, և շատ բան կա ասելու: Գերմանացիներն ինձ հաճախ ասում են, որ ես ավելի գերմանացի եմ, քան իրենք: Սակայն պետք է նշել, որ ավելի հայրենասեր եմ, քան շատ ճչացողներ:

Վահրամ Բաբայանի մասին  երեք գիրք է գրվել ԱՄՆ-ում, երկուսը` Գերմանիայում: Կոմպոզիտորը ստեղծագործում է երաժշտական բոլոր ժանրերում:  Ունի 6 օպերա` «Օտարականը», «Բեթհովենի նամակները», «Համլետ», «Liramlarum», «Երգ սիրո և գեղեցկության մասին», «Մուսա լեռան 40 օրը», 4 բալետ` «Պիգմալիոն», «Պան», «Դեպի լույս», «Փոքրիկ իշխանը», 2 սիմֆոնիկ պոեմ, ինը սիմֆոնիա, բազմաթիվ կոնցերտներ, 3 կամերային և 4 երգչախմբային սիմֆոնիա, յոթ լարային կվարտետ և այլ ստեղծագործություններ, որոնք հնչել են աշխարհի 35 երկրում: Դրանք առանձնանում են հոգեբանական խորությամբ, ինքնատիպ աշխարհայացքով և փիլիսոփայությամբ:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]