Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արգենտինահայ ընտանիքի շնորհիվ Մելիք գյուղի աշակերտներն կսովորեն բարենորոգ դպրոցում

Արգենտինահայ ընտանիքի շնորհիվ Մելիք գյուղի աշակերտներն կսովորեն բարենորոգ դպրոցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը սեպտեմբերի 25-ին Մելիք գյուղում (Արագածոտնի մարզ) հանդիսավորությամբ բացեց համայնքի միջնակարգ դպրոցը, որը հիմնանորոգել է արգենտինահայ Հրաչ եւ Մարի Սուրենյան ամուսինների օժանդակությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից:

Բացման արարողությունը կայացավ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ, ծրագրի հովանավոր ամուսնների, արգենտինահայ բարերարների ավելի քան երկու տասնյակ հյուրերի, հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին նաեւ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, պաշտոնյաներ, հյուրեր:

Հանդիսությունը մեկնարկեց համայնքի Սուրբ Հովհաննես (1895թ.) եկեղեցում մատուցված սուրբ պատարագով, որի ընթացքում կատարումով հոգեւորականներին միացավ նաեւ բարերար, սարկավագ Հրաչ Սուրենյանը: Տոնական օրը նշանավորվեց նաեւ բարերարների հովանավորությամբ համայնքի 17 երեխաների մկրտությամբ: 

Դրանից անմիջապես հետո մեկնարկեց վերանորոգված դպրոցի բացման հանդիսությունը, որը եզրափակվեց ազգային երգ ու պարով, ասմունքով: 

«Ամեն երկիր ունի զարգացման իր ռեսուրսը, Հայաստանի դեպքում դա գիտելիքն է, որը ձեւավորվում եւ ամրապնդվում է դպրոցում: Այստեղ է կրթվում Հայաստանի այն ապագան, որի մասին բոլորս երազում ենք: Մաղթում եմ, որ լավ կրթություն ստանաք եւ այն ներդնեք հայրենիքի շենացման գործում»,- ողջույնի խոսքում նշեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Բարերարներին ու Հիմնադրամին ուղղված երախտիքի խոսքով հանդես եկավ գյուղապետ Դերենիկ Շահբազյանը, ով համայնքի անունից տեր եւ տիկին Սուրենյաններին Մելիքի պատվավոր քաղաքացու հավաստագիր հանձնեց: Հրաչ Սուրենյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Հիմնադրամին եւ արգենտինահայ բարերար Կալչիյան ընտանիքին, ում ներդրումները հայրենիքում օրինակ են ծառայել իրենց այս ձեռնարկի համար:

1994թ.-ի կառույցը հիմնանորոգումից հետո նոր շունչ է ստացել՝ նոր տանիք, դռներ ու պատուհաններ, սանհանգույցներ, վերափոխված հատակ, էլեկտրականության նոր համակարգ: Արդիականացվել է նաեւ շենքի արտաքին տեսքը. կատարվել է արտաքին պատերի հարդարում, նորացվել նախամուտքը, բարեկարգվել բակային տարածքը: Նորակառույց կաթսայատունն ու ջեռուցման համակարգն էլ թույլ են տալիս դասերը հարմարավետ պայմաններում անցկացնել նաեւ ցուրտ ամիսներին, ինչը կարեւոր է խստաշունչ կլիմա ունեցող այս տեղանքի համար: 

Կրթօջախում այսօր ուսանում է 153 աշակերտ: Դպրոցի տնօրեն Արթուր Ղեւոնդյանի խոսքով՝ 12-ամյա կրթություն ստանալուց հետո, ամեն տարի 8-ից 10 շրջանավարտ ուսումը շարունակում է բարձրագույն ուսումնական հաստատություններում:

17-րդ դարում հիմնված գյուղն ունի շուրջ 1300 բնակիչ: Համայնքը գտնվում է Ապարանից մոտ 20 կմ հյուսիս-արեւելք, ծովի մակերեւույթից 2100 մ բարձրության վրա, եւ ունի բարձրալեռնային շրջանին բնորոշ խիստ կլիմա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]