«Գյումրու օր»-ը նշանավորեց վերականգնված «Սև ամրոց»-ում հնչած ռոքը
ԳՅՈՒՄՐԻ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրու օր» տոնակատարությունների շրջանակներում, երեք ժամ շարունակ, Գյումրու վերականգնված «Սև ամրոց»-ում հնչեց ռոք:
«Ռոք Ֆեստ 2016»-ը միջազգային փառատոնն անցկացվում էր առաջին անգամ, որին մասնակցեցին տարբեր խմբեր ինչպես Հայաստանից, այնպես էլ հարևան Վրաստանից և Միացյալ Նահանգներից:
Մինչ փառատոնի մեկնարկը, վերականգնումից հետո «Սև ամրոց»-ն իր դարպասները բացեց հասարակության առջև, որպես հասարակական միջոցառումների անցկացման վայր: Նշենք, որ 19-րդ դարի պատմական կառույցը սեփականաշնորհվել է միայն այդ պայմանով: Ընթացքում ամրոցի բակում ևս ելույթ էին ունենում ռոք-խմբեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ռոք Ֆեստ 2016»-ի բացման պատիվը Գյումրիում 60- ականներին ստեղծված «Բամբիռ» ֆոլք-ռոք խմբին էր: Փառատոնի ընթացքում հնչեցին ինչպես հին, այնպես էլ «Բամբիռ»-ի նոր սերունդների տարբեր կոմպոզիցիաներ: Ելույթ ունեցան նաև «Ալեքսանդրապոլ» և Rozen Tal խմբերը, ապա նաև իրենց կատարումներով գյումրեցիներին և Գյումրի այցելած հյուրերին ուրախացրին Sima Cunningham-ը (ԱՄՆ), Young Georgian Lolitaz-ը (Վրաստան), Black Marrows-ը (Վրաստան), Palm of Granite-ը (ԱՄՆ):
Փառատոնն անցկացվեց «Ծիրանափող» մշակութային, երիտասարդական կազմակերպությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ, Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի և «Գյումրու օր» տոնակատարությունների շրջանակներում:
Փառատոնին մասնակցելու համար փառատոնի կազմկոմիտեի կողմից բաժանվել էր 2 հազար հրավիրատոմս, որոնք սպառվել էին համերգից օրեր առաջ:
Արմենուհի Մխոյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում