Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 26.09.2016

Սպասվող լրահոս. 26.09.2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր՝ սեպտեմբերի 26, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Հիշեցնենք, որ նախորդ կառավարության նիստին գործադիրը հավանության էր արժանացրել նախագիծ` կապված կառուցվածքային փոփոխությունների հետ:

Այսօր պարզ կլինի, թե ինչ միջոցառումներ են նախատեսված «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում: Միջոցառումների աշխատանքային խմբի համակարգող, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, ինչպես նաև սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և արտաքին ձևավորման վարչության պետ Արազ Բաղդասարյանը կներկայացնեն ծրագրով նախատեսված միջոցառումների մանրամասները: Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանն օրեր առաջ հայտարարել էր, որ այս տարի տոնական միջոցառումներն առավել համեստ են անցկացվելու:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը կներկայացնեն Հայաստանում սոցիալական խմբերի խոցելիության վերլուծություն: Վերլուծությունը կովկասյան տարածաշրջանում իր տեսակի մեջ առաջինն է: Այն վերհանում է մանկական աղքատության ամբողջական պատկերը համադրելով` աղքատության դրամային և ոչ դրամային կողմերը:

Ի՞նչ ակնկալիքներ կան կառավարության փոփոխությունից, ինչպիսի՞ բարեփոխումներ են անհրաժեշտ և ի՞նչ ծրագրեր սպասել նոր վարչապետից: Այս և այլ հարցերին են անդրադառնալու մտավորականները` Հայաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Տիգրան Արզումանյանը, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը և Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Սեպտեմբերի 28-ին Երևանում անցկացվելու է «Գութան» ազգագրական երգի պարի փառատոնը: Դրան ընդառաջ, փառատոնի հիմնադիր, «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնի ղեկավար Արսեն Գրիգորյանը, «Կարին» ազգագրական համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, «Նուբար» ազգագրական համույթի ղեկավար Լուսինե Նազարյանը կներկայացնեն մանրամասներ: Փառատոնի ընթացքում կցուցադրվեն հայ երգարվեստի, երաժշտարվեստի և պարարվեստի երախտավորների գործունեության մասին պատմող կարճամետրաժ ֆիլմեր:

Մեկ այլ փառատոնի մասին: Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր կկայանա «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի պաշտոնական բացումը: «Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը» խորագրով միջազգային գիտաժողովը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: Այս տարի փառատոնը կհյուրընկալի կատարողներ Հայաստանից, Ճապոնիայից և Ֆրանսիայից։ Կոմիտասին նվիրված զեկուցումներով հանդես կգան անվանի մասնագետներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Կիպրոսից, Հայաստանից, Ռուսաստանից և Ֆրանսիայից։

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը  ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում կանցկացվի «Հայ երգի օր» համերգային ծրագիրը, որ նվիրվում է Կոմիտասին: Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը: Համերգին կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած կատարողներ, կհնչեն հայկական-ժողովրդական, դասական և էստրադային ստեղծագործություններ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]