Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

ՀՀ անկախության 25-ամյակ 

ՀՀ  Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության Նախագահը մի խումբ անձանց պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական կոչումներ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը,  ելույթ ունենալով ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին, նշեց, որ առաջ շարժվելու հայ ժողովրդի բանաձևը շատ պարզ է` աշխատանք, աշխատանք և աշխատանք: «Քառորդ դար առաջ այս օրը մենք կատարեցինք մեր ընտրությունը հանրաքվեի թերթիկներով, բայց բոլորս էլ գիտենք, որ մեր սրտերում և մեր հավաքական հիշողության մեջ այդ ընտրությունը վաղուց էինք կատարել»: Նա նաև հավելեց. «Մենք միշտ վառ ենք պահելու Արցախի և Հայաստանի նոր սերնդից ճառագող այն լույսը, որ ապրիլյան օրերին բոլորիս դարձրել էր միասնական»։

Երևանի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին կայացավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ամենանշանակալի իրադարձությունը` տոնական զորահանդեսը: Զորահանդեսի ընթացքում հանդիսավոր երթով անցան ՀՀ Զինված ուժերի հետեւյալ ստորաբաժանումները. Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների ստորաբաժանումը, ազատամարտիկներից, հոգևորականներից` գնդերեցներից կազմված զորախմբերը, Վ.Սարգսյանի անվան ուսումնարանի կուրսանտները, Մարշալ Ա.Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտները, Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտները, ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտիկները, Առաջին, Երկրորդ, Երրրորդ, Չորրորդ եւ Հինգերորրդ բանակային կորպուսների ստորաբաժանումներ, ՌԴ 102 ռազմաբազայի զինվորները, Առանձին հատուկ նշանակության բրիգադը, ՀՀ ոստիկանության զորքերի ստորաբաժանումները, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները, խաղաղապահ բրիգադը, Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Երևանում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի և ռուսական այլ զինատեսակների ներկայացմանը: Մասնավորապես, ադրբեջանական haqqin.az-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի համար հանդիսանում են բարեկամական պետություններ: «Զինտեխնիկայի մատակարարմամբ զբաղվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը: Այդ մատակարարումներն իրականացվում են միջպետական համաձայնագրերին համապատասխան»,- ասել է Զախարովան: 

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն 2016 թվականի սեպտեմբերի 21-ին շրջանառության մեջ դրեց 2 նամականիշ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին։ Մարումն իրականացրեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանը բարեփոխումների նոր արագացված փուլ է մտել: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առիթով կազմակերպված հանդիսավոր համերգի ընթացքում: «Դրանք սոսկ կադրային փոփոխություններ չեն, ինչպես ոմանք են կարծում: Դրանք համակարգային փոփոխություններ են, որոնց արդյունքում ունենալու ենք որակապես նոր պետություն»,- հայտարարեց ՀՀ Նախագահը:

Ներհայաստանյան զարգացումներ 

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվար-օգոստոսին 2.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ ցուցանիշն աճել է 28.2 տոկոսով: 

Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթել են 161 համայնքներում: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը նշեց, որ կուսակցությունը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի 237 համայնքներում տեղի ունեցած ընտրություններին: «Իհարկե, ոչ բոլոր համայնքներում ենք առաջադրել թեկնածու, բայց մենք առաջադրել և պաշտպանել ենք նաև մարդկանց թեկնածություն, ովքեր անկուսակցական են: Նրանցից ավելի քան 20-ը ևս հաղթել են»,- հայտնեց Թադևոսյանը: ՀՀԿ-ական թեկնածուները  պարտվել են շուրջ 20 համայնքում: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավարը դա նորմալ երևույթ է համարում, քանի որ դա տեղի է ունեցել արդար մրցակցության պայմաններում:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք նախարարների նշանակման հրամանագրեր է ստորագրել: Նախագահի հրամանագրով Աշոտ Մանուկյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում: Իգնատի Առաքելյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի, Վահան Մարտիրոսյանը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում: ՀՀ Նախագահի հրամանագրով Վարդան Արամյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Վաչե Գաբրիելյանին ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնում նշանակման մասին:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության կառուցվածքային փոփոխություններն ինքնանպատակ չի համարում: Կառավարության նիստում վարչապետը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը և նշեց, որ Էկոնոմիկայի նախարարության վերանվանման հետ կապված ցանկացել են հատուկ շեշտադրել գործարարներին, Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարությունը լինելու է այն օղակը, որը գործարարի «ձեռքից բռնած» օգնելու է, որ նրա համար խոչընդոտներ չստեղծվեն: Նոր որոշմամբ՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պետք է դառնա էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն։ Անդրադառնալով Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կազմում Գյուղատնտեսության նախարարությանը պատկանող Ջրային պետական կոմիտեի ամրակցմանը, վարչապետն ասաց, որ ջրերի հարցում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: «Տրամաբանությունն այն է, որ գյուղացուն չպետք է նեղացնենք, սակայն դա բերում է ոչ արդյունավետ ծախսերի: Չեմ ուզում ստեղծվի տպավորություն, թե սուբյեկտիվ քայլեր ենք անում՝ նոր կառավարչի հաշվին: Ավիացիայի վարչությունն էլ տեղափոխում ենք Տրանսպորտի և կապի նախարարություն: Էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնում ենք Տուրիզմի վարչությունը, որը կդառնա կոմիտե ու կոնկրետ խնդիրներ ենք դնում նրա առջև, քանի որ հարևան երկրին մենք անհամեմատ զիջել ենք: Քաղաքաշինության նախարարության փոխարեն կստեղծենք Ճարտարապետության և մշակութային պահպանման կոմիտե»,- ասաց Կարապետյանը: Խոսելով ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանման կոմիտեի մասին` վարչապետը նշեց. «Ես գիտեմ, որ մշակույթի նախարարը դա սխալ է համարում, որովհետև գտնում է, որ մշակույթի նախարարությունն այն ավելի լավ կպահպանի, քան ճարտարապետները, բայց մենք ցանկանում ենք այդ մասնագիտացված ոլորտները միացնել»:

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին հանդիպում է ունեցել Սփյուռքում գործող մի շարք կառույցների ղեկավարների հետ եւ քննարկել համահայկական նշանակություն ունեցող տարբեր հարցեր:  Նախագահ Սահակյանը նշել է, որ մեր բոլոր հաղթանակները համայն հայության հաղթանակներն են, որովհետեւ դրանք կերտվել են միասնաբար: Հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին է հանձնել Տիգրան Մեծի շքանշան՝ Արցախի պետականության կայացման եւ ամրապնդման, համազգային նշանակության կարեւորագույն խնդիրների լուծման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ անմնացորդ նվիրումի համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 21-ին հանդիպում է ունեցել Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Հայաստան ժամանած սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Հանրապետության Նախագահը ողջույնի խոսք է հղել հանդիպման մասնակիցներին: «Ես հպարտ և ուրախ եմ, որ մեր դարերով երազած պետության քառորդդարյա հոբելյանին դուք ժամանել եք ոչ որպես հյուր, այլ որպես տանտեր, որպես լիարժեք մասնակից»,- նշել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով. «Հայաստանն այցեվայրից բոլորիդ համար հետևողականորեն դառնում է իրական տուն»

Գյումրիում ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի որդուն` Արշակ Գրիգորյանին, Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխել սեպտեմբերի 20-ին ժամը 13:20-ից 13:30-ի սահմաններում: Արշակ Գրիգորյանն ունեցել է գլխի միջանցիկ, թափանցիկ հրազենային վնասվածք: Արշակ Գրիգորյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց 15 րոպե անց: Ըստ որոշ տեղեկությունների` նրան գտել են իրենց տան նկուղում: Գյումրիում հոկտեմբերի 2-ին կայանալիք եղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի որդու մահվան գործում քաղաքական միտում չկա, և դա կապված չէ տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ: Այդ մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Երևանում պաշտոնապես բացվեց «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ:  Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանի խոսքով` ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 300 ընկերություն Հայաստանից և Արցախից: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին այցելել է Հայաստանի Հանրապետության դատախազություն և ղեկավար կազմին՝ կոլեգիայի անդամներին, մարզերի, կայազորների դատախազներին ու ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

 

Ղարաբաղյան հակամարտություն

Նյու Յորքում աշխատանքային այցելությամբ գտնվող արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պյեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացի առաջ մղման նպատակով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությանը։ Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է մերժում է իրականացնել գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջընթացի նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։

Հայոց ցեղասպանության դատապարտում

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մի քանի օրից կներկայացվի Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի`Սենատի քննարկմանը: Այս մասին  ասուլիսի ժամանակ նշեց Ֆրանսիայի Ալֆորվիլի քաղաքապետ, Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Լյուկ Քարվունասը:

Անդյան խորհրդարանը, որն Անդյան երկրների (Չիլի, Բոլիվիա, Պերու, Էկվադոր և Կոլումբիա) Համայնքի ղեկավար մարմինն է, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունն ճանաչող բանաձև: Նախագիծը հեղինակել է Անդյան խորհրդարանի Էկվադորի ներկայացուցիչ Պեդրո Դե Լա Կրուզը: Բանաձևում ասվում է, որ 2016 թվականի ապրիլի 24-ին 101-րդ տարելիցն էր հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության, որն իրագործվել է 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում և խլել 1,5 միլիոն մարդու կյանք:

Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» ֆիլմը իսկական պատուհաս կարող է դառնալ թուրքերի համար: Այս մասին թուրքական «Միլլիեթ» պարբերականում հրապարակված հոդվածում գրել է թուրք սյունակագիր Ալի Էյուբօղլուն: Հեղինակը նշում է, որ երկար տարիներ թուրքերը պայքարել են տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի դեմ, որոնք «իսկական գլխացավանք էին դարձել»: «Առաջիկայում ևս մեկ խնդրի առաջ կկանգնենք»,- գրում է Էյուբօղլուն՝ պատմելով «Խոստումը» ֆիլմի մասին:

Ես միշտ եղել եմ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցը:Նման հայտարարությամբ հայ-իսրայելական համագործակցության հասարակական ֆորումի ընթացքում հանդես եկավ Իսրայելի կնեսետի փոխխոսնակԻսրայելՀայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովը: «Ես ցանկանում եմ նշել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցների թիվը Կնեսետում պարբերաբար աճում է: Ամենամեծ ձեռքբերումը այս հարցում Կրթության հանձնաժողովի կողմից պաշտոնապես այդ փաստը ճանաչելն էր: Այո, սա Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը չէ, սակայն սա արդեն առաջխաղացում է այս հարցում, եւ իմ կարծիքով՝ շատ նշանակալի»,- ընդգծեց Կնեսետի փոխխոսնակը:

Հայաստան և աշխարհ

Ամերիկայի Միացյան Նահանգները շնորհակալ է Հայաստանին սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու և գլոբալ խաղաղապահ գործողություններում ներդրումների համար: Այդ մասին Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման:

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 19-ին նախագահեց փախստականների և միգրանտների հիմնախնդիրներին նվիրված ՄԱԿ-ի գագաթաժողովի առաջին նիստը։

ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբադյանը սեպտեմբերի 20-ին Հայաստանի անունից ստորագրել է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո Փարիզում տեղի ունեցած կլիմայական փոփոխությունների գագաթաժողովի արդյունքում ընդունված համաձայնագիրը, որը նախատեսում է գլոբալ տաքացմանը դիմակայելուն ուղղված միջազգային հանրության համատեղ մի շարք քայլեր։ 

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի օրը` սեպտեմբերի 21-ին, Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբելայի նիստը նախագահեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը։

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի նախագահությաբ Նյու Յորքում սեպտեմբերի 22-ի առավոտյան տեղի ունեցավ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Հանդիպմանը քննարկվեցին ՄԱԿ Գլխավոր ասամբելայի 71-րդ նստաշրջանի օրակարգին վերաբերող հարցեր, ՀԱՊԿ անդամ երկրների առաջնահերթությունները, համատեղ ձեռնակվելիք քայլերը։

Չինական կողմի հրավերով սեպտեմբերի 19-22-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գտնվում է ՉԺՀ Շանսի նահանգի Սիան քաղաքում՝ մասնակցելու Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու քաղաքների զարգացմանը միտված համաժողովին: Գյումրու և Մետաքսի ճանապարհի քաղաքների միջև նոր հուշագիր է ստորագրվել, որն իր մեջ ներառում է խորը համագործակցություն տնտեսական, մշակութային, տեղեկատվական տեխնոլոգիաների, արտադրական ոլորտներում:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության մասին զեկույցով հանդես Է եկել Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսների, ասպիրատների եւ ուսանողների առջեւ, համալսարան, որը նա ինքն ավարտել Է ավելի քան 30 տարի առաջ: Համալսարանի ռեկտոր Իգոր Մաքսիմցեւը ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահին հանձնել է ՍՊՊՏՀ-ի Պատվավոր դոկտորի պատմուճան եւ ոսկե մեդալ:

Մոսկվայում անցկացված «Դրամների համաստեղություն-2016» միջազգային տասներորդ հոբելյանական մրցույթում ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2015 թ. թողարկած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» արծաթե հուշադրամը «Տարվա հուշադրամը» անվանակարգում զբաղեցրել է առաջին տեղը:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթներն իրականացնելիս բացահայտել է Հայաստանում մինչ օրս չարձանագրված անդրազգային նոր բնույթի հանցագործություն: Պարզվել է, որ մի խումբ ՀՀ քաղաքացիներ, արտերկրում գտնվող իրենց հանցակիցների հետ նախնական պայմանավորվածությամբ, Հայաստան են տեղափոխել ինկասացիոն կամ բանկոմատային անվտանգության նպատակներով օգտագործվող հատուկ ներկերով ներկված և օրինական շրջանառությունից հանված եվրո թղթադրամներ: Հանցավոր խմբի անդամները նպատակ են ունեցել նշված թղթադրամները քիմիական մշակմամբ մաքրել հատուկ ներկանյութից, դրանց հաղորդել հնամաշ տեսք և, քողարկելով օրինական շրջանառությունից հանված լինելու հանգամանքը, խաբեությամբ իրացնել Հայաստանի Հանրապետությունում:

ՀՀ Սփյուռքի նախարարության և «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության ջանքերով ՌԴ Աստրախան քաղաքում սեպտեմբերի 24-ին բացվել է «Հայաստա՛ն, հավերժական իմ սեր» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը՝ նվիրված ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյա հոբելյաններին: Ցուցադրությունն ունենալու է 7 թեմատիկ բաժին՝ «Անկախությունը՝ բարձրա­գույն արժեք», «Դժվարին հաղթանակ», «Ազգային հերոսները», «Հիշում ենք և պահանջում», «Հույսի Հայաստան», «Հավատի Հայաստան. ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր», «ՀՀ Նա­խագահի հանդիպումները»: Ներկայացվելու է շուրջ 100 լուսանկար: Ցուցադրությունը շարունակվելու է Վոլգոգրադում:  

Սփյուռք

Հոլանդիայում հայերի նկատմամբ խռովություն հրահրողը կկանգնի դատարանի առջև: Ինչպես նշեց «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը, Հոլանդիայում նման դեպք առաջին անգամ է, երբ հայատյաց կեցվածքով հանդես եկողը կանգնում է դատարանի առջև:

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն Ստամբուլի հայկական դպրոցի պատերին հակահայկական գրությունների հետ կապված գրավոր դիմում է ներկայացրել խորհրդարանին: Ստամբուլի Ուսկուդար (Սկյուտար) թաղամասի հայկական Սուրբ Խաչ Դպրևանք դպրոցի պատին օգոստոսի 16-ին ռասիստական գրություններ էին հայտնվել։ Դրանից հետո սեպտեմբերի 19-ին` Թուրքիայում ուսումնական տարվա առաջին օրը, ռասիստական գրություններ էին հայտնվել Սկյուտարի հայկական Գալֆայան դպրոցի պատերին։ 2016 թվականի հունվարի 19-ին՝ Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի օրը ևս նույն դպրոցի պատերին ինքնությունն անհայտ անձիք հակահայկական գրություն էին թողել։

 «Հրանտ Դինք» միջազգային 8-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել Ստամբուլի «Լյութվի Քըրդար» կենտրոնում: Մրցանակների են արժանացել Թուրքիայում մարդու իրավունքների համար պայքարի խորհրդանիշներից մեկը համարվող Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիան և Մալավիից ակտիվիստ Թերեզա Կաչիդամոտոն, ով պայքարում է երեխաների կրթության և մարդու իրավունքների համար:

Միջազգային խճանկար

 «Եդինայա Ռոսիա»-ն Պետդումայի ընտրություններում իր ամենահամոզիչ հաղթանակներից մեկն Է տարել՝ ստանալով ընտրողների ձայների ավելի քան 54 տոկոսը եւ սահմանադրական մեծամասնություն ապահովելով մանդատների ռեկորդային թվաքանակով: Նրա հետ միասին խորհրդարանի ստորին պալատ են անցնում ՌԴ-ի Կոմկուսը, ՌԼԴԿ-ն եւ «Արդար Ռուսաստանը»: ՀՀ Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական նամակ է հղել «Միասնական Ռուսաստան» Համառուսաստանյան կուսակցության նախագահ, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին՝ Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի ընտրություններում կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ:

Սիրիայում հրադադարի ռեժիմն սպառնալիքի տակ Է դրված «հրեշավոր պատահարի»՝ Սիրիայի կառավարական զորքերին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հասցրած հարվածի պատճառով: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:  

ՄԱԿ-ն անվտանգության նկատառումներով Սիրիա բոլոր հումանիտար ավտոշարասյուների ուղարկումը դադարեցրել Է Հալեպի շրջանում ՄԱԿ-ի եւ Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության բեռնատարների համատեղ շարասյան գնդակոծումից հետո:

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներողություն է խնդրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադից՝ սիրիական բանակին հասցրած ավիահարվածների համար: Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

 «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադականներն Իրաքի Մոսուլ քաղաքի մերձակայքում քիմիական զենք են օգտագործել ամերիկյան զորքերի դեմ: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի զինվորական հրամանատարությունը:

Ամերիկացի զինծառայողները հաստատում են Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ սպիտակ ֆոսֆոր օգտագործելու հանգամանքը, սակայն չեն մանրամասնել նման գործողության նպատակը:

Մշակույթ

 «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: ՀՀ անկախության 25-ամյակին ընդառաջ ցուցադրված ֆիլմի հիմքը մարդկային արժեքներն են՝ ընկերությունը, սերը, հայրենասիրությունը: Հերոսները դպրոցական տարիքից մտերմացած 25 տարեկան 4 ընկերներ են՝ Տիգրանը, Լևոնը, Արմենը և Էդուարդը: Նրանցից երկուսը մասնակցում են արցախյան ազատամարտին՝ վտանգելով իրենց կյանքը հանուն հայրենիքի և խաղաղության: Ֆիլմը զուգահեռներ է տանում պատերազմի և սիրո միջև. սեր, որը ուժ եւ հավատ է տալիս  այդ դժվարին պահերին:

Սպորտ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Ռիոյի օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած հայ մարզիկներին` Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական 31-րդ ամառային խաղերում փայլուն հաղթանակ տարած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանին,  ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Հովհաննես Սոֆոյանին, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին, Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին, Գյումրու՝ Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանին, Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանին,  Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան դպրոցի մարզիչ Հակոբ Փիլոսյանին, Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 1 մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ Աշոտ Փիլոսյանին։

 Հայաստանի սուպերգավաթի խաղում միմյանց դեմ մրցել են Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ն ու գավաթակիր «Բանանց»-ը: «Ալաշկերտ»-ը դժվարին պայքարում կարողացել է հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ: Թիմերը հաղթողին որոշեցին 11 մետրանոց հարվածաշարով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]