Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Այծ-մարդը, առնետներին կիսավարտիքներ հագցնողը, ազնիվ ստախոսները եւ Շնոբելի մյուս դափնեկիրները

Այծ-մարդը, առնետներին կիսավարտիքներ հագցնողը, ազնիվ ստախոսները եւ Շնոբելի մյուս դափնեկիրները

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք օր շվեյցարական Ալպերում այծի դերում ապրած բրիտանացին ստացել Է 2016 թվականի Շնոբելյան մրցանակը կենսաբանության բնագավառում: Թոմ Թուեյթսը հագել Է հատուկ պրոթեզներ, որպեսզի լեռներում շարժվի այնպես, ինչպես դա անում են երկկճղակավորները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Բրիտնացու սկզբնական գաղափարը եղել Է այն, որ այդ կերպ կարելի Է պայքարել արդի քաղաքակրթության սթրեսի դեմ: Ալպյան մարգագետիններում այծերի հետ արածած Թուեյթսին նույնիսկ հաջողվել Է բարեկամական հարաբերություններ հաստատել տեղացի այծերից մեկի հետ:   

Մի օր, այծ-մարդու խոսքով՝ ինքը հրաշքով Է խուսափել մյուս արուների հետ լուրջ ընդհարումից:

Իր մրցանակը Թուեյթսը կիսել Է մյուս բիտանացու՝ Չառլզ Ֆոսթերի հետ, որը փորձել Է մտնել գորշուկի, ջրասամույրի, աղվեսի եւ եղջերուի դերերի մեջ:

Դառնալով գորշուկ՝ Ֆոսթերը կերել Է որդեր, փոքրիկ որջեր Է փորել բլրի վրա եւ փորձել Է գտնել կրծողների՝ կողմնորոշվելով սոսկ սեփական հոտառությամբ: Լինելով քաղաքային աղվեսի դերում՝ հետազոտողը քջջել Է աղբարկղները եւ քնել այգիներում:

Շնոբելյան մրցանակների (Ig Nobel) պարգեւատրման ամենամյա՝ թվով 26-րդ արարողությունը կայացել Է Հարվարդի համալսարանի Սանդերսի թատրոնում: Մրցանակը հանձնվում Է կուրյոզ, հաճախ ակնհայտ գործնական կիրառություն չունեցող հետազոտության եւ հայտնագործության համար: 

Կազմակերպիչների մտահղացմամբ՝ այն պետք Է հայտնաբերի գիտության  մեջ այն նվաճումները, «որոնք նախ ժպիտ են առաջացնում, բայց հետո ստիպում են խորհրդածել»:

Այս տարի Բոստոնում Շնոբելները հանձնել են միանգամայն իրական նոբելյան դափնեկիրներ՝ քիմիկոս Դադլի Հերշբախը, Տնտեսագետ Էրիկ Մասկինը, կենսաքիմիկոս Ռիչարդ Ռոբերտսը եւ բժիշկ Ռոյ Գլաուբերը:

Գերմանիայի Volkswagen ավտոմոբիլային ընկերությունը Շնոբելյան մրցանակի Է արժանացել քիմիայի բնագավառում՝ արտանետվող գազերում ազոտի օքսիդի պարունակության թեստերը կեղծելու խորամանկ եղանակի համար:    

Բազմացման բնագավառում մրցանակը տվել են եգիպտացի ուրոլոգ Ահմեդ Շաֆիքին, որն արու առետներին հագցրել Է կիսավարտիքներ՝ կարված լրիվ պոլիԷսթերից, կիսով չափ պոլիԷսթերից՝ բամբակի հետ, մաքուր բամբակից եւ մաքուր բրդից: Այս կերպ բժիշկ Շաֆիքն ուսումնասիրել Է տարբեր գործվածքների ազդեցությունը կրծողների սեռական կյանքի վրա:   

Պարզվել Է, որ մաքուր պոլիԷսթերից կիսավարտիքներ հագած առնետներն զգալիորեն ավելի ցածր սեռական ակտիվություն են ցուցաբերել, քան դրանց՝ բամբակե կամ բրդյա կիսավարտիքներ հագած ցեղակիցները:

Տնտեսագիտության բնագավառում մրցանակն ստացել Է նորզելանդացի պրոֆեսոր Մարկ Ավիսը, որը գործընկերների հետ ուսումնասիրել Է, թե մարդիկ ինչ մարդկային հատկություններ են տալիս տարբեր միներալների եւ լեռնային ապարների:     

Ֆիզիկայի բնագավառում մրցանակը բաժին Է հասել Հարավային Ուելսի համալսարանի գիտնականներին, որոնք հայտնաբերել են, որ բոռերը սպիտակ ձիերին մյուսներից ավելի հազվադեպ են խայթում, ինչպես նաեւ պարզել են, թե ինչու են ճպուռներն այդքան սիրում սեւ տապանաքարերը:

Զարմանալի հայտնագործություն են կատարել գերմանացի նյարդաբանները՝ Քրիստոֆեր Հելմհենի ղեկավարությամբ. նրանք պարզել են, որ եթե ձեր ձախ կողմում ինչ-որ տեղ քոր Է գալիս, քորը կարելի դադարեցնել՝ մոտենալով հայելուն եւ քորել նույն տեղն աջ կողմից (եւ հակառակը): Դրա համար նրանց բժշկագիտության գծով Շնոբել են հանձնել:     

Բելգիացի Էվելին Դեբին մրցանակի Է արժանացել հոգեբանության բնագավառում. նա հարց Է տվել հազար ստախոսների, թե որքան հաճախ են նրանք ստում, իսկ հետո բացատրել Է, թե կարելի Է արդյոք հավատալ նրանց:

Խաղաղության Շնոբելյան մրցանակն ստացել են Կանադայի Վաթեռլոոյի համալսարանի դոկտորանտ Գորդոն Փենիքուքը եւ նրա գործընկերները, որոնք գրել են «Կեղծախորիմաստ անհեթեթության ընկալման եւ ճանչման մասին» գիտական աշխատությունը: 

Գրականության գծով Շնոբելի Է արժանացել շվեդ միջատաբան Ֆրեդրիկ Սյոբերգը իր եռահատոր կենսագրական աշխատության համար, որը նկարագրում Է բավականությունը սատկած եւ տակավին ողջ ճանճերի հավաքածու կազմելուց:

Եվ, վերջապես, ընկալման բնագավառում մրցանակը բաժանել են ճապոնացի գիտնականներ Ացուկի Հիգայասիման եւ Կոհեյ Ադատին, որոնք հետազոտել են, թե մենք իրականում իրերն այլ կերպ ենք տեսնում արդյոք, եթե կռանում ենք եւ դրանց նայում ոտքերի բացվածքի միջով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]