1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գյումրին Մհեր Մկրտչյանին հիշեց նրան նվիրված մեկօրյա փառատոնով

Գյումրին Մհեր Մկրտչյանին հիշեց նրան նվիրված մեկօրյա փառատոնով

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Մհեր Մկրտչյան դերասանին ու դերասանի ծննդավայրը բացահայտելու նպատակով, անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ, Գյումրիում կազմակերպվեց և անցկացվեց  Մհեր Մկրտչյանին նվիրված մեկօրյա փառատոն:

Փառատոնը կյանքի կոչվեց «Այցելի՛ր Գյումրի» տուրիստական նախաձեռնության շրջանակներում՝« Դիջիթըլ Փոմըգրանեթ» (Թվային Նուռ) ընկերության նախաձեռնությամբ:

Մեկօրյա փառատոնը հրաշալի հնարավորություն էր Մհեր (Ֆրունզ) Մկրտչյանի երկրպագուների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ևս մեկ անգամ բացահայտել դերասան-հանճարին և նրա հայրենի քաղաքը: «Իմ հայելին իմ ծննդավայրն է»,- մի անգամ ասել է սիրված դերասանը և դա այդպես է՝ հին Գյումրու յուրաքանչյուր անկյուն ասես ֆրունզական է: Հենց այդ նույն համոզումն ունեն բոլոր այն երիտասարդները, ովքեր փառատոնի շրջանակներում եղան  Գյումրիում՝ զբոսնեցին Մհերի անցած վայրերով, եղան սիրված ֆիլմերի նկարահանման այն տարածքներում, որտեղ մինչև օրս էլ զգացվում է Ֆրունզի շունչը:

Միջոցառմանը  մասնակիցեցին ինչպես   Երեւանից եւ Հայաստանի այլ քաղաքներից Գյումրի ժամանած երիտասարդները, այլ նաև շատ գյումրեցիներ, ովքեր միանալով հյուրերին, իրենք ևս «բացահայտեցին» իրենց հայրենի քաղաքի հարստությունն ու անգնահատելի ժառանգությունը՝ պատմական ու մշակութային։

 Հյուրերից շատերը Գյումրի էին  ժամանել գնացքով, եւ հենց Գյումրու երկաթուղային կայարանում էլ տրվեց  փառատոնի մեկնարկը։ Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան  էքսկուրսավարի հետ զբոսնել քաղաքի կարեւորագույն մշակութային վայրերով, այցելել Մհեր Մկրտչյանի անվան հուշաթանգարան, լինել մեծն դերասանի մասնակցությամբ ֆիլմերի նկարահանման վայրերում եւ մասնակցել  Շուշանիկ Սահակյանի և Հովհաննես Պապիկյանի  «Է՜ն ուրիշ Ֆրունզը» ֆիլմի դիտմանը։

Փառատոնի մասնակիցները ներկա գտնվեցին  նաեւ Գյումրիում Մհեր Մկրտչյանի հուշաթանգարանի վեբ-կայքի (frunzikmuseum.com) եւ Գյումրիի տուրիստական պորտալի (www.visitgyumri.com) շնորհանդեսներին։ Ամբողջ միջոցառումը համեմված էր հետաքրքիր  անակնկալներով  եւ ստրիտ-արտ ներկայացումներով՝ Մհեր Մկրտչյանի կյանքի եւ գործունեության մասին։

Փառատոնը եզակի է իր տեսակով եւ անցկացման ձևաչափով, քանզի, նվիրված լինելով տաղադավոր դերասանին,  անցկացվում է հենց նրա հայրենի քաղաքում, որտեղ մասնակիցներին սպասում է Ֆրունզով  լեցուն մեկ օր։

Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ թվային տեխնոլոգիաների ներմուծումը Գյումրու մշակութային եւ տուրիստական կյանք կաջակցի նշյալ ոլորտների խթանմանը եւ զարգացմանը։ Լինելով «Այցելի՛ր Գյումրի» նախաձեռնության հեղինակը՝ «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը կարեւորում է նմանատիպ փառատոնների կազմակերպումը, որը խորապես կնպաստի քաղաքում տուրիզմի զարգացման նախադրյալները ստեղծելուն եւ զբոսաշրջիկներին՝ Գյումրիում եղած ներուժը ներկայացնելուն։ Հենց այս նպատակով էլ  «Դիջիթըլ Փոմըգրանեթ»  ընկերության կողմից անվճար հիմունքներով ստեղծվել են Գյումրիում գործող Մհեր Մկրտչյանի, Ավետիք Իսահակյանի թանգարանների, «Գյումրու քաղաքային կենցաղի եւ ժողովրդական ճարտարապետության թանգարան»-ի, Գյումրու մարզային գրադարանի, ինչպես նաեւ Գյումրու նկարիչների միության վեբ- կայքերը։

««Մեկ օր Ֆրունզի հետ» միջոցառումը մեծ ձեռքբերում է ինչպես քաղաքի, այնպես էլ բոլոր թանգարանների համար: Գյումրին միշտ եղել է առանձնահատուկ քաղաք ու այդպիսին էլ մնալու է, քանի որ սերունդներն ունեն ուժն ու ոգին արտահայտելու ու բացահայտելու այն հարստությունը, որ կա այս քաղաքում: Շատ զբոսաշրջիկներ ունենք, ովքեր ասում են, որ քաղաք այցելում են սիրելով Մհեր Մկրտչյանին»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մհեր Մկրտչյանի հուշաթանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը՝ փաստելով, որ այս միջոցառման շրջանակներում թանգարանը մոտ 300 այցելու է ունեցել:

Միջոցառմանը մասնակցում էին նաև Երևանի պետական համալսարանի «ժուռնալիստիկա»  բաժնի ուսանողները: Նրանց համար ևս Գյումրին բացահայտում էր: «Գյումրիում առաջին անգամ եմ՝ տպավորությունները շատ լավն են և լուսավոր: Գյումրին կոլորիտային քաղաք է՝ ունի և՛ հինը, և՛ նորը, և՛ ժողովուրդն է շատ լավըՍպասումներս արդարացվեցին՝ Էլի եմ գալու, բայց արդեն ընտանիքիս անդամների հետ»,- նշեց Անահիտ Մադոյանը, ում խոսքին միացան նաև համակուրսեցիները:

Միջոցառումը ամբողջովին ֆինանսավորվել է «Դիջիթըլ Փոմըգրանեթ»  ընկերության կողմից, իսկ կազմակերպման աշխատանքներին աջակցել են Գյումրու քաղաքապետարանը, Գյումրիում Մհեր Մկրտչյանի հուշաթանգարանը, Գյումրու երկաթուղային կայարանը, ինչպես նաեւ Գյումրիում տուրիզմի զարգացմամբ հետաքրքրվող եւ ակտիվ գործունեություն ծավալող մի շարք երիտասարդներ։

Միջոցառումն ավարտվեց ուշ երեկոյան:

 

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]