Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/29. «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»-ն ամենավաճառվածն է

Երևանյան բեսթսելեր 4/29.  «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»-ն ամենավաճառվածն 
է

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը։ Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն ստեղծագործությունն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Երկրորդում Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» վիպակը, պատմվածքները և հարցազրույցներն ամփոփող ժողովածուն է։

Երրորդ տեղում «Խատուտիկի գինի» ստեղծագործությունն է: Այն ամերիկացի ականավոր գրող Ռեյ Բրեդբըրիի ամենաճանաչված գործերից է (1957): Կարոտաբաղձությամբ դրոշմված ինքնակենսագրական բնույթի վեպ է, որը, հեղինակի բնորոշմամբ, իր պատանեկան տարիների «խատուտիկների բերքահավաքն է», ըստ այդմ էլ՝ «ինչպես կյանքի, այնպես էլ մահվան, ինչպես լույսի, այնպես էլ խավարի, ինչպես պատանության, այնպես էլ լիակատար ահի ներբողումը»: Անգլերենից թարգմանել է Զավեն Բոյաջյանը:

Ռեյ Բրեդբըրիի հեղինակած մեկ այլ գիրք՝ «Ֆարենհայթ 451»-ը, չորրորդ հորիզոնականում է։ Հրկիզող Գայ Մոնթագի տան հեռուստապատեր ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Բնագրից թարգմանել է Լուսինե Հարոյանը: Ի դեպ, սա այս ստեղծագործության երկրորդ թարգմանությունն է, առաջինը կատարել է Լևոն Անանյանը: 

Տասնյակը կիսում է Ժան-Պոլ Սարտրի «Սրտխառնոց»-ը: Գիրքը էքզիստենցիալիստ գրողի ամենահայտնի ստեղծագործություններից է: «Սրտխառնոց» վեպում գլխավոր հերոս Ռոկանտեսին բախտ է վիճակվում բացել էքզիստենցիալիզմի հիմնական գաղափարը։ Նրա առջև բացվում է դեպի ներաշխարհ ուղեկցողը։ Նա գտնում է էությունն ու անէությունը, աշխարհն իր մեջ և իր համար։

Այս շաբաթ նոր գիրք է մտել վարկանիշային աղյուսակ և զբաղեցրել վեցերորդ տեղը։ Այն բելոռուս ժամանակակից գրողՍվետլանա Ալեքսիևիչի օրերս հրատարակված «Պատերազմը կնոջ դեմք չունի» գիրքն է։ «Մեր ժամանակ ստեղծված բազմաձայն ստեղծագործության՝ տառապանքի ու արիության հուշարձանի» համար Սվետլանա Ալեքսիևիչը 2015 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի: «Պատերազմը կնոջ դեմք չունի» գիրքը պատերազմի անմարդկային պայմաններում գոյատևող կնոջ հոգևոր աշխարհն ինքնատիպորեն ներթափանցելու փորձ է: Պատերազմի մասին աշխարհում ամենահայտնի գրքերից մեկն է: Ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը։ Հրատարակել է «Անտարես»-ը՝ «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարի ներքո։

Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» ստեղծագործությունը յոթերորդ հորիզոնականում է։  Էսսեն գրվել է դասախոսությունների հիման վրա, բայց գեղարվեստորեն բացահայտում է կնոջ ու գրականությանը կապը՝ կնոջը դիտարկելով և՛ որպես հեղինակ, և՛ որպես կերպար: Ստեղծագործությունը համարվում է ֆեմինիստական. այստեղ կարևորվում է կնոջ դերը տղամարդկանցով գերիշխող գրականության ավանդույթների համապատկերում:

Մելինդա Նադ Աբոնի «Աղավնիները թռչում են» վեպը ութերորդ տեղում է։ Գիրքը Կոչիշ ընտանիքի մասին է, որը Հարավսլավիայում հունգարական փոքրամասնություն է կազմում և արտագաղթում է Շվեյցարիա: Իրենց օրինակելի վարքի և աշխատասիրության շնորհիվ նրանք քաղաքացիություն են ստանում և բավական եկամտաբեր սրճարան աշխատեցնում: Դուստրերը՝ Իլդիկոն և Նոմին, մեծանում են երկու մշակույթների միջև, հրապուրվում մեկ Վոյվոդինայում կորցրած հայրենիքով, մեկ շվեյցարական հասարակության մաս կազմելու ցանկությամբ: Երկար ժամանակ է անցնում, մինչև Իլդիկոն հասկանում է, որ շվեյցարական անվրդով, իդեալական կյանքի հետևում պարզորոշ թշնամանք կա օտարների հանդեպ: Մելինդա Նադ Աբոնին գրավիչ և զգացմունքային պատմում է, թե ինչ դժվարությունների հետ է կապված ինտեգրացիան:

Ֆյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ» ժողովածուն, որում տեղ են գտել ռուս անվանի գրողի մի շարք հայտնի ստեղծագործություններ, իններորդում է:

Վարկանիշային աղյուսակը եզրափակում է անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»: Առաջին անգամ վեպը հրատարակվել է 1890 թվականի հուլիսին, անգլիական թերթերից մեկում, իսկ առանձին գրքի տեսքով տպագրվել է միայն 1891 թվականի ապրիլին:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոյյան տապան» (56-81-84), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար- գրախանութը (077-24-54-81): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +4

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 30
2 *

Գաբրիել Գարսիա Մարկես

«Նահապետի աշունը»

Բուկինիստ 11
3 +1

Ռեյ Բրեդբըրի 

 «Խատուտիկի գինի»

Անտարես 10
4 +6

Ռեյ Բրեդբըրիի

  «Ֆարենհայթ 451»

Զանգակ 9
5 -4

Ժան-Պոլ Սարտրի

 «Սրտխառնոց»

Անտարես 7
6 Նոր

Սվետլանա Ալեքսիևիչ

«Պատերազմը կնոջ դեմք չունի» 

Անտարես 6
7 *

Վիրջինիա Վուլֆ

«Սեփական սենյակը»

Դարակ 6
8 Նոր

Մելինդա Նադյ Աբոն

«Աղավնիները թռչում են»

Զանգակ 5
9 *

Ֆյոդոր Դոստոևսկի

«Պատմվածքներ» 

Բուկինիստ 5
10 *

Օսկար Ուայլդի

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիտ Պրինտ 5

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անի Նազարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]