Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարման արվեստը` առաջատար բիզնես թրեյներ Վլադիմիր Տարասովի աչքերով

Կառավարման արվեստը` առաջատար բիզնես թրեյներ Վլադիմիր Տարասովի աչքերով

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մենեջերների Տալլինյան դպրոցի հիմնադիր, ղեկավար և առաջատար բիզնես թրեյներ Վլադիմիր Տարասովը՝ իր հեղինակային «Կառավարման Արվեստը» սեմինարով Հայաստանում կայցելի սեպտեմբերի 17-18-ին:

Վլադիմիր Տարասովը նաև Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների առաջատար փորձագետն է մենեջմենթի ոլորտում՝ SEREPUTATION ընկերության վարկանիշով, մի շարք գրքերի և հրապարակումների հեղինակ:

Տարածաշրջանում բիզնես մենեջմենթի և  թրեյնինգների մշակույթի մի շարք առանձնահատկությունների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Վլադիմիր Տարասովի հետ:

– Վլադիմիր, ի՞նչ կարծիքի եք Ռուսաստանում և ԱՊՀ տարածաշրջանում ընկերությունները ղեկավարելու առանձնահատկությունների և ժամանակակից մենեջմենթի մասին:

Բարդ հարց է: Պետք է հավաքել բոլոր տպավորություններն ու վերլուծել դրանք: Բայց եթե խոսենք ուղղակի իմ վերջին տպավորությունների մասին, ապա այսպես կասեմ՝ դրանք ծանր են և հիմնականում կապված են խոշոր բիզնեսի հետ: Նախևառաջ, նման ընկերություններում շատ է անարդյունավետությունը: Պատճառը համակարգն է, որում մարդիկ շատ են. յուրաքանչյուրն աշխատում է իր փոքր հատվածում, և բավականին հեշտ է աննկատ մնալ: Ի նկատի ունեմ, որ եթե որևէ մեկը լավ չի աշխատում, դա միանգամից նկատելի չէ: Իսկ քանի որ աշխատակիցները արագ են փոխվում, ստացվում է, որ հին չնկատվող վատ աշխատողներին փոխարինում են նորերը: Ընդ որում՝ ղեկավարները տեղյակ չեն, թե ինչպես են այդ մարդիկ հաղորդակցվում հաճախորդների կամ գործընկերների հետ: Ահա այստեղ բավականին աշխատելու տեղ կա՝ իմանալու համար, թե ինչպես են իրականում աշխատակիցները փոխգործակցում գործընկերների և հաճախորդների հետ: Փոքր ընկերություններում մեկ աշխատակիցն անում է գրեթե ամեն ինչ, իսկ խոշորներում՝ միայն մի քանի գործառնություն: Արդյունքում՝ վատ ներքին հաղորդակցության և մրցակցության պատճառով ստացվում է անորակ կապ: Իսկ սա ազդում է ընկերության ընդհանուր աշխատանքի արդյունքների վրա:

Դուք արդեն շուրջ 30 տարի է վարում եք բիզնես-թրեյնինգներ:  Ձեր դպրոցն է անցել ձեռներեցների մի քանի սերունդ: Կարո՞ղ եք նշել այդ սերունդների առանձնահատկությունները: Ինչպե՞ս են փոխվում բիզնես մենեջմենթով զբավող մարդիկ ժամանակի ընթացքում, և ինչո՞վ են առանձնանում նրանք, ովքեր այսօր կան այդ ոլորտում:

– Նախորդ դարի 80-ականների երկրորդ կեսին ձեռներեցները սովորական խորհրդային ղեկավարներ էին, ովքեր ուզում էին նոր գիտելիքներ ձեռք բերել, բայց միևնույն ժամանակ աշխատում էին հեռու մնալ այդ գիտելիքների «վիճելի գաղափարական երանգներից»: Այնուհետև նրանց ավելացան նորերը, ովքեր նաև մեր Դպրոցի շնորհիվ ակտիվ մուտք գործեցին շուկայական տնտեսություն: 90-ականներին Դպրոցի լսարանը համալրվեց բազմազան և բավականին վառ անհատականություններով՝ թե՛ լավ, թե՛ վատ իմաստով: Սակայն 90-ականների վերջին ունկնդիրների շերտավորումը սկսեց համահարթեցվել, զանգվածը դարձավ ավելի քաղաքակիրթ, բայց, ցավոք, պակաս ինքնատիպ:  Չնայած ընդհանուր կրթվածության մակարդակը դեռ բավարար չէ, բայց այս հազարամյակում եկողները արդեն ավելի կրթված են, ավելի մոտ տեխնոլոգիաներին, ավելի կանխատեսելի և ավելի նման մեկը մյուսին:  Բայց շուտով նրանց փոխարինելու կգա մի փոքր ռոբոտացված «թվայնացված» սերունդը…

– Ինչպե՞ս է ստացվում, որ մարդիկ, ովքեր ամիսներ և նույնիսկ տարիներ են ծախսում կրթության ավանդական ձևերի վրա, գտնում են, որ մեկ կամ երկու օր տևողությամբ թրեյնինգը կարող է ոչ պակաս օգտակար և կիրառելի լինել: Ինչի՞ շնորհիվ է լավ բիզնես-թրեյնինգը արդյունավետ, ինչու՞մ է գաղտնիքը:

– Գաղտնիքը պարզ է: Ավանդական ձևերում դասավանդողների մոտիվացիան ավելի շատ կապված է գործատուի հետ հարաբերություններ կառուցելու հետ, իսկ կարճ բիզնես-թրեյնինգների դեպքում, որտեղ լսարանը ինքն է վճարում իր կրթության համար, մոտիվացիան անմիջականորեն կապված է շուկայի հետ: Առաջին դեպքում բավարար է նույնիսկ սովորական թխվածքաբլիթը, որում գրեթե չամիչ չկա, իսկ երկրորդում՝ հենց թխվածքաբլիթի մեջից հանած չամիչն է կարևորվում:

– Ձեր մեթոդները արևմուտքում լավ ընդունելության են արժանացել: Ինչու՞մ է կայանում, ըստ Ձեզ, դրանց առանձնահատկությունն ու ինքնատիպությունը:

– Մեր մեթոդների յուրահատկությունն այն է, որ դրանք ստիպում են ունկնդիրներին ոչ թե խաղալ, ոչ թե կառավարիչի դեր տանել, այլ անմիջականորեն կառավարել միմյանց, այն էլ՝ սուղ ժամանակում և հետաքրքրությունների բախման պայմաններում: Այլ կերպ ասած՝ մենք սովորեցնում ենք մարդկանց թռչել ոչ թե ինքնաթիռի անիրական գծագրի վրա, այլ թեթև շարժիչով փոքր փայտե ինքնաթիռով, ինչը թույլ է տալիս ոչ թե պարզապես թռչելու իմիտացիա ստեղծել՝ առանց որևէ ռիսկի, այլ բարձրանալ և թռնել՝ համապատասխան չափի իրական ռիսկով, իսկ հետո նաև բարեհաջող վայրէջք կատարել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]