Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/27. «Խատուտիկի գինի»-ն շարունակում է ամենաշատը վաճառվել

Երևանյան բեսթսելեր 4/27. «Խատուտիկի գինի»-ն շարունակում է ամենաշատը վաճառվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն երկրորդ շաբաթն անընդմեջ գլխավորում է «Խատուտիկի գինի» ստեղծագործությունը: Այն ամերիկացի ականավոր գրող Ռեյ Բրեդբըրիի ամենաճանաչված գործերից է (1957): Կարոտաբաղձությամբ դրոշմված ինքնակենսագրական բնույթի վեպ է, որը, հեղինակի բնորոշմամբ, իր պատանեկան տարիների «խատուտիկների բերքահավաքն է», ըստ այդմ էլ՝ «ինչպես կյանքի, այնպես էլ մահվան, ինչպես լույսի, այնպես էլ խավարի, ինչպես պատանության, այնպես էլ լիակատար ահի ներբողումը»: Անգլերենից թարգմանել է Զավեն Բոյաջյանը:

Երկրորդ հորիզոնականում Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» ստեղծագործությունն է: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը: Այն առաջին անգամ տպագրվել է 1958-ին: Գրքի կենտրոնական թեման սերն է, սակայն Մարկեսն անդրադառնում է շատ այլ խորքային բնույթ կրող խնդիրների:

Վարկանիշային աղյուսակ է վերադարձել ու երրորդ տեղը զբաղեցրել Ջորջ Օրուելի «1984» վեպը: Գիրքը լույս է տեսել «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարով: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:

Մարկ Արենի «Այնտեղորտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը չորրորդում է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն ստեղծագործությունն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպն այս շաբաթ կիսում է տասնյակը: Գիրքը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Տասնյակի վեցերորդ հորիզոնականում է Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքը: Այն Գրինի ամենատխուր ստեղծագործություններից մեկն է, որը գրողը նվիրել է Էսթեր Ըրլին: Գրքի հերոսները քաղցկեղով հիվանդ երիտասարդներ են, սակայն 2014 թվականի ամենավաճառված և The New York Times-ի կողմից բեսթսելեր ճանաչված այս գիրքը հիվանդության ու մահվան մասին մռայլ պատմություն չէ, այն կյանքը սիրելու և վերջին րոպեներն իմաստավորված ապրելու մասին է:

Յոթերորդ հորիզոնականում լուսանկարիչ և գրող Էդգար Հարությունյանի ստեղծագործություններն ամփոփող առաջին՝ «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն է: Այն հրատարակել է «Անտարես»-ը:

Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը» գիրքը գրավել է ութերորդ տեղը: Մասնագիտությամբ թարգմանիչ նորապսակ Խուան Ռանսը կնոջ հետ մեկնում է ամուսնական ճանապարհորդության: Լա Հավանայի պատշգամբից դուրս նայելիս նկատում է փողոցում սպասող անծանոթուհուն և, ինքն էլ չցանկանալով, ունկնդիրը դառնում մի խոսակցության: Այդ պահից ի վեր այլևս անհնար է ազատվել «տհաճության զգացումից», որն ուղեկցվելու է ամուսնական կյանքի ամբողջ ընթացքում: Իսկ գուցե այդ «տհաճությունը» գալիս է վաղ անցյալից, ո՞վ գիտի: Գիրքն իսպաներենից թարգմանել է Ռուզաննա Պետրոսյանը, հրատարակել է «Անտարես»-ը:

Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» ստեղծագործությունը իններորդ տեղում է: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:

Տասնյակը եզրափակում է Ժան-Պոլ Սարտրի «Սրտխառնոց» գիրքը: Այն էքզիստենցիալիստ գրողի ամենահայտնի ստեղծագործություններից է: «Սրտխառնոց» վեպում գլխավոր հերոս Ռոկանտեսին բախտ է վիճակվում բացել էքզիստենցիալիզմի հիմնական գաղափարը։ Նրա առջև բացվում է դեպի ներաշխարհ ուղեկցողը։ Նա գտնում է էությունն ու անէությունը, աշխարհն իր մեջ և իր համար։

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոյյան տապան» (56-81-84), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Սեպտեմբերի 2-ից սկսած  «Երևանյան բեսթսելեր»-ը կազմելիս հաշվի կառնվեն նաև 7-րդ տաղավար գրախանութի տվյալները (077-24-54-81): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Ռեյ Բրեդբըրի

«Խատուտիկի գինի»

Անտարես 15
2 +2

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 13
3 *

Ջորջ Օրուել

«1984»

Անտարես 10
4 -1

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 8
5 +3

Գարսիա Մարկես

«Հարյուր տարվա մենություն»

Բուկինիստ 8
6 0

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Էդիտ Պրինտ 7
7 *

Էդգար Հարությունյան

«Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 6
8 -3

Խավիեր Մարիաս

«Այնքան սպիտակ սիրտը»

Անտարես 6
9 *

Միլան Կունդերա

 «Կեցության անտանելի թեթևությունը»

Անտարես 5
10 -1

Ժան-Պոլ Սարտր 

«Սրտխառնոց»

Անտարես 5

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]