Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում բացվեց նկարիչ Մհեր Ստեփանյանի անհատական ցուցահանդեսը

Երևանում բացվեց նկարիչ Մհեր Ստեփանյանի անհատական ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նկարիչների  միությունում տեղի ունեցավ նկարիչ Մհեր Ստեփանյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին: «Մհերն ունի լուրջ ակադեմիական գիտելիքներ, հարուստ փորձ և ասելիք: Նա իր նկարներում մի ամբողջ երևակայական աշխարհ է ներկայացնում և, որպես դասախոս, իր փորձն է փոխանցում ուսանողներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Նկարիչների միությունում ջերմ մթնոլորտ էր: Գեղանկարչի գործընկերներն իրենց բարեմաղթանքներն էին ուղղում Մհեր Ստեփանյանին և հույս հայտնում, որ նման ցուցահանդեսները շարունակական կլինեն:

Նկարիչների միության նախագահի խոսքով՝ յուրաքանչյուր նկարչի համար ցուցահանդես բացելը հաշվետվություն է, որտեղ նա ներկայացնում է անցած տարիներից մինչև հիմա ունեցած խոհերի, հույզերի արդյունքում ստեղծած նկարները:  Մհերը հրաշալի և տաղանդավոր նկարիչ է, որի ստեղծագործական աշխարհագրությունը հասնում է գեղանկարից մինչև  դեկորատիվ կոմպոզիցիոն դիմանկարների աշխարհը: Անթերի մաքրություն կա նրա նկարներում:

«Վաղուց էի ցանկանում նման ցուցահանդես իրականացնել:  Ուզում էի «Սասնա ծռեր» խորագրով ցուցահանդես բացել, սակայն ապրիլյան դեպքերից հետո միտքս փոխեցի: Ներկայացրել եմ տարբեր նկարներ` և՛ լավատեսական նոտայով, և՛ տխուր: Նկարները կյանքիս տարբեր  փուլերում են արված»,-ասաց գեղանկարիչ Մհեր Ստեփանյանը:

Ցուցահանդեսում ներկայացված նկարների միջոցով նկարիչը  ցանկանում է հանդուրժողականություն սերմանել մարդկանց մեջ: Նա կարծում է, որ հասարակության պառակտումը կարող է մեծ խնդիրների առաջ կանգնեցնել մեզ, ուստի պետք է մեկ բռունցք դառնալ երկրի առջև ծառացած դժվարությունները հաղթահարելու համար:

Միջոցառումն ունի բարեգործական բնույթ: Նկարների վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի Թալիշ գյուղին: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 10-ը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]