Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արծվիկ Մինասյանը մենաշնորհների դեմ արդյունավետ պայքարի համար կարևորում է օրենսդրական դաշտի կարգավորումը

Արծվիկ Մինասյանը մենաշնորհների դեմ արդյունավետ պայքարի համար կարևորում 
է օրենսդրական դաշտի կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց այն քայլերը, որոնք կառավարությունն առաջիկայում պատրաստվում է ձեռնարկել մենաշնորհների դեմ պայքարի շրջանակում: ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ մենաշնորհների դեմ արդյունավետ պայքարի համար առաջին հերթին օրենսդրական բարեփոխումներ են անհրաժեշտ:

«Այսօր մեր օրենսդրությունը, ցավոք, մենաշնորհների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ գործադրելու հնարավորություն չի տալիս: Բայց սա, անշուշտ, չի կաշկանդում, որպեսզի մենք մի քանի կարևոր քայլեր իրականացնենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Անդրադառնալով այդ քայլերին՝ Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ դրանցից առաջինը ներմուծումների սահմանափակումների հնարավորինս մեղմացումն է, իսկ առանձին դեպքերում՝ վերացումը: «Երկրորդը մեծածախ և մանրածախ շղթայի քանդումն է, երբ մեծածախ ներմուծողները կամ խոշոր ներմուծողները դառնում են նաև մանրածախ վաճառողներ, շուկայից դուրս են մղում այլ սուբյեկտների, ովքեր զբաղված են միայն մանրածախ վաճառքով, կամ փոքր արտադրողներին, ովքեր չեն կարողանում ունենալ այդպիսի ցանցեր վաճառքի կազմակերպման համար: Երկրորդ կարևոր գործողությունն այս կապը քանդելն է»,- մանրամասնեց  նախարարը:

Երրորդ կարևոր գործողությունը, որը պետք է ձեռնարկի կառավարությունը, շուկայի ներսում դիրքեր գրավելու գործընթացները առավել հետևողականորեն հսկելն է: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այսօր Հայաստանում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ որևէ անձ շուկայում իշխանություն է ձեռք բերում՝ անտեսելով անգամ գործող օրենսդրական պահանջները, սակայն չկան համապատասխան լծակներ այդ ամենը կանխելու, նման երևույթ թույլ չտալու համար: «Առանձին դեպքերում, եթե անգամ կա այդ լծակը, ինչպիսին, օրինակ, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լիազորություններն են, այնքան լայն են հայեցողական լիազորությունները, որ պարտադրանքը պետական մարմնի համար չի դառնում որպես պարտադիր գործադրվող նորմ: Հետևաբար, օրենսդրական փոփոխություններով նաև այս հարցը պետք է լուծվի, որպեսզի մենք կարողանանք ունենալ իրավիճակ, երբ հստակ պայմաններում պետք է գործի արագ արձագանքումը»,- պարզաբանեց Մինասյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը իր խոսքերը հիմնավորեց պարզ օրինակով: Նրա գնահատմամբ՝ դեմպինգային գործողության դեպքում, որը արհեստական գնագցման կամ գների նկատմամբ մանիպուլյացիայի միջոցով շուկայից մրցակիցներին դուրս մղելն է, Հայաստանում գործող  օրենսդրությունը միայն ներմուծումների ժամանակ է նման դեպքերը կանխելու մեխանիզմ նախատեսում: «Շուկայի ներսում չկա այդ մեխանիզմը: Ուստի շատ կարևոր է, որպեսզի այսպիսի գործողությունները դիտարկելի լինեն ամբողջությամբ»,- ասաց նա:

Որպես ոլորտի քաղաքականությունը մշակող մարմին և պատասխանատու՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ձևավորել է թիմ և աշխատում է օրենսդրական դաշտը բարելավելու ուղղությամբ: «Մենք աշխատում ենք նաև միջպետական մարմինների հետ, ինչպիսիք են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, միջազգային կառույցները, որպեսզի ունենանք ժամանակակից օրենսդրություն: Գուցե, այս տարվա ընթացքում մենք չկարողանանք օրենսդրությունն ամբողջապես վերանայել և փոփոխություններ կատարել, բայց վստահ եմ, որ մինչև հաջորդ տարվա կեսերը մենք դա կիրականացնենք»,- եզրափակեց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]