Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նախագահը հյուրընկալեց օլիմպիադաների մեդալակիր աշակերտներին

Նախագահը հյուրընկալեց օլիմպիադաների մեդալակիր աշակերտներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 31-ին հյուրընկալեց հանրակրթական դպրոցների` միջազգային մրցույթներում հաղթած եւ օլիմպիադաներում մեդալների արժանացած աշակերտներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Նախագահի նստավայրում, մասնավորապես, հյուրընկալվել էին հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա մեդալակիր շրջանավարտները, դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների մեդալակիրները, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթող և մարզերում ու տարիքային խմբերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտներն, ինչպես նաեւ «Մեղու» մրցույթի մրցանակակիրները:

Շնորհավորելով պարգեւատրված աշակերտներին` Նախագահը նրանց մաղթեց նորանոր հաջողություններ:

«Արդեն տեւական ժամանակ է, որ ամեն տարի այս դահլիճ են հրավիրվում նրանք, ովքեր ուրիշներից տարբերվում են իրենց գիտելիքներով, սովորում են գերազանց եւ դպրոցն ավարտում ոսկե մեդալով, մասնակցում են համաշխարհային առարկայական օլիմպիադաներին, դառնում մրցանակակիրներ եւ իհարկե «Կենգուրու» եւ «Մեղու» մրցույթների հաղթողներ: Սա շատերի համար առաջին ձեռքբերումն է, բայց վստահ եղեք, որ ձեր շնորհիվ, ձեր եւ այն երիտասարդների ակտիվ մասնակցությամբ, ովքեր այս տարիների ընթացքում հրավիրվել են այս դահլիճ` խրախուսանքի եւ մեծարման խոսքեր լսելու, կառուցելու ենք ապագա Հայաստանի պատմությունը: Ես վստահ եմ, որ դա անելու եք` օգտագործելով ավագ սերնդի փորձը եւ մեր նախնիների` գիտելիքի եւ կրթության նկատմամբ հավերժական ձգտումը: Դուք նաեւ շատ ավելի լայն հնարավորություններ եք ունենալու՝ բացելու դռները աշխարհի առաջ, ներս բերելու նորարարական գաղափարները: Դարերի ընթացքում Հայաստանը օտարների կողմից գնահատվել է առաջին հերթին իր մշակութային եւ կրթական զինվորների համար, իր մշակութային ժառանգության շնորհիվ, եւ ես վստահ եմ, որ պատվով եք շարունակելու մեր ժողովրդի համար ամենակենսական այս ուղին»,- իր ելույթում ասաց Սերժ Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում աշակերտները նախագահին հարցեր ուղղելու հնարավորություն ստացան: Հարցերը հիմնականում առնչվում էին բուհերի վարձավճարներին, ինչպես նաեւ մեդալակիր աշակերտներին արտերկրում սովորելու համար տարկետման հնարավորություն տրամադրելուն:

Հանդիպման ավարտին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը մեդալներ շնորհեց դպրոցների աշակերտներին եւ շրջանավարտներին:

2016 թվականին «Կենգուրու» մրցույթի մրցանակակիրները 19-ն են, «Մեղու» մրցույթում` 14-ը, հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտները 81-ն են, իսկ միջազգային առարկայական օլիմպիադաներում Հայաստանն արժանացել է 15 մեդալի, այդ թվում` ոսկե` առաջ անցնելով հարեւան երկրներից:

Ֆիզիկա առարկայի միջազգային մրցույթում ոսկե մեդալակիրը Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի շրջանավարտ Էդգար Վարդանյանն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]