Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում կլիմայի փոփոխության թեմայով համաժողով է կազմակերպվել

Հայաստանում կլիմայի փոփոխության թեմայով համաժողով է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կլիմա Արևելք. աջակցություն կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանը Ռուսաստանում և Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի արևելյան երկրներում» ծրագրի աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունը  օգոստոսի 31-ին կազմակերպել էր աշխատաժողով, որի ժամանակ քննարկվել են կլիմայի փոփոխության (ԿՓ) նկատմամբ հարմարվողականությանը և Հայաստանում հարմարվողականության ազգային քաղաքականության մշակմանը վերաբերող հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Աշխատաժողովի նպատակն է շարունակել բացահայտել Հայաստանում հարմարվողականության մարտահրավերները, Հարմարվողականության ազգային պլանի (ՀԱՊ-ի) մշակման նախադրյալները և քննարկել բովանդակային այլ հարցեր:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը նշել է, որ կլիմայի փոփոխության խնդիրը մոլորակի գլոբալ մարտահրավերներից է և  նախորդ տարի Փարիզում ընդունված համաձայնագիրը դրական տեղաշարժ կարձանագրի դրան դիմակայելու գործընթացում: Ըստ բանախոսի, ներկայում ընթանում է փարիզյան համաձայնագրի վավերացման գործընթացը, որի շրջանակներում  ՀՀ բնապահպանության նախարարությունն արդեն սահմանված կարգով անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը  ներկայացրել է ՀՀ ԱԳՆ:

 «ՀՀ բնապահպանության նախարարությունը փարիզյան հանդիպումից առաջ, 2015 թվականի սեպտեմբերին, կառավարության հաստատմանն է ներկայացրել Ազգային մակարդակով գործողությունների/ ներդրումների ծրագիրը, որում հստակ ամրագրված են այն պարտավորությունները, որոնք վերցնում է Հայաստանը կլիմայի փոփոխությունների հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ: Փաստաթղթում հստակ ներկայացված է մասնավորապես երկու պայման, որոնց ապահովման դեպքում Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ապահովել ջերմոցային գազերի արտանետումների աճի  սահմանափակում: Առաջին` այդ սահմանափակումները չպետք է խոչընդոտեն Հայաստանի սոցիալ տնտեսական զարգացմանը, ավելին օգտագործվելով  ժամանակակից, ռեսուրսախնայող, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներ, խթանել Հանրապետության սոցիալ տնտեսական զարգացումը և երկրորդ` Հայաստանն ակնկալում է լայն համագործակցություն, ֆինանսական, տեխնոլոգիական և տեխնիկական աջակցություն զարգացած երկրներից և դոնոր կազմակերպություններից: Ազգային մակարդակով գործողությունների/ներդրումների ծրագրում կա նաև մեծ բլոկ, որը նվիրված է հարմարվողականությանը, թվարկված են խոցելի ոլորտները, նաև այն խնդիրները, որոնք քննարկվելու են այս աշխատաժողովում»,-իր խոսքում նշել է Ս. Պապյանը և արդյունավետ աշխատանք մաղթել մասնակիցներին` ակնկալելով, որ դրանց արդյունքում կլինեն օգտակար առաջարկներ առաջիկայում Հայաստանի կողմից մշակվելիք կլիմայի փոփոխության հարմարվողականության գործողությունների ծրագրի համար:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության կցորդ, բնապահպանական և կլիմայի փոփոխության հարցերով միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերն  իր ելույթում արձանագրելով, որ կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանը ուղղված միջոցառումներն ունեն պարբերական և անընդհատ բնույթ, կարևորել է երկրների կողմից ազգային մակարդակով տարվող աշխատանքները, որոնց իր աջակցությունն է ցուցաբերում Եվրոպական Միությունը:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը ներկայացրել է փարիզյան համաձայնագրի իրականացման Հայաստանի տեսլականը և Հայաստանի ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը (INDC): 

Աշխատաժողովին մասնակից պետական, հասարակական, մասնավոր և գիտական կազմակերպությունների մասնագետներին ներկայացվել է Հարմարվողականության ազգային պլանի գործընթացի վերաբերյալ առաջարկությունները, վերջինիս ճանապարհային քարտեզը, առաջարկվող կառուցվածքը և Հայաստանի հարմարվողականության ազգային ծրագրի հավանական հիմնական տարրերը: Խորհրդաժողովին ներկայացվել են նաև Հայաստանում իրականացված կլիմայի փոփոխությանն առնչվող աշխատանքների արդյունքները և ծավալել են շահագրգիռ քննարկումներ` շահառուներից առաջարկություններ ստանալու նպատակով, ինչը կնպաստի Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային քաղաքականության հիմնական փաստաթղթի՝ Հարմարվողականության ազգային ծրագրի մշակման գործընթացին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]