Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քաղաքագետի համոզմամբ` սահմանային իրավիճակի լարվածության նվազեցումը որոշակի ժամանակ կշարունակվի

Քաղաքագետի համոզմամբ` սահմանային իրավիճակի լարվածության նվազեցումը որոշակի 
ժամանակ կշարունակվի

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` սահմանային իրավիճակի ապասրացումը կշարունակվի որոշակի ժամանակ:

«Հունիսին այդ ակտիվությունը մեծ էր, հուլիսին այն նվազեց, և մենք հիմա տեսնում ենք, որ համանախագահները, հատկապես՝ Ռուսաստանը, աշխատում են դեէսկալացիայի ուղղությամբ, որպեսզի կրակոցները նվազեն: Այսօր ընդհանուր մթնոլորտը ավելի դրական է, քան  ապրիլից առաջ էր: Կարծում եմ, որ սրացումներ, այնուամենայնիվ, կլինեն: Շատ բան կախված է նավթի գներից, Ադրբեջանում տիրող վիճակից: Դեռ հաջողվում է պահպանել ապասրացման վիճակը, սակայն չգիտեմ` որքան ժամանակով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով` Հայաստանի ներքին քաղաքական վերջին զարգացումներին` կապված «Սասնա ծռերի» հետ, քաղաքագետը  նշեց, որ նրանց քայլը կանխատեսելի էր:

Իսկ առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նա ասաց, որ իշխանությունների համար, թերեւս, դժվար է լինելու հաղթահարել այդ ընտրությունները:

«Ենթադրենք՝ նրանք մինչև ընտրություններ հասնեն, ի՞նչ փողեր պետք է ծախսեն, ի՞նչ միջոցներ ձեռնարկեն, որ այս ընտրություններում հաղթեն: Լավ, ենթադրենք՝ դա նույնպես տեղի ունեցավ. կհավաքեն 54% ու կհաղթեն, ի՞նչ է լինելու հետո: Ենթադրենք՝ դա էլ եղավ հնարավոր է պատկերացնել, որ նման ձևով իշխանությունը 5 տարի կկարողանա ղեկավարել: Ինձ համար շատ դժվար է նման բան պատկերացնել»,- ասաց  Ալեքսանդր Իսկանդարյանը` միաժամանակ նշելով, որ ընդդիմություն եւս չի տեսնում:

«Մարդիկ, որոնք քվեարկում են ընդդիմության համար, ոչ թե նրա օգտին են քվեարկում, այլ՝ իշխանության դեմ։ Իսկ երբ մարդկանց մեծ մասը դեմ է քվեարկում, դա թերեւս կարող է հանգեցնել տարօրինակ քաղաքական զարգացումների: Ժողովուրդը չի վստահում ընդդիմադիրներին հենց իրենց մեղքով: Ինչպե՞ս կարող է  վստահել մարդկանց, որոնք հարյուր անգամ խոստացել են մեկ շաբաթ հետո անել իշխանափոխություն»,-եզրափակեց քաղաքագետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am