Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ջերմամեկուսացվել է Կալավանի միջնակարգ դպրոցի շենքը

Ջերմամեկուսացվել է Կալավանի միջնակարգ դպրոցի շենքը

ԳԱՎԱՌ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ամերիկյան համալսարանում  մեկնարկած «Կայուն Էներգետիկայի ակադեմիա- 2016» ծրագրի շրջանակում ջերմամեկուսացվել է Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղի միջնակարգ դպրոցի շենքը, որի աշխատանքներին մասնակցել են ճարտարապետներ, քաղաքաշինության մասնագետներ, էներգետիկներ, ինչպես նաեւ հետազոտողներ եւ ուսուցիչներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀԱՀ «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» տնօրեն Ալեն Ամիրխանյանը, շուրջ քառասուն մասնակից ներկա գտնվեցին ակադեմիայի առաջին շաբաթին՝ անդրադառնալով կայուն էներգետիկայի տեսական եւ վերլուծական խնդիրներին։ «Մեզ համար հաճելի անակնկալ էր, որ այս տարվա ակադեմիան այդքան մեծ հետաքրքրություն առաջացրեց: Մենք ստացանք հիսուն դիմում Հայաստանի տարբեր շրջաններից, իսկ մի քանիսն անգամ արտերկրից էին: Մասնակիցների թվում էին նաեւ երկու հանրային ծառայող՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ: Նրանցից մենք շատ բան սովորեցինք, ծանոթացանք մարզերում շենքերի էներգաարդյունավետության մասին օրենսդրության կիրարկման բարդություններին: Ակադեմիայի երկրորդ շաբաթը նվիրվեց առաջին շաբաթվա ընթացքում ձեռք բերված տեսական գիտելիքների գործնական կիրառմանը: Ակադեմիայի մասնակիցներից տասնչորսը մեկնեցին Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղ՝ տեղի դպրոցի ջերմամեկուսացման նպատակով: Աշխատելով փորձագիտական հսկողության ներքո՝ մասնակիցներն իրականացրին դպրոցի պատերի ջերմամեկուսացում ԷՊՍ (էքստրուդացված փրփրապոլիստիրոլային) պանելների միջոցով, ինչպես նաեւ տանիքի ջերմամեկուսացում հանքային բամբակի միջոցով՝ զգալիորեն նվազեցնելով ջերմության կորուստները ձմռան ցուրտ ամիսներին։ Ի հավելումն՝ եկող ամսվա ընթացքում կբարեկարգվեն դասարաններում տեղադրված վառարանների ծխնելույզները՝ ջերմային կորուստներն ու շենքի ներսում վտանգավոր արգասիքները նվազեցնելու նպատակով», - հավաստիացրեց Ալեն Ամիրխանյանը։

Ըստ տնօրենի՝ Կալավանի ընտրությունը պայմանավորված էր երկու հանգամանքով. գյուղի բնակիչների՝ շրջակա միջավայրի պահպանության խնդիրների մտահոգվածությամբ եւ գյուղի անտառամերձ լինելու փաստով։ Այս մեկնարկային ակադեմիայի նպատակն էր բարձրացնել հանրային իրազեկվածությունը շենքերի ջերմամեկուսացման եւ էներգաարդյունավետության վերաբերյալ։ Սերտ փոխհամաձայնեցման արդյունքում Գեղարքունիքի մարզպետարանից ձեռք է բերվել գյուղի դպրոցի էներգաարդյունավետության բարելավման նախագծի իրականացման թույլտվություն։ Դպրոցի շենքի ջերմամեկուսացման օրինակը կարող է քաջալերել Կալավանի եւ շրջակա գյուղերի բնակիչներին՝  նմանատիպ նախագծեր իրականացնելու համար։

«Իսկ ակադեմիայի հեռահար նպատակն է ստեղծել մասնագիտական մի համայնք, որում ներգրավված երիտասարդ մասնագետները եւ ուսանողները պատրաստ կլինեն առաջ տանել  եւ իրականացնել կայուն էներգետիկայի լուծումներ՝ առանձին շենքերի, համայնքների եւ ազգային մակարդակներով»,-ամփոփեց Ալեն Ամիրխանյանը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]