Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղարքունիքում ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունը կայացավ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի մասնակցությամբ

Գեղարքունիքում ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունը կայացավ ՀՀ 
Կրթության եւ գիտության նախարարի մասնակցությամբ

ԳԱՎԱՌ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված ուսուցիչների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը կայացավ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի մասնակցությամբ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ խորհրդակցությունը վարեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Բացելով խորհրդակցությունը՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նոր ուսումնական տարվա սկսվելու կապակցությամբ շնորհավորեց  մարզի կրթական հաստատությունների տնօրեններին եւ ոլորտի պատասխանատուներին:

Գեղարքունիքի մարզի կրթական ոլորտում 2015-16 ուստարվա ընթացքում կատարված աշխատանքների, արձանագրված ձեռքբերումների, կուտակված խնդիրների եւ առաջիկա անելիքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը:

Նա նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանում մարզում գործել է մարզային ենթակայության 89 միջնակարգ, 26 հիմնական, 2 տարրական, 1 հատուկ դպրոց, իսկ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ենթակայությամբ՝ 1 կրթահամալիր,  6 ավագ դպրոց եւ  1 հիմնադրամ՝ Ծաղկունքի բաց դպրոցը: Մարզային ենթակայության  դպրոցներում փաստացի կոմպլեկտավորվել է 1461 դասարան՝  27212  աշակերտով, Գավառի N 1 հատուկ դպրոցում՝  7.5 դասարան՝  38 աշակերտով, Սեւանի N3  հիմնական դպրոցում՝  ռուսերեն ուսուցմամբ 4 դասարան՝ 35 աշակերտով,   ՀՀ  ԿԳՆ ենթակայության 1 կրթահամալիրում, 6 ավագ դպրոցում եւ Ծաղկունքի բաց դպրոցում  սովորել  է  1882 աշակերտ: 2015-2016  ուսումնական  տարվա  2-րդ կիսամյակի  ավարտին  մարզում գործում է 125 հանրակրթական դպրոց՝    28778 աշակերտով ,այդ թվում` մարզային  ենթակայության 117  դպրոց` 26907 աշակերտով եւ  ՀՀ  ԿԳՆ  ենթակայությամբ գործող դպրոցների 1871 աշակերտով: 

Առանձնակի ուշադրություն է դարձվել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին դպրոց ընդգրկելուն, որի արդյունքում շուրջ 180 երեխա ապահովվել է հագուստով եւ գրենական պիտույքներով: Դպրոցներից ստացված տվյալների վերլուծությունից պարզվում է, որ  մարզի դպրոցների աշակերտների միջին առաջադիմությունը կազմում է  99.8  որակը՝ 50.7 տոկոս»,-ներկայացրեց ԿՄՍ վարչության պետը:

Զեկուցողն առաջ քաշեց նաեւ մարզի կրթական համակարգում առկա խնդիրները, որոնց մեջ առավել կարեւորվում են հետեւյալ անելիքները:

« Թեեւ մշտապես եղել է հետեւողականություն աշխատանքների կազմակերպման եւ առաջընթացի գրանցման ուղղությամբ,այնուամենայնիվ, կան որոշակի խնդիրներ, որոնց լուծումը կնպաստի կրթության որակի եւ արդյունավետության բարձրացմանը:

Հիմնախնդիրների մեջ մեր կողմից առավել կարեւորվում են՝  դպրոցները լաբորատոր սարքավորումներով ու նյութերով ապահովումը, ջեռուցման լոկալ համակարգի ապահովումը, համակարգչային ժամանակակից տեխնիկայով եւ սարքավորումներով, աշակերտական սեղան-նստարաններով եւ ուսուցչական-աթոռներով, սպորտային գույքով համալրումը, հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերում ուսուցչի թափուր տեղերը զբաղեցնելու համար մասնագետների պահանջի բավարարումը, վթարային վիճակում գտնվող  Գեղհովիտի N2, Վ.Գետաշենի N2 միջնակարգ  եւ  Լիճքի հիմնական  դպրոցական շենքերի հիմնանորոգումը եւ առհասարակ դպրոցական շենքերի վերանորոգումը, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման,խորհուրդների անդամների համար վերապատրաստման դասընթացների անհրաժեշտությունը»-ներկայացրեց Գարիկ Բադալյանը:

Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ՀՀ ԿԳ նախարարի եւ Գեղարքունիքի մարզպետի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ վերջին տարիների ընթացքում բուհեր դիմած շրջանավարտների մոտ խիստ նվազել է հետաքրքրությունը բնագիտական առարկաների նկատմամբ, ինչը չափազանց մտահոգող խնդիր է:«Վերջին տարիներին մեզ մոտ նկատվում է բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության նվազում, ինչը պետք է հնարավորինս արագ շտկել մեր համատեղ ջանքերով:

Համաշխարհային բանկի վարկային ծրագրով Գավառի պետական համալսարանը ձեռք է բերել բնական գիտությունների ուսուցման գերժամանակակից լաբորատորիա, որտեղ կարող են, մեզ հետ համագործակցությամբ, դասեր անցկացնել նաեւ մեր մարզի հանրակրթական դպրոցների աշակերտները, ոչ միայն ստանալ կայուն գիտելիքներ, այլ նաեւ ապագա մասնագիտություն ընտրելիս կողմնորոշվել դեպի բնական գիտությունները»-նշեց Գավառի պետական համալսարանի ռեկտորը:

Վերջինս պետական պաշտոնյաներին կոչ արեց՝ պետական աջակցության ծրագրերով նպաստել մարզերում բուհական կրթության հետագա զարգացմանն ու ծավալմանը, մայրաքաղաքից այն դեպի մարզեր տեղափոխելու հաշվին երեւանակենտրոն բուհական գերծանրաբեռնված համակարգը բեռնաթափելուն:«Անհրաժեշտ աջակցության դեպքում մենք այստեղ կարող ենք աշխատանքով ապահովել բազմաթիվ շնորհալի երիտասարդ  մասնագետների, ընդարձակել միջազգային համագործակցությունը, մարզի ամենատարբեր ոլորտների համար ապահովել բարձրորակ մասնագետներ»-շեշտեց Ռուզաննա Հակոբյանը:Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի արդի խնդիրների եւ առաջիկայում նախապատրաստվող փոփոխությունների մասին խոսեց ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

«Մենք մեր կրթական համակարգի զարգացումը պետք է դիտարկենք կրթական բոլոր օղակների որակական ապահովման մեջ՝ նախակրթարաններից սկսած եւ բուհական ու հետբուհական կրթական կառույցներով վերջացրած:Պետք է հստակորեն սահմանվեն մերօրյա կրթության նպատակները, դերն ու խնդիրները: Մեր կրթական համակարգը, անշուշտ, պետք է ծառայի մեր երկրի խնդիրների լուծմանը:Մենք պետք է ունենանք Ազգային կրթակարգ, որը պետք է խարսխված լինի մեր ազգային-քաղաքակրթական արժեքների վրա, որոնցով մեր սիրտը բաբախում է հազարամյակներ շարունակ, եւ, իհարկե, համաշխարհային մտքի նվաճումների վրա:Ի՞նչ պետք է տա մեր կրթությունը մեր երկրին. նրա շնորհիվ մենք պետք է կարողանանք նախ եւ առաջ պաշտպանել մեր երկիրը սեփական ուժերով, դրա համար պետք է կարողանանք ունենալ մեր մեծագույն գիտնականին, պետք է կարողանանք մեր ուժերով աշխատեցնել մեր ատոմակայանը, ստեղծել առաջատար ու մրցունակ գիտություն, պահպանենք, զարգացնենք ու առաջ տանենք հայագիտությունը, հայ մշակույթը, մեր ազգային ու հոգեւոր արժեքները: Մենք քայլեր ենք կատարում նաեւ դպրոցական հաստատությունների տնօրենների եւ մանկավարժների հեղինակության բարձրացման ուղղությամբ, դպրոցական ու բուհական կրթական կարգերում առաջարկելու ենք նոր փոփոխություններ, եւ, որպես կրթական գործի գիտակներ ու փորձառուներ, ձեզանից ակնկալում ենք խելամիտ առաջարկություններ»-լսարանին դիմեց նախարարը:

Լեւոն Մկրտչյանը համակարգում սպասվող փոփոխությունների մեջ կարեւորեց 4-9-րդ դասարաններում  առարկայական բանավոր ավարտական քննությունների վերականգնումը:«Դա նպաստում է երեխայի մոտ ինքնուրույն մտածողության ձեւավորմանը, ազատորեն արտահայտվելու կարողությանը:Ազգային դաստիարակության խնդիրը կկարեւորվի կրթության եւ գիտության ձեռքբերումներին հավասար»-հավաստեց նախարար Լեւոն Մկրտչյանը: 

Ամփոփելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հորդորեց մարզի հանրակրթական հաստատությունների տնօրեններին՝ նոր ուսումնական տարին սկսել ամենայն պատասխանատվությամբ, եռանդով, ինքնուրույն ձեռնարկներով:

«Մարզի հանրակրթության առջեւ դրված հիմնական խնդիրները 2015-16 ուսումնական տարում ես համարում եմ լուծված, ինչը տեղի է ունեցել մեր մանկավարժների, կրթության համակարգի պատասխանատուների ջանքերի շնորհիվ: Առաջիկայում մեր կողմից կխրախուսվեն այն դպրոցների տնօրենները, որոնց սաները մրցանակային տեղեր են ապահովել առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում: Մենք հերթական ուսումնական տարում 15 դպրոցներում տնտեսված միջոցների հաշվին կիրականացնենք հիմնանորոգման, սանհանգույցների կառուցման եւ ջրամատակարարման ապահովման աշխատանքներ: Առաջիկայում, բացի հիմնանորոգման ընթացքի մեջ գտնվող դպրոցները, մարզում ներդրվելու են դպրոցաշինական նոր ծրագրեր, որոնց շնորհիվ մենք կունենանք արդի չափորոշիչներին համապատասխան կրթական հաստատություններ բոլոր համայնքներում»-նշեց  Ռաֆիկ Գրիգորյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]