Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լեհաստանի Լանցկորոնա քաղաքում կայացել են «Հայկական օրեր» մշակութային միջոցառումներ

Լեհաստանի Լանցկորոնա քաղաքում կայացել են «Հայկական օրեր» մշակութային 
միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Լանցկորոնա քաղաքում օգոստոսի 27-28-ն անցկացվել են «Հայկական օրեր» խորագրով միջոցառումներ, որոնք կազմակերպվել էին «Հայ-լեհական համագործակցություն» և «Լանցկորոնայի բարեկամների ընկերակցություն» հասարակական կազմակերպությունների կողմից՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության և Լանցկորոնայի տեղական իշխանությունների հովանու ներքո։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Միջոցառումների բացման պաշտոնական արարողության ժամանակ ելույթով հանդես եկան Լանցկորոնայի շրջանի ղեկավար Թադեուշ Լոպատը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, «Հայ-լեհական համագործակցություն» ՀԿ նախագահ Մարինա Խանամիրյանը, «Լանցկորոնայի բարեկամների ընկերակցություն» ՀԿ նախագահ Աննա Լեշչինսկան։

Իր ելույթում դեսպան Ղազարյանը նշել է, որ «Հայկական օրեր» միջոցառումները բացառիկ հնարավորություն են ընձեռում լեհ հասարակությանը ներկայացնելու Հայաստանն ու Արցախը, մեր ժողովրդի հազարամյա պատմությունը, մշակույթն ու խոհանոցը։

Կրակովի հայկական դպրոցի սաները միջոցառման մասնակիցներին ներկայացրեցին հայ երգարվեստը, որն ամփոփվեց Կալիշում բնակվող ջութակահար Քրիստինե Հարությունյանի՝ Կոմիտասի, Էդուարդ Բաղդասարյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումներով: Հայ դասական գրականությանը նվիրված հատվածում ընթերցվեցին Գրիգոր Նարեկացու լեհերեն թարգմանություններից մի շարք ստեղծագործություններ:

Միջոցառումների շրջանակներում կազմակերպվել էր Բիեժուն քաղաքի՝ Հայաստանին նվիրված մանկական գեղանկարչական մրցույթում հաղթող ճանաչված լեհ երեխաների աշխատանքների ցուցադրությունը։

Հաջորդ օրը Լանցկորոնա քաղաքի կենտրոնական հրապարակում Կրակովի նորաբաց հայկական ռեստորանի խոհարար, Հայաստանի խոհարարների ասոցիացիայի անդամ Դավիթ Սահակյանի կողմից իրականացվեց հայկական խոհանոցի ուտեստների շնորհանդես: Հայկական էստրադային երգերի կատարումներով հանդես եկավ հայ երաժիշտների մասնակցությամբ Վարշավայում գործող «Հաբիարջան» համույթը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am