1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ոտնակոխ անելով քաղցկեղը. Անի Հայկունու օրինակը

Ոտնակոխ անելով քաղցկեղը. Անի Հայկունու օրինակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղցկեղի ախտորոշում ստանալու առաջին իսկ րոպեից հիվանդն ու նրա ընտանիքը բախվում են բազմաթիվ խնդիրների` ֆինանսական, հոգեբանական և սոցիալական: Սրանք 31-ամյա անտառագետ Անի Հայկունու խոսքերն են: Մի մարդու, ով մեկ տարի առաջ պատրաստվում էր իր հաջող կարիերան ստեղծելու նպատակով մեկնել Անգլիա` Օքսֆորդի բիզնես դպրոց, ուսանելու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Անի Հայկունին իր պատմությունը ներկայացրեց լրագրողներին՝ քաղցկեղի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ: Անիի այդ երազանքն այն ժամանակ չիրականացավ քաղցկեղի պատճառով: Մեկնելուց մոտ կես ամիս առաջ նա գանգատներ է ունենում ձեռքի շրջանում և, հետևողական գտնվելով սեփական առողջության նկատմամբ, դիմում է բժշկի: Ստուգումների արդյունքում նրա մոտ հայտնաբերվում է քաղցկեղ` ագրեսիվ տեսակը, որը նախկինում համարվում էր անբուժելի: «Շատ արագ պետք էր սկսել բուժումը: Հետաձգեցի իմ բոլոր գործերը, իմ կարիերան մի կող դրեցի, և սկսվեց բուժման գործընթացը: Նախնական պետք էր անցնել քիմիոթերապիայի կուրսեր, այնուհետև նախատեսվում էր վիրահատություն, որից հետո կրկին քիմիոթերապիա: Ամեն ինչ հաջող ստացվեց»,- այսպես հակիրճ իր բուժման գործընթացը ներկայացնում է Անի Հայկունին: 

«Դուք հաղթահարեցի՞ք քաղցկեղը» հարցին Անիի պատասխանը հետևյալն էր. «Ես չեմ կարող ասել, որ ամեն ինչ հաղթահարվել է, քանի որ հարկավոր է շարունակել այս ամենին հետևողական մոտենալ և լինել շատ ուշադիր, որպեսզի այն ամբողջությամբ հաղթահարվի: Ես հիմա առողջ մարդու նման, ամեն վեց ամիսը մեկ անցնում եմ ստուգումներ և կան դեղեր, որոնք ես ամեն քսան օրը մեկը պետք ընդունեմ: Ինչպես նաև կան դեղեր, որոնք առաջիկա հինգ տարում ես դեռ պետք է օգտագործեմ»: 

Ամենից տպավորիչն այս պատմության մեջ, բացի  այն, որ Անին այդքան ուժ է գտել իր մեջ՝ պայքարելու քաղցկեղ կոչվող չարիքի դեմ, նաև այն է, որ նա փորձում է քաղցկեղով տառապող մարդկանց ցույց տալ իր օրինակը: «Շատ հիվանդներ թաքցնում են իրենց հիվանդությունը, քանի որ մարդկանց կողմից քաղցկեղը առաջին հերթին ընկալվում է որպես դատավճիռ: Հասարակությունն էլ իր հերթին շատ ժամանակ չի կարողանում ընկալել քաղցկեղով հիվանդ մարդկանց, օրինակ այն մարդկանց, ովքեր չունեն մազեր, թարթիչներ և այլն: Սա ճիշտ չէ: Ես մոտ մեկ տարի փորձում եմ ցույց տալ իմ օրինակը մարդկանց: Ժամանակ է պետք, ժամանակ, որ կարողանանք կոտրել այդ կարծրատիպերը, որպեսզի մարդիկ խոսեն իրենց հիվանդությունների մասին»,-իր մտքերով կիսվում է Անի Հայկունին:

Անիի կարծիքով` քաղցկեղի հաղթահարման գործընթացի 50 տոկոսից ավելին կախված է նրանից, թե մարդն ինչպես է ընկալում, վերաբերում իր հիվանդությանը: Արդյո՞ք հիվանդը հոգեպես պատրաստ է հաղթահարելու այն, թե ոչ.  «Կարելի է շատ լավ բուժում ստանալ, բայց եթե հիվանդը ընկճված է, չի ուզում պայքարել, դրանով իսկ ստեղծում է լրացուցիչ դժվարություններ»: Ահա սա է չարիքի դեմ պայքարելու Անիի տարբերակը:

Թերևս, սրանք միայն հոգեբանական խնդիրներն էին, անհնար է չանդրադառնալ նաև ֆինանսական դժվարություններին: Քաղցկեղը համարվում է ամենաթանկ բուժվող հիվանդություններից մեկը, իսկ ֆինանսական խնդիրներն անխուսափելի են: Անիի դեպքում այս խնդիրը նույնպես լրջագույններից էր: Խոսքը գնում էր տասնյակ հազարավոր դոլարների մասին: Սակայն Անին ունի նվիրված ընկերներ, ովքեր օգնեցին նրան: Ընկերները դրամահավաք իրականացրին, որպեսզի նա կարողանար շարունակել բուժումը:

Այժմ Անին կրկին մտածում է  ուսումը շարունակելու մասին:  «Մտադրությունս դեռ ուժի մեջ և ես պատրաստվում եմ այն իրագործել»,-հայտարարեց ժպտերես, անկոտրում մի աղջիկ: 

Վահե Հակոբյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]