Բնապահպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «Ժողովուրդ» թերթի հրապարակման վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի «Բնապահպանական փողեր» վերնագրով հրապարակման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարզաբանման մեջ մասնավորապես շեշտվում է.
«Ժողովուրդ» օրաթերթի օգոստոսի 26-ի թիվ 145-րդ թողարկման մեջ հրապարակված «Բնապահպանական փողեր» վերնագրով լուրն ընթերցողին թյուրիմացության մեջ է գցում և այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ամբողջ գումարը` 4 միլիարդ 834 միլիոն 224 հազար դրամը հատկացված է ՀՀ բնապահպանության նախարարությանը, և որ նախարարությունն է իրականացնում աղբահանության և իր լիազորությունների մեջ չմտնող այլ գործառույթներ: ՀՀ բնապահպանության նախարարությունն աղբահանության լիազորություն չունի:
ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ պետական բյուջեից 2016թ. նախարարությանը հատկացվել է 2 միլիարդ 967 միլիոն 800 հազար դրամ: Նախարարության կողմից 2016 թվականի առաջին կիսամյակում ծախսվել է 1 միլիադ 254 միլիոն 519 հազար դրամ` որից 1 միլիարդ 129 միլիոն 725 հազար դրամը վճարվել է որպես աշխատավարձ»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում