Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նորաշենցիները պատգամավորների առաջ բարձրացրել են իրենց համայնքը սահմանամերձ ճանաչելու հարցը

Նորաշենցիները պատգամավորների առաջ բարձրացրել են իրենց համայնքը սահմանամերձ 
ճանաչելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 24-ին մեկնել է Տավուշի մարզի հենակետային դիրքեր, ծանոթացել տեխնիկական վերջին ձեռքբերումներին, հրամանատարական անձնակազմի հետ քննարկել մի շարք կարեւոր հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այնուհետեւ խորհրդարանականներն այցելել են Պառավաքար, Նորաշեն եւ Չորաթան համայնքներ: Պառավաքար համայնքում կայացած հանդիպման ժամանակ գյուղացիները ներկայացրել են մի շարք խնդիրներ, այդ թվում` խմելու ջրի եւ խաղողի բերքահավաքին եւ հանձնմանն առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահը նշել է, որ խաղողի հանձնման խնդիր չկա, քանի որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնյակի գործարանի հետ, եւ գյուղացիները հնարավորություն կունենան հանձնելու խաղողի բերքը:

«Հավատացնում եմ, որ բոլորիս ուշադրության կենտրոնում են ձեր խնդիրները, քանի որ Հայաստանը սկսվում է սահմանից: Եթե ձեր խնդիրները լուծված չլինեն եւ դուք հզոր չլինեք, Երեւանում մենք թույլ կլինենք: Այդ պատճառով էլ ԱԺ նախագահի հանձնարարականով եկել ենք, որ ականջալուր լինենք»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Նորաշեն համայնքում բարձրացված խնդիրների շարքում նոր կոմբայն ունենալու հարցն էր, որը բարձրաձայնել է 78-ամյա կոմբայնավար Երջանիկ Աթոյանը: Գյուղապետ Գոռ Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիներին ավելացվել են հացահատիկի ցանքատարածքները եւ բերքահավաքի ժամանակ լուրջ խնդիր է ծագում: «Այս հարցն անպայման կքննարկենք, եւ եթե պահուստային միջոցներից չկարողանանք գումար գտնել, ուրեմն պատգամավորներով գուցե փորձենք հանգանակություն անել»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

Նորաշենցիները խնդրել են նաեւ ԱԺ-ում հարց բարձրացնել Նորաշեն համայնքը սահմանամերձ ճանաչելու մասին: «Եկել ենք, որ հաղորդակից լինենք սահմանամերձ համայնքների խնդիրներին, որ ԱԺ առաջիկա նիստում փորձենք բարձրացնել դրանք: Ամենակարեւոր հանգամանքն այն է, որ ժողովուրդը խաղողագործությամբ զբաղվելու եւ մթերելու խնդիր չունի: Երկրորդը կրթության խնդիրն է: Ես կարծում եմ, որ մենք պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք սահմանամերձ համայնքների կրթական օջախներին: Հայրենիքն սկսվում է սահմանից: Մեր պետությունը եւ ժողովուրդն ունի երեք հիմնասյուն` առաջինը մեր առաքելական, քրիստոնեական կրոնն է եւ մեր խաչը, երկրորդը` մեսրոպյան գիրն ու գրականությունը, որը մեր կրթությունն ու գիտությունն է եւ երրորդը մեր սուրն է, այսինքն մեր անվտանգությունը: Եթե մենք կարողանանք սահմանային շրջաններում ամրապնդել առաքելական խաչի, հայոց գրչի եւ հայոց սրի միասնությունը, ուրեմն մենք անպարտելի ենք»,- նշել է ԱԺ փոխնախագահը:

Պատգամավորներն այցելել են նաեւ «Տավուշ տեքստիլ» գործարան եւ ծանոթացել նորարար տեխնոլոգիական համակարգով գործող գործարանի եւ նրա՝ շուրջ 150 աշխատողով հագեցած աշխատանքային առօրյային: Նշենք, որ առաջիկայում գործարանի աշխատողների թիվը նախատեսվում է կրկնապատկել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]