Գերմանիան դուրս է բերում իր ռմբակոծիչները Թուրքիայից
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն բանից հետո, երբ Անկարան արգելել է Բունդեսթագի պատգամավորներին այցելել թուրքական Ինջիռլիք ավիաբազա, Գերմանիայի դաշնային հանրապետության զինված ուժերը պատրաստվում են այդտեղից դուրս բերել «Տորնադո» տիպի իրենց 6 կործանիչները:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է գերմանական Der Spiegel հանդեսը:
«Մենք կուզենայինք Թուրքիայից շարունակել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ հակաահաբեկչական առաքելությունը, բայց Ինջիռլիք բազան այլընտրանքներ ունի», -ասել է Բունդեսվերի ներկայացուցիչը, ում խոսքը մեջբերել է Der Spiegel-ը:
Հանդեսի զրուցակցի խոսքով` Բունդեսվերը կործանիչների վերատեղակայման տարբերակը դիտարկում է Հորդանան կամ Կիպրոս: Կործանիչների հետ միասին թուրքական բազայում են գտնվում 250 գերմանացի զինծառայողների խումբը եւ մեկ ինքնաթիռ-լցավորող:
Հրատարակությունը նշում է, որ կործանիչների վերատեղակայման պատճառով ԻՊ-ի դեմ օդային գործողությունները նվազագույնը երկու ամիս հետաձգվելու են:
Անկարան Բունդեսթագի պատգամավորներին թույլ չի տվել այցելել Ինջիռլիք Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատճառով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում