1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նա ընդմիշտ ծառայակից ընկերների հուշերում է. հերոս զինվոր Ադամ Սահակյանի ծննդյան օրն է

Նա ընդմիշտ ծառայակից ընկերների հուշերում է. հերոս զինվոր Ադամ Սահակյանի ծննդյան օրն 
է

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր հերոս զինվոր Ադամ Սահակյանի ծննդյան օրն է: Արդեն 4 ամիս է անցել քառօրյա պատերազմից՝ այն օրերից, երբ Ադամն արյան գնով զինակիցների հետ պաշտպանում էր ԼՂՀ Ջաբրայիլի մարտական դիրքը: Անհետ կորած զինվորների ցուցակում գտնվող սերժանտ Ադամ Սահակյանի վերադարձին ողջ հայությունն էր սպասում մինչեւ վերջին վայրկյանը, երբ հայտնի դարձավ, որ մոտ 5 ժամ անհավասար պայքար մղելով հակառակորդի դեմ՝ հերոսաբար ընկել է իր զինակիցների հետ՝ թշնամուն պատճառելով զգալի կորուստներ եւ կասեցնելով նրանց առաջխաղացումը:

Ադամի ծառայակից ընկերոջ՝ Արտակ Քոչարյանի խոսքով՝ ընկերոջ կորստի ցավը դեռեւս չի մեղմացել, այսօր էլ դժվարությամբ է հավատում, որ Ադամը չկա:

«Մեր գումարտակ տեղափոխվելուց հետո սկսեցինք շփվել, աստիճանաբար մտերմացանք, դարձանք իսկական ընկերներ: Իսկ հետո արդեն սկսեցինք միասին պահել դիրքը: Ինչպես ասում են, դիրքում բոլորն իրար հարազատ են: Եվ իրոք, մենք էլ էինք հարազատներ, մեկս մյուսի համար պատրաստ էինք ամեն ինչ անել: Ադամն ինձնից տարիքով փոքր էր, բայց տարիքով ավելի մեծ մարդու պես էր մտածում: Բնավորությամբ առաջնորդ էր: Որտեղ լինում էր, այդտեղ միշտ տիրում էր ներդաշնակություն ու այնպիսի ջերմ մթնոլորտ, որ չէիր ուզում կողքից գնալ: Մենք 8 ամիս միասին ծառայեցինք, մինչեւ հունվարին զորացրվեցի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ադամի ծառայակից ընկերը: Արտակը նշեց, որ երիտասարդ սերժանտի համար հավասար էին բոլորը. եթե տեսնում էր, որ ինչ-որ մեկը խնդիր ունի, անմիջապես մոտենում էր, առաջարկում իր օգնությունը:

«Մի անգամ դեպք պատահեց. գիշերային հերթապահության ժամանակ դիրքերում էինք, շատ մութ էր, ոչինչ հնարավոր չէր տեսնել: Ուժեղ անձրեւ էր տեղում: Հանկարծակի սկսեցին ականները պայթել: Առաջինը Ադամը հագնվեց, զենքը վերցրեց ու անմիջապես վազեց դեպի խրամատ՝ մտածելով, որ թշնամին է հարձակվել: Նրա հետեւից մենք էլ վազեցինք, հասանք իր մոտ: Մեզ ասում էր՝ դուք հետ գնացեք, թողեք ես կպահեմ: Առհասարակ, Ադամը շատ լավ էր պատրաստված, խելացի եւ հեռատես էր: Քայլ առ քայլ կարողանում էր վերլուծել, թե ինչ է հետագայում լինելու: Չգիտեմ. Ադամն ինձ համար ուրիշ մարդ է եղել, պատրաստ զոհել կյանքը հանուն ընկերների, ինչն այդպես էլ եղավ»,- վերհիշեց Արտակը:

Նրա խոսքով՝ Ադամի հետ կապը պահպանել են նույնիսկ իր զորացրվելուց հետո: «Վերջին անգամ նրա հետ խոսել եմ մարտի 30-ի գիշերը, մի փոքր մտահոգված էր, ասում էր՝ սիրտս վատ բան է կանխագուշակում: Շատ ծանր կորուստ է: Բառերով չեմ էլ կարողանում նկարագրել այն, ինչ տեսել եմ, լսել եմ իրենից: Միշտ նույն բանն էր ասում, իմ զորացրվելու ժամանակ էլ կրկնեց՝ կյանքում ինչի էլ հասնես, երբեք չափդ չմոռանաս»,- ասաց Ադամ Սահակյանի ծառայակից ընկերը:

Հ.Գ. Այսօր հերոս Ադամ Սահակյանը կդառնար 20 տարեկան:

Հավերժ փա՛ռք քեզ, մերօրյա՛ հերոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]