Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

«Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական առաջին հավաքն ավարտել է աշխատանքը


ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանքավանի «Պոլիտեխնիկ» մարզաառողջարարական ճամբարում  օգոստոսի 11-ին եզրափակվեց հնգօրյա «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական առաջին հավաքը: Պաշտոնական եզրափակման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ, Ուսանողական խորհրդի նախագահ, հավաքի տնօրեն Գոռ Վարդանյանը, պրոռեկտորներ, պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ։

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՊՀ հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից, երիտասարդներին ուղղված իր խոսքում Սեյրան Օհանյանը կարևորել է պաշտպանական գերատեսչության համագործակցությունը երիտասարդական կազմակերպությունների հետ և շեշտել, որ նմանատիպ հավաքներն առաջին հերթին ձևավորում ու ամրապնդում են այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են ցանկացած երիտասարդի: «Յուրաքանչյուր պետության բաղկացուցիչ մասերն են հանդիսանում երկրի տնտեսությունը, բանակը և նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունը, որն ամբողջ հասարակության գաղափարական և հայրենասիրական դաստիարակության մասն է, առանց որի անհնարին կլինի իրականացնել երկրի պաշտպանությունը: Այս հավաքի ժամանակ դուք բաժանվել եք մի քանի ճակատների և անկասկած, առաջին հերթին ձեզանից յուրաքանչյուրը պետք է փորձի նմանվել Գարեգին Նժդեհին, Վազգեն Սարգսյանին, Մոնթե Մելքոնյանին, մարդիկ, ովքեր մեծ ճանապարհ են անցել և երիտասարդներին ուղղված նրանց խոսքերում կա մեկ միտք՝ ապագան երիտասարդների ձեռքերում է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ տեսնենք ձեզ ավելի պատրաստված, փորձառու, գրագետ: Ես միշտ հաստատակամությամբ ասել եմ, որ այսօրվա սերունդը մեզանից լավ պատրաստված է լինելու, ավելի լավ է ապահովելու հայրենիքի անվտանգությունը և տանելու այն զարգացման»,-ասել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ իր խոսքերի իրավացիությունը ապացուցեցին առաջնագծում կանգնած զինծառայողները:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև հավաքի երիտասարդների հարցերին ու մասնակցել գավաթների և պատվոգրերի հանձնման արարողությանը:

«Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական մեկշաբաթյա հավաքին հաղթող ճանաչվեց #ՄՈՆԹԵՆԵՐ_ՃԱԿԱՏԸ։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրեցին համապատասխանաբար #ՎԱԶԳԵՆՆԵՐ և #ՆԺԴԵՀՆԵՐ ճակատները։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊՀ ռեկոտր Ոստանիկ Մարուխյանը հաղթող ճակատի ղեկավար Կարապետ Կոգարովին հանձնեցին հաղթական գավաթը և պատվոգիրը, այսպիսով` եզրափակելով մեկշաբաթյա հավաքը։

Տեղեկացնենք, որր «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական մեկշաբաթյա հավաքին մասնակցեցին ՀՀ և ԼՂՀ բուհերի շուրջ 210 ուսանողներ։ Հայաստանի Հանրապետության 25-րդ տարեդարձին նվիրված Հավաքը իրականություն դարձավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Պոլիտեխնիկի ռեկտորի տեղակալ, Ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանի ջանքերով:

«Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքը հզոր գաղափարախոսական միջոցառում էր «հզոր ենք, երբ միասին ենք» կարգախոսով, միասին դեպի բարձունքը ձգտող երկու երիտասարդների նմանվող տարբերանշանով, որտեղ երիտասարդներից մեկը` ՀՀ դրոշի կապույտով պատկերվածը, նմանեցված էր «Պ» տառին` խորհրդանշելով Պոլիտեխնիկցուն, իսկ մյուս երիտասարդը, անշուշտ, մնացյալ համալսարանների, երիտասարդական կառույցի ներկայացուցիչ ուսանողներն ու երիտասարդներն էին։

Մեկշաբաթյա հավաքի ընթացքում մասնակիցները մրցեցին 15 մարզաձևերում, հանդիպումներ, քննարկումներ ունեցան ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի և ՀՀ ու ԼՂՀ համալսարանների Ուսխորհուրդների նախագահների հետ»։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ